Չորեքշաբթի , 5 Օգոստոսի 2026

Ամեն ինչ կանենք, որ Հայաստանը շարունակի երազել. «Արարատ-Արմենիայի» մարզիչ

Ամեն ինչ կանենք, որ Հայաստանը շարունակի երազել. «Արարատ-Արմենիայի» մարզիչ

Wed, 05 Aug 2026 15:45:53 +0400


Գրել էինք, որ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ կամային հաղթանակ է գրանցել Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» նկատմամբ՝ 2:1 հաշվով։

Հանդիպումից հետո երևանյան թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ամփոփել է խաղը՝ ընդգծելով մրցակցի բարձր մակարդակն ու կարևորելով իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքը։

Պորտուգալացի մասնագետը նշել է, որ «Ցելյեն» այս մրցաշրջանում իրենց ամենաբարդ մրցակիցն է եղել և առանձնացրել է այն դժվարությունները, որոնք սլովենական թիմը ստեղծել է խաղի ընթացքում։

«Չեմ ցանկանում առանձնացնել որևէ կոնկրետ դրվագ։ Կարող եմ ասել միայն, որ սա մեզ համար ամենաբարդ դիմակայությունն էր այս մրցաշրջանում։ Երբ մրցակիցը վերահսկում էր գնդակը, մենք խնդիրներ էինք ունենում։ Պատասխան հանդիպումը լինելու է շատ ծանր»,– նշել է Տուլիպան։

Մարզիչը շնորհակալություն է հայտնել իր ֆուտբոլիստներին՝ ընդգծելով, որ կարճ ժամանակահատվածում նման մակարդակի խաղեր անցկացնելը մեծ ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածություն է պահանջում։

Տուլիպան անդրադարձել է նաև երիտասարդ ֆուտբոլիստ Միշել Այվազյանի խաղին։ Նրա խոսքով՝ տարիքը երբեք չպետք է որոշիչ գործոն լինի, եթե խաղացողը պատրաստ է, աշխատասեր է և վստահություն է ներշնչում։

«Ես սիրում եմ հնարավորություն տալ այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց աշխատանքով վաստակում են այդ հնարավորությունը։ Միշելը կարող է հանդես գալ կիսապաշտպանության տարբեր դիրքերում և մեծ ներուժ ունի։ Մարզիչները չպետք է վախենան երիտասարդներին խաղալու հնարավորություն տալուց»,– ասել է նա։

Անդրադառնալով «Ցելյեի» գլխավոր մարզչի հայտարարությանը, ըստ որի՝ պատասխան խաղում սլովենական թիմը պատրաստվում է փոխել դիմակայության ընթացքը, Տուլիպան նշել է, որ յուրաքանչյուր մարզիչ պետք է հավատա իր թիմի հնարավորություններին։

Նա ընդգծել է, որ «Արարատ-Արմենիան» մեծ նպատակներ ունի և ցանկանում է փոխել հայկական ֆուտբոլի մասին ձևավորված կարծրատիպերը։

«Շատերը թերագնահատում են հայկական ֆուտբոլը և կարծում են, որ այստեղ բավարար մակարդակ չկա։ Սակայն մենք ունենք որակ և ցանկանում ենք դա ապացուցել բոլորին։ Պատասխան խաղը մեզ համար շատ կարևոր է, և մենք պատրաստ ենք բարձրացնել հայկական ֆուտբոլի նշաձողը»,– հայտարարել է մարզիչը։

Խոսելով պատասխան հանդիպման մասին՝ Տուլիպան նշել է, որ այս անգամ թիմը չի կարող հենվել առաջին խաղից հետո ունեցած երկու գնդակի առավելության վրա և պետք է առավելագույն կենտրոնացվածությամբ գործի։

Նրա խոսքով՝ գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի լիգայի փուլ հասնելն է կամ առնվազն Եվրոպայի լիգայի հիմնական փուլում հայտնվելը։

«Ոչինչ և ոչ ոք մեզ չի կարող խանգարել երազել։ Ես և ֆուտբոլիստները ամեն ինչ կանենք, որպեսզի այս երկիրը շարունակի հավատալ։ Եթե մեզ չհաջողվի, դա չի նշանակի, որ ջանք չենք գործադրել։ Պարզապես կնշանակի, որ մրցակիցը եղել է ավելի ուժեղ»,– եզրափակել է Մանուել Տուլիպան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե «պարսպապատ» մարդիկ ապապարսպապատեն իրենց

Եթե «պարսպապատ» մարդիկ ապապարսպապատեն իրենց Tue, 04 Aug 2026 19:15:18 +0400 Հարեւան փողոցում նոր տուն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով