Երկուշաբթի , 5 Հոկտեմբերի 2026

Ո՞ւմ կընտրեի հունիսի 7-ին

Ո՞ւմ կընտրեի հունիսի 7-ին

Mon, 27 Apr 2026 17:15:12 +0400


Արձագանքելով գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հոդվածին ներկայացնեմ, թե հունիսի 7-ին որ քաղաքական ուժին կտամ իմ մեկ հատիկ, բայց խիստ թանկարժեք քվեն: Ու կցանկանայի, որ նույն վերաբերմունքն իրենց ձայնի հանդեպ ունենան հայաստանյան բոլոր ընտրողները:

Որպես գիտակից ու հայրենասեր անձնավորություն 19 քաղաքական ուժերից կառանձնացնեի առաջին հերթին 3-ին: Դրանք են Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքները: Իսկ բազմաթիվ, բազմազան ու բազմանուն կուսակցություններից կառանձնացնեի Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը:

Ի դեպ, թե՛ Քոչարյանը և թե՛ Ծառուկյանը հայտարարել են, որ իրենք իրենց քաղաքական ուժի ձայնը կտան ամենից ավելի քվե ստացած քաղաքական ուժին: Նույնը չի հայտարարել «Ուժեղ Հայաստան»-ը, բայց դա նորմալ քարոզչական պրակտիկա է: Որովհետև եթե այդ ուժն իրեն դիրքավորում է որպես ընդդիմության առաջատար ուժ, ապա հենց այդպես էլ պետք է վարվեր: Ուրիշ հարց, որ եթե ինչ-որ հրաշքով առավելագույն քվե հավաքի Քոչարյանի (կամ Ծառուկյանի) քաղաքական ուժը, վստահաբար «Ուժեղ Հայաստան»-ը կվարվի հենց նույն ոգով:

Ինչ մնում է չորրորդ ուժին, ապա երկար կմտածեի, մինչև կանգնեի «Միասնության թևեր»-ի վրա, քանի որ, հարգելով Արման Թաթոյանի գործունեությունը ՄԻՊ-ի պաշտոնում, վստահ չեմ նրա քաղաքական գործունեության առումով: Հատկապես որ վերջինս հայտարարել է, որ ձայներ չի տա առաջին եռյակից որևէ մեկին: Ինչ մնում էՔՊ-ի հետ համագործակցելուն, ապա «ԱԺ անցնելու դեպքում կհամագործակցի՞, արդյոք, «Միասնության թևեր» կուսակցությունը Քաղպայմանագրի հետ» հարցին նույնիսկ արհեստական բանականությունը (ԱԲ) չտվեց միանշանակ պատասխան: Այսինքն, չբացառեց նման համագործակցությունը: Դրան գումարած այն հանգամանքը, որ 2022-ին, երբ հեռանում էր պաշտոնից՝ չմասնակցեց փողոցային պայքարին՝ չնայած ուներ ամենաբարձր վարկանիշը: Ճիշտ է, որպես ՄԻՊ, բայց դա սահուն կվերածվեր քաղաքական վարկանիշի:

Ինչևէ, որոշակի կասկածամտությամբ երկրորդ հերթին ձայնս կտայի «Միասնության թևեր» կուսակցությանը: Կասկածամտությամբ, քանի որ, ինչպես նշեցի` Թաթոյանը մերժում է առաջին եռյակին, ինչն ինձ համար ընդունելի չէ: Եվ որ պակաս կարևոր չէ՝ դիրքավորվելով որպես արմեւտամետ, ինքն ինչ-որ պահի կարող է ստիպված լինել համագործակցելու Փաշինյանի հետ Արևմուտքի պահանջով: Իսկ դա այսօրվա պայմաններում նույնն է, ինչ անմիջականորեն Նիկոլին ձայն տալը: Չնայած որպես ընդդիմադիր, իր ողջ էներգիան այսօր ուղղված է ընդդեմ Նիկոլի: Ասեմ ավելին՝ եթե մեր երկիրն այս վիճակում չլիներ, ապա մեծ հավանականությամբ ձայն կտայի հենց իրեն: Որովհետև որպես ՄԻՊ նա ոչ միայն արդյունավետ էր կատարում իր աշխատանքը, այլև ապացուցեց իր հայրենասեր լինելը: Իսկ դա, ընդունեք, մեր տարածաշրջանում գտնվող փոքր երկրի համար առաջին անհրաժեշտությունն է: Չնայած որքան հասկանում եմ, նրա քաղաքական գործունեությունը միտված է հենց ապագային: Ու այդ առումով էլ խիստ անորոշ է, թե որքան ձայն կստանա նրա կուսակցությունը հունիսի 7-ին:

Ստացվում է, որ վստահաբար ես կարող եմ ձայն տալ առաջին եռյակից որևէ մեկին: Քանի որ եռյակից դուրս որևէ ուժի ձայն տալը կարող է ձայնի փոշիացման վտանգ առաջացնել: Բայց այնպես չէ, որ բոլոր չքննարկվածները նիկոլական են: Վստահաբար նիկոլական չեն «Հայ ազգային կոնգրես», «Ազգային ժողովրդավարական բևեռ», «Լուսավոր Հայաստան» ու «Նոր ուժ» (Հայկ Մարության) կուսակցությունները: Թեև այդ քառյակից յուրաքանչյուրի անդամները նախկինում, այս կամ այն չափով համագործակցել են Նիկոլի կամ նրա կուսակցության հետ: Մնացածների շրջանակում ևս կարող են լինել ոչ նիկոլականներ, բայց դա էական չէ: Էականն այն է, որ դրանց ձայն տալը վստահաբար հանգեցնելու է դրա փոշիացմանը: Իսկ ես, որպես ընդդիմադիր, բնականաբար, չեմ ցանկանում, որպեսզի այն կորչի ու համալրի, ասենք, ՔՊ-ին տրված քվեների ծավալը:

Հաշվի առնելով, որ ես քաղաքական գործընթացներին մասնակցել եմ շատ վաղուց՝ Ղարաբաղյան շարժման և անկախության հաստատման օրերից, ինչպես նաև 21-րդ դարասկզբից (արանքում ինքս ինձ դուրս էի դրել դրանից)… Հաշվի առնելով, որ ընդիմադիր եմ եղել նախկինների օրոք ու 2019-ից այդպիսին եմ դարձել նորի առումով… Հաշվի առնելով, որ 65+ տարիքում չեմ կորցրել մտածելու, այսինքն, երևույթները դիտարկելու և վերլուծելու կարողությունս… Այդ երեք հանգամանքները հաշվի առնելով՝ կարծում եմ, որ ուշադրության արժանի է այս փոքրիկ վերլուծությունը: Եթե, իհարկե, ընթերցողն իրեն համարում է գիտակից, հայրենասեր, հայոց ինքնության ու հայոց հիշողության կրողներ: Եթե ինքն իրեն համարում է հայոց ազգային արժանապատվությունը կրող և ոչ թե հիշողությունը կորցրած ու տիրոջ հրամաններն անտրտունջ կատարող մանկուրտ: Եվ վերջապես՝ հաշվի առնելով, որ նրա համար հայրենիք ունենալն ավելի էական է, քան ստամոքս լցնելով ու համերգ դիտելով բավարարվելը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել

500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Sun, 04 Oct 2026 …