Որոշել են հարկել գերշահույթ ստացողներին
Tue, 14 Apr 2026 15:15:50 +0400

Ռուսաստանում հարկային նոր փոփոխություն կկատարվի։ Փաստացի, արդեն որոշվել է գերշահույթ ստացողների հարկման հարցը։ Մի քանի տարբերակ կա դրված ՌԴ պետդումայում, որոնցից էլ կկատարվի ընտրություն։ Ըստ ոլորտների եւ սեկտորների, ձեռնարկությունները գերշահույթ ունենալու պարագայում կհարկվեն 10-30 տոկոսով։ Նաեւ կորոշվի այն եկամտի սահմանաչափը, որից բարձր արդեն ստացած եկամուտը կհամարվի գերշահույթ եւ կհարկվի։ Ամենաշատ ձեռնարկությունները, որոնց վրա կտարածվի գերշահույթի այս նոր հարկատեսակը, պատկանում են քիմիական արդյունաբերության եւ միներալային պարարտանյութերի արտադրության ոլորտներին։ 2025 թվականին այս ոլորտների ձեռնարկությունների եկամուտներն ավելացել են 51,1 տոկոսով։ Տնտեսության մյուս սեկտորները, որոնց վրա կտարածվի գերշահույթի հարկատեսակը, մարկետփլեյսներն են՝ 70 տոկոս ավելացված եկամտի ցուցիչով, եւ ոսկու արդյունաբերությունը՝ մինչեւ 44 տոկոս եկամտային աճի ցուցիչով։
Ուշագրավ է այն, որ բանկային սեկտորը, ինչպես գրում է nezigar տելեգրամյան ալիքը, գերշահույթի հարկման տակ չի մտնում, թեեւ ռուսական տնտեսության ամենաեկամտաբեր սեկտորներից է համարվում։ Բանկային լոբբիստները նկատում են, որ հարկային անձեռնմխելիությունը, որը վայելում են, կապված է այն բանի հետ, որ բանկային սեկտորի կապիտալի աճը, այսպես թե այնպես, ներդրումների եւ վարկավորման տեսքով նորից ներարկվում է տնտեսության մեջ։ Փորձագետների մի խումբ, սակայն, առանձնապես ուրախացած չէ այս նոր հարկատեսակով եւ հորդորում է գործադիր իշխանությանը, նախքան գործնական քայլերի գնալը, հավասարակշռել որոշումները՝ հաշվի առնելով ինֆլյացիան, նաեւ՝ ուշադրություն դարձնել ներդրումային քաղաքականությանը եւ արտոնություններին, որոնք տրամադրվում են տնտեսական բավականին բարդ իրավիճակում գտնվող ներկայիս ձեռնարկություններին, որպեսզի նրանք կարողանան առաջ գնալ կամ պահպանել ունեցած հզորությունները։ Ի դեպ, իշխանություններն ակնկալում են գերշահույթի հարկից ստանալ տարեկան ոչ պակաս, քան 500 միլիարդ ռուբլի, որը կգնա պետական գանձարան։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր