Ոչ մի անգամ ոչ պատերին են ծեփել, ոչ էլ բորդյուրները լիզել տվել, դուք եք եկել ու մարդկանց մականուններ տվել.փոխքաղաքապետը` ՔՊ-ին
Thu, 07 May 2026 21:06:25 +0400

Այսօր Գյումրու ավագանու նիստը անցավ բավականին լարված և թեժ քննարկումների մթնոլորտում։ Քննարկման առանցքում էին սուբվենցիոն ծրագրերի իրականացումն ու կառավարության հետ համագործակցության հարցերը։
Քաղաքապետի փոխարինող Ավետիս Սռաքելյանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Գյումրու իշխանությունները հրաժարվում են սուբվենցիոն ծրագրերից և բավարար չափով չեն համագործակցում կառավարության հետ։
Նա պնդեց, որ այդ մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում՝ ընդգծելով, որ համայնքում իրականացվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր, որոնք ֆինանսավորվել և կյանքի են կոչվել պետական աջակցությամբ։
Նա ներկայացրեց փաստեր և տվյալներ՝ նշելով, որ բոլոր ծրագրերը իրականացվել են վերահսկելի և թափանցիկ ձևով, իսկ ֆինանսական միջոցների օգտագործումը ամբողջությամբ փաստաթղթավորված է։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև վարչապետի այն պնդմանը, թե հատկացված միջոցները «անհայտ ուղղություններով են ծախսվում»։ Այս հայտարարությունը ևս փոխքաղաքապետը հերքեց՝ նշելով, որ գումարները ուղղվել են կոնկրետ ծրագրերի և ունեն հստակ հաշվետվություններ։
Նիստի վերջնամասը վերածվեց քաղաքական բանավեճի։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Էմմա Բարսեղյանը բարձրաձայնեց շիրակցիներին պիտակավորելու թեման, ինչին ի պատասխան ընդդիմադիրները հիշեցրին իշխանության ձախողումները Գյումրիում։ Կողմերը միմյանց հորդորեցին առաջիկայում զուսպ և գրագետ քարոզարշավ վարել։
Առաքելյանը ևս կոշտ ձևով արձագանքեց ՔՊ-ին` ասելով․ «Դուք եք միշտ եկել ու մարդկանց մականուններ տվել, ձեր խոսելաոճը միշտ եղել է անձնական դաշտ մտնելը։ էս երկրում միշտ պահպանվել է քաղաքական էթիկան, ոչ մի անգամ ոչ պատերին են ծեփել, ոչ էլ բորդյուրները լիզել տվել»,– շարունակեց նա՝ ընդգծելով, որ հանրային խոսքում պետք է պահպանվի կոռեկտության սահմանը` հիշեցնելով, որ նախկինում ևս այդ մոտեցումը համարվել է կարևոր սկզբունք։
«Խնդրում եմ այսօր էլ բոլոր կողմերին պահպանել այդ էթիկան՝ սկսած ինձանից»,– ասաց նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր