Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում
Tue, 21 Jul 2026 10:18:31 +0400

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։
«Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում, սկսում է մտածել իր կյանքում արած-չարածի մասին։ Հիմա ես, օգտագործելով ազատ ժամանակը, մտածում եմ՝ ի՞նչ եմ արել, ի՞նչ կարող էի անել, ի՞նչը չեմ արել։
Ու մտքերն ինձ վստահություն ու լավատեսություն են տալիս։ Ամբողջ կյանքումս կառուցել եմ։ Հայաստանում եմ կառուցել։ Չեմ խլել, աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին։ Կառուցել եմ կամ վերակառուցել եմ, կամ կիսաավեր վիճակում գտնվող հիմնարկները շենացրել։
Հայաստանում կառուցել եմ գործարաններ, հյուրանոցներ, շենքեր, մարզասրահներ, ճանապարհներ, օլիմպիական համալիր, կրթական օջախներ, հիմա էլ՝ Քրիստոսի արձանը, որն աշխարհում նմանը չի ունենալու։
Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են։
Շատերը գիտեն, որ իմ օրը սկսվում է տարբեր կառույցների շինհրապարակներ այցելելով։ Սա գեն է, տեսակի հարց է։
Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում։ Ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել։ Կառուցելու եմ հենց Հայաստանում։ Ինչո՞ւ եմ սա շեշտում։ Լսում էի հարևան երկրի պաշտոնյաների խոսքերը Հայաստանի մասին. նոր պահանջներ, նոր սպառնալիքներ։ Ու առաջին միտքը, որ ծագում է մոտս, Հայաստանում կառուցելն է։ Աստված որքան տա՝ կառուցելու եմ։ Հետո կկառուցեն իմ որդիները, թոռները։ 200 տարի էլ անցնի՝ Հայաստանում մի լավ բան է կառուցվելու։ Կլինի եկեղեցի, կլինի գործարան թե դպրոց, պատին փորագրվելու է՝ կառուցել է Ծառուկյանը։ Սա ճակատագիր է։
Ամիսներ առաջ արտերկրում մի հանդիպման ժամանակ աշխարհի լավագույն համալսարաններից մեկի ներկայացուցիչն ինձ պաշտոնապես առաջարկեց Հայաստանում հիմնել իրենց մասնաճյուղը։ Բոլորը զարմանքից շշմել էին։ Մեր տարածաշրջանի երկրներից նման առաջարկ ոչ մեկը չունի։ Հանդիպմանը ներկա իմ գործընկերոջը լիազորեցի սկսել բանակցություններ և աշխատել այդ ուղղությամբ։ Հիմա նույն կերպ ասում եմ՝ կանգ չառնեք, անկախ բոլոր դժվարություններից՝ կանգ չառնեք։ Ես այդ նախագծում մեկ լումա օգուտ չունեմ։ Բայց Հայաստանը ունենալու է ահռելի մեծ օգուտ։ Շարունակեք աշխատանքը։ Շարունակենք աշխատանքը մեր երկրի համար։ Հայաստանը կառուցելով է շենանալու»,- ասվում է ուղերձում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր