Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Սահմանադրություն փոխելու համար հարկավոր է սահմանադրական ճգնաժամ

«Հրապարակ»․ Սահմանադրություն փոխելու համար հարկավոր է սահմանադրական ճգնաժամ

Sat, 21 Nov 2026 12:45:22 +0400


Երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր սահմանադրության նախագիծը: Այս մասին խորհրդարանում պետական բյուջեի վերաբերյալ եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ուղերձով կդիմի ժողովրդին: «Այժմ առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ վեց ձայնը, որ գնանք նոր սահմանադրության ընդունման հանրաքվեի»,- ասաց վարչապետը՝ դարձյալ վստահեցնելով, որ եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր սահմանադրությանը, մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական կտա:

Իսկ եթե ժողովուրդը կողմ կքվեարկի, հաջորդ ընտրու­թյուններում՝ լինի դա արտահերթ, թե հերթական, չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու: «Ոնց որ թե ընդդիմությունը չի ընդունում, բայց այս առաջարկը բաց եմ պահում»,- ասաց վարչապետը: Ընդդիմադիրներն արդեն մերժել են այս առաջարկը՝ պնդելով, որ չեն հավատում վարչապետին, եւ որ Սահմանադրությունը սակարկության ենթակա չէ` ալիեւյան սահմանադրությունը ոչ մի պարագայում չի ընդունվելու: Բայց առանց ընդդիմադիրների 6 ձայնի Փաշինյանի «Քաղպայմանագիրը» չի կարող խորհրդարանում հաստատել սահմանադրության նախագիծը, քանի որ խորհրդարանական ընտրություններում չի ստացել դրա համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն: Փաշինյանն ամբիոնից նաեւ իրեն չվստահելու մասին ընդդիմության հայտարարություններին է անդրադարձել: «Ասում են` չեն վստահում, ասում են՝ Սերժ Սարգսյանն ասեց` չարեց… բա դրա համար հեղափոխություն տեղի ունեցավ: Եթե ես պիտի ասեմ ու չանեմ, բա դրանից ավելի լավ նվե՞ր ձեզ: Բա հեղափոխական վիճակը բերում եմ՝ ձեզ իմ ձեռքով մատուցում, դուք ասում եք՝ չէ, չէ, չէ՞»,- հարցրեց Փաշինյանը (2015 թվականին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնած երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր երրորդ անգամ չառաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում, սակայն չպահեց խոստումը, ինչը դարձավ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժման գլխավոր պատճառներից մեկը):

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Ուժեղ Հայաստանի» քարտուղարը վերահաստատել էր, որ չեն պատրաստվում աջակցել նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն՝ անգամ Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնից հեռանալու խոստման դիմաց։ «Ժողովրդին հարցրել են հունիսի 7-ին, ժողովուրդն իր պատասխանը տվել է: Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ստանալ սահմանադրական մեծամասնություն, իսկ ընդդիմությունը 80 տոկոսով իր ձայներն ավելացրել է»,- ասել էր Տիգրան Աբրահամյանը: Ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը եւս վերահաստատել էր իրենց մերժումը՝ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարելով, որ չեն ուզում շարունակել «ստորացման ճանապարհը» եւ Իլհամ Ալիեւի պահանջով փոխված սահմանադրություն ունենալ: «Սիրելի հայ ժողովուրդ, դու պիտի որոշես՝ ի վերջո նորմա՞լ է, որ էսքան զրկանքներից հետո անցնես էլի ստորացման ճանապարհ, թե՝ չէ։ Դու պիտի որոշես՝ արդյոք նորմա՞լ է, որ Իլհամ Ալիեւը, իր ձեռքում ունենալով թուղթ, որտեղ գրված է, որ էդ թուղթն ավելի բարձր է, քան ՀՀ ու Ադրբեջանի սահմանադրությունը, մեկ է՝ պահանջում է, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը, որովհետեւ էնտեղ ձեւակերպում կա, որը հարեւան պետության բռնապետի դուրը չի գալիս»,- ասել էր Վարդանյանը՝ պնդելով, որ եթե այս ճանապահով գնա Հայաստանը, ու եթե Իլհամ Ալիեւը տեսնի, որ «գործիքն աշխատում է, ինչո՞ւ պիտի հրաժարվի այդ գործիքից»:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ ալիեւյան սահմանադրությունն անցկացնելու այս «կրքոտ» ցանկությանը եւ դրա հետ կապված հայտարարություններին, նկատում է. «2015 թվականին էլ, երբ փոխում էին սահմանադրությունը, ես ասել եմ` սահմանադրություն փոխելու համար հարկավոր է սահմանադրական ճգնաժամ: 2015-ին էլ տեսականորեն չկար ճգնաժամ, արհեստական ինչ-որ բաներ հորինեցին, թե իբր քաղաքականության մեջ կարգ են փոխելու` նախագահականից անցում են կատարելու պառլամենտական մոդելի կառավարման եւ այլն, սակայն որեւէ հիմք չկար սահմանադրություն փոխելու: Հիմա առավել եւս հիմքեր չկան: Սահմանադրություն փոխելու համար կա՛մ պետական կառավարման մոդելի փոփոխություն է անհրաժեշտ, կա՛մ կառուցվածքի եւ ռեժիմի փոփոխություն: Պետական կառուցվածքի փոփոխությունը նշանակում է` երկիրը կորցրել է տարածք, կամ հակառակը` տարածքներ է միացնելու: Եթե այս ճանապարհով են գնում, ապա բացահայտ պնդում են, որ Արցախը երբեք չի եղել հայկական տարածք, եւ հենց այդ պատճառով պետք է փոխվի սահմանադրությունը: Այս պարագայում տեսականորեն Նիկոլ Փաշինյանն ունի իրավական հիմքեր, բայց այս մոտեցումը խիստ վտանգավոր է մի պարզ պատճառով. Արցախը ՀՀ մաս է կազմել դեռեւս 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, երբ հստակ նշվել է, որ այն պետք է վերամիավորվի մայր Հայաստանին: Հետագայում վերամիավորման որոշումը տեղ է գտել Անկախության հռչակագրում` 1990 թվականի օգոստոսի 23-ին, որն էլ հետագայում ամրագրվել է սահմանադրության մեջ: Իշխանությունն այս գործելաոճով հաստատում է, որ օրենք ու սահմանադրություն է խախտում»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Եթե հանրաքվեն կայանա, նա հաղթելու է ռեպրեսիաներով, կեղծիքով

«Հրապարակ»․ Եթե հանրաքվեն կայանա, նա հաղթելու է ռեպրեսիաներով, կեղծիքով Sat, 21 Nov 2026 09:15:21 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով