18-ամյա Դավիթը օրեր առաջ ուշագնաց է եղել
Tue, 28 Apr 2026 14:47:10 +0400

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը, որը նշանակվել էր այսօր՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, չի կայանալու, պատճառն այն է, որ Դավիթի առողջական վիճակը լավ չէ։
Դավիթի փաստաբան Վարդուհի Էլբակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը բուժման մեջ է․ «Մի քանի օր առաջ գիտակցություն կորուստ է ունեցել, տանից դուրս չի գալիս, եթե դուրս էլ գալիս է՝ ձեռքը բռնած, հիվանդանոցում չի, բայց տանը բժիշկների հսկողության տակ է»։
Ըստ Էլբակյանի՝ Փաշինյանի այն թիկնապահը, որը Սուրբ Աննա եկեղեցում հարվածել էր Դավիթի ծնոտին, չի հարցաքննվել, գործով որեւէ կարգավիճակ չունի, ավելին՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ այդ հարվածից երիտասարդը վնասվածք էլ չի ստացել։ Գործով հարցաքննվել են Փաշինյանի թիկնապահներից երկուսը։
Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը Դավիթին կալանավորելու որոշում էր կայացրել: Փաստաբաններն ու ծնողներն ահազանգում էին, որ առողջական վիճակի հետ կալանքը համատեղելի չէ, միայն շաբաթներ անց, երբ Դավիթի առողջական վիճակը սրվել էր, դատախազը վերացրեց կալանքը։
Նշենք, որ Դավիթը տևական ժամանակ անցկացրեց վերակենդանացման բաժանմունքում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր