Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

«Հրապարակ»․ Անգամ ֆեյսբուքյան գրառումներս են արտատպել` ներկայացրել մարզպետարան

«Հրապարակ»․ Անգամ ֆեյսբուքյան գրառումներս են արտատպել` ներկայացրել մարզպետարան

Tue, 14 Apr 2026 11:15:19 +0400


Խնածախի դպրոցի տնօրեն Արտավազդ Աբրահամյանը դիմել է վարչական դատարան՝ իրեն տնօրենի պաշտոնից ազատելու մասին վարչական ակտն անվավեր ճանաչելու, պաշտոնում վերականգնելու եւ վնասների փոխհատուցման պահանջով: Վարչական դատարանը հայցադիմումը վերահասցեագրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որը 2 անգամ հայցադիմումը հետ է վերադարձրել:

Հետաքրքրվեցինք, թե ինչն է եղել Աբրահամյանին աշխատանքից ազատելու պատճառը: Պարզվում է` Խնածախի միջնակարգ դպրոցը ձմռանը ջեռուցվել է փայտի վառարաններով, նախկին տնօրենն առաջարկել է դպրոցը գազիֆիկացնել, քանի որ դպրոցի կողքով է անցնում գազատարը: Խնդիրը բարձրաձայնելուց հետո սկսվել են պրոբլեմները. «Գազի հարցը բարձրացնելու համար ինձ կանչել են մարզպետարան, կոնկրետ փոխմարզպետ Հայկ Հարությունյանը նկատողություն է արել, թե` ինչի՞ ես նման խնդիր բարձրաձայնում, այդ խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն, եւ այդտեղից էլ սկսվեց իմ հանդեպ իրենց ոչ բարյացակամ վերաբերմունքը: Հետագայում իրենք կարողացան դպրոցի կոլեկտիվում ստորագրահավաք կազմակերպել, իբր ես բուլինգի եմ ենթարկում աշակերտներից մեկին, ուսուցիչների հետ վատ եմ խոսում, վիրավորում եմ: Ընդ որում, այդ ստորագրահավաքը կազմակերպել էր կոլեկտիվի մի մասը, մյուս մասը չի մասնակցել: Այդ ստորագրահավաքին մասնակցել են ծնողներ, որոնց հարցրել եմ՝ ի՞նչ խնդիր եք բարձրաձայնել, որ այդ խնդիրը չեմ լուծել, որ բողոք եք հասցրել մարզպետարան: Դիմում-բողոքի տակ ստորագրողների մեծամասնությունը եղել են տղամարդիկ, ինչը խիստ կասկածելի է, որ նրանք կարող էին սթափ վիճակում նման թուղթ ստորագրել: Ընդամենը 2 կին ծնող էր բողոքել, մեկը ներկայիս տնօրենի պաշտոնակատարի հարեւանուհին է, մյուս ծնողը բռնկուն բնավորություն ունի, բոլոր տնօրեններից, այդ թվում ինձնից աշխատանք է ուզել, սակայն ո՛չ ես, ո՛չ էլ ինձնից առաջ եղած տնօրեններն իրեն աշխատանքի չեն ընդունել, քանի որ որեւէ մասնագիտություն չուներ, մենք էլ թափուր հաստիք չունեինք՝ իրեն համապատասխան: Երեք անգամ կազմակերպել, բողոք են գրել, որի արդյունքում ինձ ազատել են աշխատանքից»:

Կարծում եք՝ արդեն ունեի՞ն տնօրենի թեկնածու, դրա համար էլ աշխատանքից ազատել են Ձեզ։ «Այո, ամեն ինչ արվել է ներկայիս պաշտոնակատարի համար, որը եղել է դպրոցի զինղեկը եւ հենց իր նախաձեռնությամբ է ստորագրահավաք կազմակերպել եւ բողոքող ուսուցիչներին անձամբ իր մեքենայով տարել է Սյունիքի մարզպետարան: Զարմանալին ինձ համար այն է, որ իմ դեմ բողոքող ուսուցչուհիներ կային, որ իմ կողմից անգամ վատ հայացքի չեն արժանացել: Անգամ անանուն նամակ էին ուղարկել մարզպետարան, որ դպրոցի աշակերտներից մեկը դպրոց չի գալիս, ինչ ուզում, անում է, եւ դրա մասին ես տեղյակ եմ: Իրականում, այդ աշակերտն այդքան չի բացակայել, պարապմունքների գնացել է Գորիս, այն էլ՝ դասերից հետո: Իրենք անգամ իմ ֆեյսբուքյան գրառումներն են արտատպել, ներկայացրել մարզպետարանին, իբր այլասերվածության տարածում իմ կողմից, այն դեպքում, երբ որ բժշկական էջերից մեկում, որպես կենսաբան, մի հարցի եմ պատասխանել»,- ասաց նախկին տնօրենը, ապա հավելեց, որ իրեն աշխատանքից ազատելիս գյուղացիները ստորագրահավաք էին կազմակերպել` ի պաշտպանություն իրեն, սակայն մարզպետարանը դա հաշվի չի առել: Աբրահամյանը նաեւ նշեց, որ մարզպետարանը կողմնապահ է գտնվել, ով իր անձի դեմ էր, նրանց լսում էին, իսկ ով փորձում էր ճշմարտությունը ներկայացնել եւ դրական կարծիք հայտնել իր մասին, այդ մարդկանց չէին լսում:

Հիշեցնեք, որ 2026-27 ուստարին Խոզնավարի, Վաղատուրի եւ Խնածախի միջնակարգ դպրոցները միանալու են, իսկ աշակերտները կհաճախեն Խնածախում կառուցվող կրթահամալիր: Այսինքն, այս դպրոցի տնօրենը բոլոր հնարավորություններն ուներ մնալու եւ աշխատելու` նրան էլ այս ձեւով են ազատել, տեղ բացել իրենց հավատարիմ մեկի համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար

Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Fri, 12 Jun 2026 23:41:41 …