Պատարագի ժամին՝ բարձր երաժշտություն, իսկ Փաշինյանի համերգը եկեղեցական ժամերգության ժամին է
Sun, 19 Apr 2026 12:43:05 +0400

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Գյումրիում՝ ավտոերթի շրջանակում՝ Հյուսիս-հարավ մայրուղու փորձարկում էր անում։ Փաշինյանը Գյումրի է ժամանել Աննա Հակոբյանի հետ։
Չնայած նրանց բաժանված լինելուն, նրանք այսօր միասին շրջել են քաղաքում, այցելել սրճարաններ։ Քաղաքացիների մի մասի կարծիքով՝ նրանց այս համատեղ ներկայությունը հերթական ցուցադրական քայլ է։ Սակայն օրվա ուշագրավ դրվագներից մեկը գրանցվել է վաղ առավոտից. Վարդանանց հրապարակում, որտեղ վարչապետի պատվին պատրաստված բեմահարթակից հնչող բարձր երաժշտությունը խանգարել է հարակից՝ Սուրբ Յոթ Վերք եկեղեցում ընթացող պատարագին։
Հավատացյալները դժգոհությամբ արձանագրել են, որ երաժշտության ձայնը խլացնում էր եկեղեցական արարողությունը։ Թերևս այս ժամային համընկնումները պատահական չեն․ որոշ քաղաքացիներ սա գնահատում են որպես իշխանության հակաեկեղեցական վարքագծի հերթական դրսևորում։
Հիշեցնենք, որ ժամը 16:00-ին նախատեսված է Փաշինյանի համերգը, իսկ այդ ժամին եկեղեցում նախատեսված է ժամերգություն, ինչը կրկին բողոքների և քննարկումների առիթ է դարձել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր