Տիկին նախարար, հիմա գո՞հ եք տեղի ունեցածից
Wed, 11 Nov 2026 12:09:40 +0400

«Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել է, որ Արսեն Գևորգյանի մահվան համար քաղաքական պատասխանատվություն է կրում երկրի իշխանությունը՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
ԵՄ գրասենյակի դիմաց ելույթ ունենալով՝ Ղահրամանյանը պատասխանատուների թվում նշել է նաև Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին և պետական այն կառույցներին, որոնք, իր գնահատմամբ, սպասարկում են իշխանության քաղաքական շահերը։
Պատգամավորը հիշեցրել է, որ օրեր առաջ ԱԺ-ում Գալյանը, պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանի հարցին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առկա անմխիթար պայմանների վերաբերյալ, հայտարարել էր, թե մինչև նոր ՔԿՀ-ի կառուցումը հնարավոր չէ կալանավորներին իրենց տներ տեղափոխել։
Ղահրամանյանը նախարարի այդ պատասխանը գնահատել է որպես հեգնական վերաբերմունք խնդրի նկատմամբ և հարցրել, թե արդյոք նա գոհ է ստեղծված իրավիճակից։
Նա անդրադարձել է նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Արսեն Գևորգյանի նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավորի դերակատարությանը։ Պատգամավորի համոզմամբ՝ պետական այդ պաշտոնյաները չեն գործում անկախ և կատարում են քաղաքական իշխանության ցուցումները, ինչն էլ, նրա գնահատմամբ, հանգեցրել է ներկայիս իրավիճակին։
«Տիկին նախարար, հիմա գո՞հ եք տեղի ունեցածից»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր