Այ-այ-այ, մեծահասակ մարդիկ եք, բայց այդքան անամոթաբար ստում եք
Thu, 30 Apr 2026 16:45:11 +0400

Զզվելի է նույնիսկ ֆիզիկապես լսել, թե ինչպես են փաշինյանական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները կրկին «մորթին դուրս շրջած»՝ փորձում հերթական անգամ խաբել մարդկանց։
Ավելին՝ դա անում են այնքան լկտիաբար, որ հերթական անգամ զարմանում ես իշխանության ցինիզմի անսահմանության վրա։
Կամ նրանց մոտ պրոադրբեջանական ամնեզիայի սինդրոմ է, որը բարդացած է մշտական ստով։
Հիմա չեմ խոսի այն մասին, որ Փաշինյանը փաստացի արդարացրեց Արցախի հայկական եկեղեցիների ոչնչացումը՝ ակնարկելով, թե իբր եթե Արծվաշենում մզկիթ կա, ապա մենք էլ այն կքանդենք։
Աբսուրդ է, հատկապես հաշվի առնելով, որ Փաշինյանը շատ լավ գիտի, օրինակ՝ Արցախում մզկիթները մինչև ադրբեջանական օկուպացիան վերականգնվում էին հենց Արցախի իշխանությունների կողմից, օրինակ՝ հայտնի Շուշիի մզկիթը։
Բայց հիմա խոսքը դրա մասին չէ։ Եվ այսպես, երեկ և այսօր Հայաստանի իշխանության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները կարծես թե կրկին ՍՄՍ -ով ստացած հրահանգի համաձայն սկսեցին հայտարարել, որ 300 000 ադրբեջանցիների բնակեցման թեմա Հայաստանում գոյություն չունի՝ դա իբր հորինել են ընդդիմադիրները, որ այդ հարցը բերվի օրակարգ։
Մի ծիծաղեք, սրանք դա ասում են դեմքի լուրջ արտահայտությամբ։
Շարունակելով, սրանք պնդում են, որ եթե անգամ այդ թեման գոյություն ունեցել է, ապա, ըստ նրանց, այն առաջացել է այն պատճառով, որ ընդդիմությունը բարձրացրել է արցախցիների վերադարձի հարցը։
Եվ հիմա ուշադրություն՝ այս պնդումները կատարյալ սուտ են, և այդ թավշյա ստերը շատ հեշտ է հերքել։
Առաջին՝ ադրբեջանցիների վերաբնակեցման թեման Հայաստանում առաջին անգամ բարձրացվել է դեռ 2022, 2023, 2024, 2025 թվականերին, իսկ մինչ այդ պարբերաբար շրջանառվել է 2020 թվականից սկսած։
Այսինքն՝ դեռ շատ առաջ Արցախի ցեղասպանական հայաթափումից առաջ։
Ֆիքսում ենք՝ իշխանությունը ստում է երբ ասում է, թե ադրբեջանցիներն այս թեման բարձրացրել են ի պատասխան արցախցիների վերադարձի պահանջների։
Երկրորդ՝ Ադրբեջանում պետական ֆինանսավորմամբ և անձամբ Ալիևի հրահանգով, ստեղծվել են կազմակերպություններ, որոնք զբաղվում են ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման գաղափարի առաջմղմամբ։
Այսինքն՝ այստեղ ևս իշխանությունը ստում է, երբ ասում է, թե նման թեմա գոյություն չունի։
Եվ երրորդ՝ ամենակարևորը․ Հայաստանի իշխանությունները, հավանաբար, «մոռացել են», որ 2026 թվականի հունվարի 5-ին Ալիևը անձամբ հրահանգ իջեցրեց Հայաստանի ներկայիս իշխանություններից ներկայացնել ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցման ժամանակացույցն ու սկզբունքները։
Այսպիսով, արձանագրում ենք՝ Հայաստանի իշխանություններն ուղիղ ստում են, երբ փորձում են համոզել մարդկանց, թե ադրբեջանցիների վերաբնակեցման թեման նախընտրական հնարք է ընդդիմության կողմից։
Այսպիսով, ադրբեջանցիների վերաբնակեցման թեման Ալիևի հիմնական նարատիվներից է՝ ոչ թե ընդդիմության։
Եվ բացի պարզունակ արդարացումներից, թե իբր այս թեման հորինել է ընդդիմությունը, Փաշինյանի իշխանությունը որևէ պատասխան չունի Ալիևի պահանջին։
Իսկ իրականում ես կասկած չունեմ, որ ներկայիս իշխանությունները պատրաստ են կատարել Ալիևի պահանջը՝ ադրբեջանցիներին վերաբնակեցնելով Հայաստանում։ Պարզապես ընտրություններին ընդառաջ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները որոշել են խաղալ ամնեզիայի խաղ և իրենց սովորության համաձայն կրկին ստել մարդկանց՝ հայտարարելով, թե այս թեման հորինել է ընդդիմությունը։
Այ-այ-այ, մեծահասակ մարդիկ են, բայց այդքան անամոթաբար ստում են։
Բայց սրանց սուտն անիմաստ է, որովհետև ինտերնետ կա ոչ միայն իշխանամետ քարոզիչների և նրանց տերերի սմարթֆոններում, այլև իսկապես արժանապատիվ Հայաստանի քաղաքացիների մոտ։
Արման Աբովյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր