Աղքատացող Թուրքիան և Էրդողանի թիկնազորի աստղաբաշխական ծախսերը
Wed, 22 Apr 2026 16:30:52 +0400

Թուրքիայում վերջին ամիսներին կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել պետական բյուջեի ծախսերի կառուցվածքը, հատկապես՝ նախագահի անվտանգության համար հատկացվող միջոցների կտրուկ աճը։
Անդրադառնալով թեմային, Ermenihaber-ն ուշագրավ տվյալներ է վկայակոչում։ Այսպես, 2026 թվականի փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ապահովման համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 754 միլիոն 640 հազար 910 թուրքական լիրա (≈ 16 միլիոն 60 հզ.100 ԱՄՆ դոլար), ինչը գրեթե կրկնակի գերազանցում է հունվարի ցուցանիշը (451 միլիոն լիրա/ 9 միլիոն 922 հազար դոլար)։ Այս աճը վկայում է ոչ միայն անվտանգության ծախսերի ընդլայնման, այլ նաև բյուջետային առաջնահերթությունների փոփոխության մասին։
Զուգահեռսբար, Թուրքիայում հետզհետե աճում են նաև աղքատության ցուցանիշները, իսկ երկրում շարունակում է խորանալ սոցիալական ճնշումը։ Մարտի տվյալներով՝ սովի շեմը հասել է 32.792 լիրայի (721 դոլար), իսկ աղքատության շեմը՝ 106.816 լիրայի ( 2.350 դոլար)։
Ուշագրավ է, որ այս ամենի ֆոնին, Էրդողանի անվտանգության մեկ օրվա արժեքը կազմում է մոտ 25 միլիոն 154 լիրա (553.388 դոլար), մեկ ժամը՝ 1 միլիոն 48 հազար լիրա (23.056 դոլար), իսկ մեկ րոպեն՝ մոտ 17.468 լիրա (384 դոլար)։
Ըստ այդ երկրի ընդդիմության, Էրդողանին պաշտպանելու համար մեկ րոպեում ծախսվող գումարով բազմաթիվ քաղաքացիներ փորձում են գոյատևել ամբողջ ամսվա ընթացքում։ Նույնիսկ երկու րոպեում ծախսվող գումարը (մոտ 34.936 լիրա) գերազանցում է սովի շեմը, որը ևս գերբարձր մակարդակի վրա է Թուրքիայում։ Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Մանիսայի պատգամավոր Բեքիր Բաշևիրգենի հաշվարկներով՝ նախագահի անվտանգության մեկ ամսվա ծախսերով հնարավոր կլիներ վճարել՝ շուրջ 37 հազար թոշակառուի (20․000 լիրա թոշակ), կամ ավելի քան 51 հազար այրու և ծնողազուրկ երեխայի նպաստը (14․700 լիրա/ 323 դոլար)։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր