Ու՞մ ենք ուզում ապացուցել, որ Արցախում սովահարության է մատնված 120 հազար

Ու՞մ ենք ուզում ապացուցել, որ Արցախում սովահարության է մատնված 120 հազար։

Այդ ի՞նչ ապացույցներ էին պետք Միավորված ազգերի կազմակերպությանը, ու՞մ պիտի հավատացնեին, որ այն խաղաղ ժամանակներում Հայաստանից Արցախ էր մտնում ամեն օր 400 տոննա բեռ, որը ջրի նման ցամաքել է։
Ու՞մ պիտի ապացուցեինք, որ այս ութ ամիսներին զրկված ենք եղել կենսական բոլոր պայմաններից` զրկված լինելով գազից, լույսից, որ հովհարային անջատումներով է, հումանիտար աղետին դեմառդեմ։
Եթե արցախցին սոված է, ապացու՞յց է պետք, այդ ովքե՞ր չգիտեն, որ Արցախում աղ չեն արտադրում, ու մեր կերածը առանց աղ է, որ մեր երեխաների խմելիք թեյում շաքարավազ չկա։
Այդ ովքե՞ր չգիտեն, որ Արցախի ներքին ռեսուրսները 10 տոկոսի չափով են ապահովում բնակչությանը, մնացած 90 տոկոսը Հայաստանից էր ներկրվում։
Երբվանի՞ց է Արցախում դեղորայք պատրաստվում, չհաշված բնաշխարհի բուսական աշխարհը, որը դեղամիջոց է դարձել մեզ համար։
Ապացու՞յց է պետք, գլուխները խոթեն մեր խոհանոցի կաթսաները, ստուգեն, գուցե ջուրը վերածված լինի ձեթի կամ յուղի, որի մասին հազարավոր ընտանիքներ մոռացել են։
Եթե ապացույց է պետք, որ զրկված ենք ամեն ինչից, հարցնեն մեր փոքրիկներին, որ կոնֆետի ձևը մոռացել են, ոմանք չգիտեն անգամ, թե դա ինչ է։
Մայրերին հարցնեն, թե ինչպես են պահում իրենց նորածիններին, կանանց հարցնեն, թե սնվելու համար ամեն օր ինչ են դնում հացի սեղաններին։
Ապացու՞յց է պետք, երբ ամեն առավոտ քայլերս ինձ տանում են տարբեր խանութներ, որ տեսնեմ որտեղից եմ ինչ հայթայթում` գոնե արցախցու աճեցրած բանջարեղենի տեսքով։
Ու եթե մի օր ոչինչ չգտնեմ` անգամ` մեկ սոխ կամ մեկ կարտոֆիլ, ապա մի քար եմ վերցնելու, տուն տանեմ, որ դատարկաձեռն լինելու համար ինձ վհատված չզգամ` գոնե ինքս ինձ ապրեցնելու համար…
Եվ այդպես են ինձ նման հազարավորներ….
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ադրբեջանական սև ցուցակն ու ռուսական սցենարն Արցախում…

Ադրբեջանական սև ցուցակն ու ռուսական սցենարն Արցախում… Մինչ Եվլախում ընթանում է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների …