Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Wed, 22 Apr 2026 19:15:50 +0400
Պարոն Փաշինյան, ես, իհարկե, ո՛չ Ձեր համախոհը եւ ո՛չ էլ Ձեր ընկերն եմ, բայց դրա հետ մեկտեղ ես Ձեզ ո՛չ իմ եւ ո՛չ էլ հայ ժողովրդի թշնամին չեմ համարում: Ուղղակի ես Հայաստանի Հանրապետության այն «միամիտ» ընտրողն եմ, որը դեռեւս հավատում է, որ Ձեր տարածաշրջանայնացման քաղաքականությունում որոշ հանգամանքներ անտեսվել են ոչ թե միտումնավորությամբ, այլ՝ նկատված չլինելու պատճառով:
Բայց մինչեւ Ձեր տարածաշրջանայնացման քաղաքականությանն անցնելը, կուզեի մի քանի խոսք ասել, Ձեր իսկ բառերով ասած, ժողովրդի կողմից Ձեզ թուրք կամ ադրբեջանցի ասելու մասին: Հարցն այն է, որ, ի տարբերություն Ձեզ, պարոն վարչապետ, ինձ չի թվում, թե ժողովուրդը Ձեզ թուրք կամ ադրբեջանցի է ասում այն պատճառով, որ Դուք Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ առանց միջնորդների եք բանակցում: Ինձ թվում է, որ այդպես են ասում, որովհետեւ տեսնում են, որ Դուք՝ Հայաստանի տարեկան 40-45 միլիարդ դոլարանոց ապրանքաշրջանառության 26,5 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությունն ապահովող երկրի՝ Ռուսաստանի հետ այնպիսի քաղաքականություն եք վարում, ինչպիսին անգամ Թուրքիան ու Ադրբեջանը չեն վարում:
Իհարկե, պարոն վարչապետ, քանի որ ես Հայաստանի «միամիտ» ընտրող եմ, ես հավատում եմ, որ Դուք այդպես եք անում ոչ թե Հայաստանին Ռուսաստանի հետ թշնամացնելու կամ Հայաստանը՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղող գործիք դարձնելու համար, այլ անում եք, որովհետեւ ուզում եք Հայաստանն ավելի շատ «ինքնիշխան» դարձնեք: Ես, պրն վարչապետ, քանի որ «միամիտ» ընտրող եմ, կարող եմ Ձեր այդ արարքն այդպես հասկանալ: Բայց անկեղծ լինելու համար ուզում եմ ասել, որ այնքան էլ վստահ չեմ, թե այն Ռուսաստանում եւս այդպես կհասկանան:
Իսկ գուցե, պրն վարչապետ, ժողովուրդը Ձեզ թուրք կամ ադրբեջանցի է ասում ոչ թե այն պատճառով, որ Դուք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առանց միջնորդների եք բանակցում, այլ՝ այն, որ տեսնում է, որ Դուք Ռուսաստանից Հայաստան ուղարկվող ապրանքները չեք տեսնում, բայց փոխարենը շատ լավ տեսնում եք Ռուսաստանից Հայաստանին ուղարկվող ապրանքի՝ Ադրբեջանի տարածքով անցնելու «թույլ տալը» եւ դա Հայաստանի վրա ուզում եք վաճառել Ադրբեջանի ու Թուրքիայի խաղաղասեր լինելու գնով:
Ես, պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության շարքային ընտրողս, այդպես չեմ կարծում: Ես Հայաստանի Հանրապետության շարքային ընտրողս, Ձեր այդպիսի կեցվածքը չափազանցված թուրքասիրություն ու չհիմնավորված ադրբեջանասիրություն եմ համարում: Բայց Ձեր թույլտվությամբ ուզում եմ դրա մասին այսքանով սահմանափակվել եւ Ձեր, այսպես ասած, տարածաշրջանայնացման քաղաքականության մասին խոսել:
Պարոն Փաշինյան, իմացած լինեք, որ Հայաստանի ընտրողը տարածաշրջանի տարածաշրջանայնացմանը երբեք դեմ չի եղել ու երբեք էլ դեմ չի լինի: Բայց երբ նա տեսնում է, որ Ձեր եւ Թուրքիայի, Ձեր եւ Ադրբեջանի տարածաշրջանայնացման քաղաքականությունը նույնացվում է միայն 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հետ, բայց չի խոսվում Բաքվի ու Կիրովաբադի հայության իրավունքների մասին, երբ տեսնում է, որ Ձեր եւ Թուրքիայի, Ձեր եւ Ադրբեջանի տարածաշրջանայնացման քաղաքականությունից ներս խոսվում է միայն «Արեւմտյան Ադրբեջանի» մասին, բայց չի խոսվում Արցախի ու արցախահայության մասին, նա հասկանում է, որ թե՛ Ձեր, թե՛ Թուրքիայի եւ թե՛ Ադրբեջանի տարածաշրջանայնացումը ոչ թե տարածաշրջանի զարգացման, այլ Հայաստանին Բաթումի պայմանագիր պարտադրելու մասին է:
Գալուստ Սարգսյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր