Կիպրոսը 50 տարի անց հասավ, արցախցիներն ավելի շուտ կհասնեն, եթե ՀՀ իշխանությունը չխանգարի
Sat, 21 Nov 2026 13:15:51 +0400

Ավելի քան 1000 դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որոնք առնչվում են շուրջ 440 արցախցի ընտանիքների սեփականության, տան ու հողի` գույքային իրավունքներին, օրերս հայտարարել է միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը, որը համակարգում է այս գործընթացը: Պատասխանելով հարցին, թե ինչ է ենթադրում ՄԻԵԴ-ում արցախցիների հնարավոր հաղթանակը, նա մատնանշում է «Սարգսյանի գործի» նախադեպը։ «Դա ասում է, որ պետք է թույլ տալ, որ մարդն օգտագործի գույքը։ Օգտագործել նշանակում է դրա ճակատագիրը որոշել՝ վաճառել, տալ վարձով, կամ էլ գնալ, այնտեղ ապրել։ Կամ էլ, եթե հնարավոր չէ վերադառնալ, պետք է փոխհատուցում տալ, այնպես, ինչպես հիմա Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի հույներին է վճարում»:
-Սա իրավական կարգավորումն է, որը բնականաբար, ազդեցություն կունենա նաեւ քաղաքական հարցերի վրա: Այսինքն, կապացուցի, որ Ադրբեջանը օկուպացրել է տարածքը, ագրեսիվ պատերազմ է վարել, որովհետեւ եթե դատական գործեր չհարուցեց, իսկ դատական ակտը պատմական փաստ է, այսինքն, եթե այս իրավական գործընթացը չլինի, Ադրբեջանն իր կեղծ նարատիվներով տարիների ընթացքում մոռացության կմատնի ամենը, դեռ մի բան էլ մեզ ագրեսոր կպիտակի, ինչպես եւ անում է: Իհարկե, մենք կհասնենք դրան, բայց չգիտեմ, թե քանի տարի հետո: Կիպրոսը 50 տարի հետո հասավ դրան, երբ 2005 -ից ստեղծվեց րեպարացիոն մարմինը:
-Ճի՞շտ է, որ Բաքուն յուրաքանչյուր կադաստրային թղթի համար 5-6 միլիոն դրամի չափ փոխհատուցում է առաջարկում, որ հայցերից հրաժարվեն: Այսպիսի ոչ պաշտոնական ինֆորմացիա կա, ու որ արցախցիները մերժում են:
– Ես լսել եմ, որ մոտ 50 հոգի դեռ անցյալ տարի Բաթումիում Ադրբեջանի հյուպատոսության շնորհիվ հնարավորություն են ստացել գնալ Արցախ, բայց նրանք, ովքեր 90-ականների սկզբին էին դուրս եկել ու բնակվում էին Ռուսաստանում: Նրանք միանգամից կադաստրով բոլոր թղթերը ձեւակերպված ստացել են, որ իրենց սեփականությունն է, ռեմոնտ են արել, մի բան էլ վարձով են տվել, նորից դուրս են եկել, բայց սա ասեկոսե է, հստակ ինֆորմացիա չկա: Մեզ սա չի էլ հետաքրքրում: Եթե գաք մեր գրասենյակ, կտեսնեք, որ 150 գանգատ դրված է սեղանին, պատրաստ առաքման:
– Մի 1000 էլ արդեն ներկայացվա՞ծ է…
– Այս երկու տարվա մեջ 1000 -ը քիչ է: Եթե մենք մի ամսում 150 ենք պատրաստում, պատկերացնո՞ւմ եք, եթե լավ ռեսուրս ունենայինք, ինչ կանեինք: Այսօր ՄԻԵԴ նամակ եմ գրել, սպասում եմ պատասխանի, որ այս 150 հատը ուղարկեմ: Մեր գործերը՝ 23 թվականի դեպքերի մասին է:
– ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, այն, որ նրանք փակել են Արցախի էջը ու արցախցիների իրավունքների պաշտպանության որևէ ակտիվ գործընթաց չկա, կարո՞ղ է խանգարել ՄԻԵԴ-ի գործընթացին:
– Ոչ, դա քաղաքական մոտեցում է, մերը մաքուր իրավական է, իսկ իրավական սկզբունքներն ունիվերսալ են: Անկախ նրանից, թե վարչապետն ինչ կասի, թե ինչ քաղաքական որոշումներ կկայացվեն, գույքային իրավունքը չի վերանում, դա ունիվերսալ է, եւ եթե մի պետությունից գույքն անցնում է մեկ այլ պետության տիրապետության տակ ու անցնում է 50 տարի, իրավունքը չի վերանում, եւ դրանով հետաքրքիր է: Քաղաքական գործիչները կարող են առաջարկել կոմպրոմիսի գնալ, մոռանալ, բայց անհատական իրավունքը մնում է, ու այդ հարցը քաղաքական գործիչները պետք է լուծեն: Նրանք ինչ էլ ասեն, դա չի վերացնում արցախցիների գույքային իրավունքը: Նույնիսկ մինչեւ Ադրբեջանը օրենք չընդունի հայերի գույքը ազգայնացնելու մասին, ոչ ոք չի ասի, որ գույքային իրավունքը վերացել է: Իսկ Ադրբեջանը նման օրենք չի ընդունում: Եթե նույնիսկ ընդունի, գաղտնի է պահում: Այն կընդունվի որպես անիրավաչափ, կստացվի, որ դու բռնությունն օրինականացնում ես, ինչը նրանք չեն անի:
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանի խոսքով՝ միջազգային իրավական կազմակերպությունները շահագրգռված են արցախցիների իրավունքների պաշտպանությամբ՝ հիմք ընդունելով, մասնավորապես, Կիպրոսի քաղաքացիների՝ Թուրքիայի դեմ գործերով նախադեպերը։ Նա նշում է, որ Շվեյցարիայի խորհրդարանի աջակցությունը ստացած միջազգային հարթակը կարող է դառնալ Արցախի հարցով զբաղվող նոր ձևաչափ, սակայն ՀՀ իշխանությունների անտարբերությունն ու Արցախի հարցը փակելու քաղաքականությունը դժվարացնում են այս գործընթացը։ «Կարծում եմ, այն երկրները, որոնք հարթակներ են փորձում ստեղծել արցախցիների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար, հետամուտ կարող են լինել, բայց տեսնելով, որ ՀՀ գործող իշխանության կողմից չկա որևէ աջակցություն, հակառակը՝ մի բան էլ լեգիտիմացվել է հայերի էթնիկ զտումը Արցախում, մի քիչ երկմտանքով են վերաբերվում: Եթե հայերն իրենց իրավունքները չեն պաշտպանում, ինչո՞ւ պետք է օտար երկրները պաշտպանեն: Այս պահին ամենաակտուալ հարթակը Շվեյցարիայում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի համար ստեղծված միջազգային հարթակն է, որը 2024 -ին է ստեղծվել ու ստացել է Շվեյցարիայի խորհրդարանի աջակցությունը: Սակայն ինչ որ պահի կառավարությունը, եթե չասեմ խոչընդոտել է, ապա չի աջակցել, որպեսզի նախագիծը առաջ գնա եւ դառնա փաստացի Մինսկի հանձնախմբին փոխարինող հարթակ, Արցախի հարցով զբաղվող: Բայց «Հայաքվեն» Հայաստանում իր աջակցությունն է հայտնել շվեյցարական նախաձեռնությանը, որպեսզի Շվեյցարիայում էլ տեսնեն, որ Հայաստանում կան կազմակերպություններ, քաղաքական եւ քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք հետամուտ են արցախցիների իրավունքի պաշտպանությանը», – նշում է Կոստանյանը:
-Ճի՞շտ է, որ Ալիևը պատրաստվում է փոխհատուցումներ վճարել արցախցիներին, իսկ նրանք հրաժարվում են ու ուզում են հետ վերադառնալ:
-Չեմ լսել, բայց շփվելով արցախցիների հետ, կարող եմ ասել, որ նրանց մոտ թերահավատություն կա, որ հնարավոր է որևէ բան պահանջել, առավել եւս վերադարձ, բայց դա նորմալ է այնքանով, որ մարդիկ տեսնում են՝ սեփական պետությունից աջակցություն չկա: Դա չի նշանակում, որ մարդկանց պետք չի բացատրել, թե ինչի համար է սա կարեւոր անել` վերադարձի իրավունք պահանջելն ապագայում ավելի ամուր հիմքերի վրա դնելու համար:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր