Ինչ կլինի էներգակիրների շուկայում, եթե Իրանական ճգնաժամը ձգձգվի
Thu, 30 Apr 2026 18:00:59 +0400

Էներգետիկայի ոլորտի փորձագետները կարծում են, որ եթե Իրանական ճգնաժամը կարճ ժամկետներում հնարավոր չլինի կարգավորել, ապա աշխարհին սպասում է նավթի եւ գազի դեֆիցիտ, իսկ դա նշանակում է իր հերթին, որ էներգակիրների գները կտրուկ կարող են բարձրանալ։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Ընդ որում, որքան էլ Միացյալ Նահանգները փորձի տարբեր եղանակներով այդ գնաճը մեղմել, դա մեծ հաշվով օգուտ չի տա, քանի որ ֆիզիկապես հնարավոր չի լինի առաջանալիք դեֆիցիտը ծածկել։
Defense Priorities կենտրոնի փորձագետ Ռոզմարի Կելանիկը նկատում է, որ համաշխարհային նավթային շուկայի սպասելիքները կապված հակամարտության արագ կարգավորման հետ, աստիճանաբար հօդս են ցնդում եւ շատերը արդեն խոսում են այն մասին, որ պարզապես անիմաստ ժամանակ է կորում, այն դեպքում, երբ այդ վատնված շաբաթների կամ ամիսների ընթացքում կարելի էր ավելացնել արտադրությունն ու կարգավորել շուկայի վիճակը։ Եթե հակամարտությունը շուտ չավարտվի, ապա ներդրողները պարզապես անիմաստ կհամարեն ոլորտում հավելյալ ներդրումների կատարումը։ Pickering Energy Partners ընկերության ներդրումների բաժնի ղեկավար Դեն Պիկերինգն էլ կարծում է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարի տակտիկան շատ խոցելի է եւ կարող է ամառային սեզոնի գալստյան հետ բենզինի գների նոր թանկացումներ սկսել, որը պարզապես կլինի ցավոտ առերեսում շարքային սպառողների համար։ Ներկայումս Միացյալ Նահանգներում մեկ գալոն բենզինն արժի 4,18 դոլար կամ 1 լիտրը 1,1 դոլար, ինչը ռեկորդ կարելի է համարել՝ 22 թվականի ամառվանից սկսած։ Մեկ օրում բենզինը թանկացել է 6 ցենտով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր