Վազգեն Առաջինի նշանավոր աշակերտը
Wed, 29 Apr 2026 22:15:00 +0400

20-րդ դարի հայ նշանավոր հայագետ, Մխիթարյան միաբանության ավագ սերնդի անդամ Ներսես Տեր-Ներսեսյան արքեպիսկոպոսը, աշխարհիկ անունով՝ Արտաշես Տեր-Ներսեսյան, եկեղեցական բարձրաստիճան գործիչ էր, մանկավարժ, հայագետ։ Հայ կաթոլիկ եկեղեցու՝ Հայաստանի համայնքի առաջին ղեկավարը ծնվել էր Բեռլինում, 1920-ին: Հայրը` Տեր Բաբկենը, եւ մեծ հայրը` Տեր Ներսեսը, եղել են Հայաստանյայց Առաքելական Սբ Եկեղեցու քահանաներ: 2 տարեկանում կորցրել է մորը, նրան տարել են Ռումինիա՝ հանձնել մեծ հոր խնամքին։ Նախնական կրթությունը ստացել է Բուխարեստի Միսաքյան վարժարանում՝ 1926-1931 թթ., որտեղ ապագա հոգեւորականի ուսուցիչը Լեւոն-Կարապետ Պալճյանն էր` ապագա Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը:
Երջանկահիշատակ Վազգեն Ա-ն տասնամյակներ անց էլ Հ. Ներսեսին համարում էր իր սիրելի աշակերտը: Հետո ուսանել է Սոֆիայի Մեսրոպյան վարժարանում, 1933-ին ուսանելու է մեկնել Սբ Ղազարի Մխիթարյան վարժարան: 1939-ին, վեցամյա կրթությունից հետո, մտնել է վանք եւ դարձել Մխիթարյան միաբանության անդամ, 1940-ին ձեռնադրվել է, ստանալով մեծ հոր՝ Տ․ Ներսեսի անունը։ Նվիրվել է գիտամանկավարժական եւ խմբագրական գործունեությանը` Սբ Ղազարի եւ Մուրադ-Ռաֆայելյանի սաների համար մնալով որպես «Հայր վարժապետ»: Դասավանդել է գրաբար, արեւմտահայերեն, փիլիսոփայության պատմություն, Հայ հին գրականություն, հունական եւ լատինական գրականությունների պատմություն, եկեղեցական երաժշտություն: 1948-52 թթ. խմբագրել է «Մխիթարյան ընտանիք» ամսաթերթը, ապա՝ «Բազմավեպը»։ Այդ տարիներին մի քանի հարյուր հոդված է հրատարակել ամսագրում` նվիրված Մխիթարյան միաբանության, սփյուռքի եւ Հայաստանի գիտամշակութային կյանքին ու տարբեր իրադարձությունների, թարգմանություններ՝ եվրոպական լեզուներից, փոխադրություններ` գրաբարից եւ այլն:
1964-76 թթ. դարձել է Մխիթարյան միաբանության ընդհանուր քարտուղարը, որից հետո Սբ Ղազարի ձեռագրատան պատասխանատուն: Իսկ 1991 թ. Հովհաննես-Պողոս Բ պապի կողմից նշանակվել է Հայաստանի, Վրաստանի ու Արեւելյան Եվրոպայի կաթողիկե առաջնորդ: 1992-ին Պապի կողմից օծվել է տիտղոսավոր արքեպիսկոպոս` առաջնորդական Աթոռը Գյումրիում: 2005 թ.՝ 75 տարեկանում, առաջնորդի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Պապին: Կարճատեւ հիվանդությունից հետո մահացել է 2006 թ. դեկտեմբերի 24-ին, Աշոցքի իտալական հիվանդանոցում: Թաղվել է Փանիկում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր