Հինգշաբթի , 23 Ապրիլի 2026

Ռուսականը՝ «քըխ», եվրոպականը…

Ռուսականը՝ «քըխ», եվրոպականը…

Thu, 23 Apr 2026 19:45:40 +0400


««Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը (ԻՔՄ հասարակական կազմակերպությունը՝ Վ.Ս.) կազմել է Հայաստանի ընտրությունների ռուսաստանյան միջամտության գործիք հանդիսացող Facebook-յան և Youtube-յան օգտահաշիվների ցանկ և դրանք փոխանցել ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով»։ Սա մեջբերում է նշված ՀԿ-ի համակարգող Իոաննիսյան Դանիելի ֆեյսբուքյան էջից: Ոնց հասկանում եմ, ռուսաստանյան միջամտության առաջն առնելու առումով Դանիելը հանդես է բերել ինքնիշխան պետության քաղաքացու բարձր գիտակցություն: Ու դիմել է, իր կարծիքով, վերպետական ինստիտուցիոնալ դատական համակարգին:
Բայց այդ հարցում առկա է երեք բացթողում: Եթե Հայաստանն իսկապես ինքնիշխան երկիր է, ապա ինչ գործ ունի այդ հարցում ԱՄՆ-ը: Ինչո՞ւ է այդ տեղեկատվությունը փոխանցվել մեկ այլ երկրի, և ոչ թե, ասենք, ՄԱԿ-ին: Երկրորդ բացթողումը՝ որքան ինձ հայտնի է, «Facebook»-ն արգելված է Ռուսաստանում: Ինչը նշանակում է, որ հանձնարարություններ տալու ու դրանց կատարելու ընթացքին հետևելու դեպքում այնտեղ տեխնիկական բարդություն է առաջանալու: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ սոցիալական այդ ցանցն այնտեղ արգելվեր ոչ թե նախքան ՀՀ ԱԺ ընտրությունների անցկացումը, այլ դրանից հետո: Այլապես ստացվում է, որ Ռուսաստանի ղեկավարությունն այնքան ադեկվատ չէ, որ ինքն իր համար արհեստական բարդություններ է ստեղծում: Իսկ Հայաստանը, չմոռանանք, գտնվում է ՌԴ-ի ազդեցության գոտում:

Եվ երրորդ, եթե ընդունելի չէ ինչ որ պետության և տվյալ դեպքում՝ ռուսական միջամտությունը, ապա ինչո՞ւ է ընդունելի համարվում երկու-երեք տասնյակ երկրների ամբողջության, իմա՝ Եվրամիության միջամտությունը: Որքան տեղյակ եմ, Դանիելը երբեք խնդիր չի ունեցել Եվրամիության կամ թեկուզ եվրոպական առանձին երկրի առումով: Ենթադրվում է, որ ինքը Հայաստանի ընտրություններին եվրոպական միջամտությունը չի համարում ընդհանրապես միջամտություն: Փաստորեն ստացվում է, որ ռուսականը «քըխկ» է, իսկ եվրոպականը՝ ընդունելի և նույնիսկ փափագելի: Եվ հայոց պետության ինքնիշխանության առումով էլ՝ դրական երևույթ: Այնինչ, Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի և, ընտրություններից հետո, ենթադրաբար Բուլղարիայի կառավարությունների դեպքում դա հաստատ այդպես չէ: Ինչի մասին գրվել է նաև տողերիս հեղինակի կողմից:

Ինչևէ, հայաստանյան կուսակցությունների պետք է շնորհակալություն հայտնեն Դանիելին, որ «նշված ցանկում նրա կողմից չեն ներառվել հայաստանյան կուսակցությունների ու թեկնածուների իրական (ոչ կեղծ) օգտահաշիվները»: Միաժամանակ, չի կարող տարակուսանք չհարուցել ընդհանրապես կուսակցությունների ու թեկնածուների կեղծ օգտահաշիվներ հիշատակելու հանգամանքը: Որքան ինձ հայտնի է, թե՛ նախկինների և թե՛ գործող իշխանության օրոք կեղծ օգտահաշիվ բացելու հանդգնությանը կարող էին դիմել (այսօր էլ կարող են) միայն իշխանության հետ փոխկապակցված կուսակցություններն ու թեկնածուները: Որովհետև ընդդիմադիրների կողմից նման քայլին դիմելն անմիջապես կկասեցվեր ձևականորեն անկախ, բայց իրականում ՀՀ նախագահին (նախկինում) կամ ՀՀ վարչապետին (ներկայում) ենթակա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Ինչը բավարար կլիներ, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունն ու թեկնածուն զրկվեին ընտրություններին մասնակցելու իրավունքից:

Ինչ մնում է ընդհանրապես կիբերանվտանգության խնդրին, ապա այդ առումով առկա է բավականին ուսուցողական պատմություն: 2020 թվ.-ի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությանը ռուսական կիբերմիջամտության մեղադրանքն էական ազդեցություն ունեցավ արդյունքների վրա: Եվ 2016-2020 թվականներին գործող նախագահ Թրամփը պարտություն կրեց: Կրկին առաջադրվելով 2024-ին՝ Դոնալդ Թրամփը հաղթեց, և նախագահության սկզբին կատարեց քաղաքականության փոփոխություն: Ռուսաստանը դադարեց դիտարկվել որպես գլխավոր կիբերսպառնալիք: Հատկապես որ իրականում նման սպառնալիք էր չէր եղել, ու այն ավելի շատ մանիպուլյացիա էր: Եվ քանի որ այդ հարցով այլևս չէր զբաղվելու պետական որևէ կառույց, իոաննիսյանների հույսը մնացել է համացանցը՝ ի դեմս Ֆեյսբուքի և Գուգլի: Բայց ենթադրում եմ, որ ի տարբերություն 2018-ի ֆեյսբուքյան արշավի, 2026-ի հունիսի 7-ի ԱԺ ընտրության արդյունքները որոշվելու են գետնի վրա՝ կենդանի մարդկանց հետ շփումներում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից

ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից Thu, 23 Apr 2026 18:35:32 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով