Կիրակի , 16 Օգոստոսի 2026

«Գնա այնտեղ՝ չգիտեմ՝ որտեղ, բեր դա՝ չգիտեմ՝ ինչ»

«Գնա այնտեղ՝ չգիտեմ՝ որտեղ, բեր դա՝ չգիտեմ՝ ինչ»

Sun, 16 Aug 2026 15:15:54 +0400


«…ԵԱՏՄ շրջանակում եղած խնդիրները ծագում են Հայաստանում գործող պատերազմի եռագլուխ կուսակցություններից, դա ակնհայտ փաստ է և հիմա առավել ևս, որովհետև կամ նրանց են ինչ-որ բան խոստացել, կամ իրենք են ինչ-որ բան խոստացել, հիմա էնտեղ կա որոշակի լարում, ես չգիտեմ՝ ով ում ինչ ա խոստացել, բայց ակնհայտորեն էդ խոստումները չեն կատարվել և հիմա էդ խոստումների չկատարման պարզաբանումների կոնտեքստում է, որ էս պրոբլեմները առաջանում են, ինչը լուրջ չի….»։

Այս ծավալուն մեջբերումը, ինչի համար հազար ներողություն եմ խնդրում «Հրապարակ»-ի ընթերցողներից, պատկանում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Բայց եթե վերջինս ադեկվատ լիներ՝ նման բան դժվար թե ասեր: Որովհետև ինքն իր ասածի արժեքը կիմանար ու կգնահատեր: Այնինչ, այստեղ ես նման երևույթ չի նկատվում: Հիմնավորեմ. որտեղի՞ց է, նախ, ակնհայտ, որ ԵԱՏՄ խնդիրները ծագել են ընդդիմությունից: Երկրորդ, ինչի՞ հիման վրա է ենթադրվում, որ եղել են ինչ-ինչ խոստումներ: Երրորդ, որտե՞ղ է ապացույցը, որ պրոբլեմները առաջանում են խոստումների չկատարման պարզաբանումների համատեքստում: Եվ, վերջապես, ինչի՞ հիման վրա է որոշվել, որ դա լուրջ բան չէ:

Ինչպես երևում է, վերը մեջբերված տեքստի էությունը շատ նման է ռուսական ժողովրդական հեքիաթի՝ «Գնա այնտեղ՝ չգիտեմ՝ որտեղ, բեր դա՝ չգիտեմ՝ ինչ» վերնագրին: Առաջին հայացքից թվում է, թե համեմատությունը ձեռառնոցի է կամ առնվազն կաղում է: Բայց դա այդպես չէ, որովհետև որևէ եզրակացություն կատարելու համար պետք է իմանալ, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը: Նախ, պարզ չէ, թե ինչն է եղել խոստման առարկան: Ավելի հասկանալի լինելու համար բերեմ մի օրինակ ոչ վաղուցվա մեր անցյալից: Ինչի դեպքում, կարելի է ճշտել, ասենք, թե ով է եղել այս կամ այն գործողության նախաձեռնողը և դրա հիման վրա՝ երկխոսության առարկան:

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի խոստովանությունից մենք իմացել ենք, որ 2018 թ.-ի սեպտեմբերի վերջին Դուշանբեյի «վերելակային» հանդիպումից հետո վարչապետի հրահանգով վերջինս շարունակ փակ ծրար է փոխանցել ադրբեջանցի իր գործընկերոջը: Այստեղ ևս չգիտենք, թե ինչ է գրված եղել այդ ծրարներում և ով է եղել նախաձեռնողը: Բայց հաշվի առնելով Արցախում վարչապետի որդու ծառայության ընթացքում ադրբեջանական անկանոն կրակոցների դադարեցումը՝ կարող ենք ենթադրել, որ կապ ստեղծելու նախաձեռնողը եղել է Վանեցյանի վերադասը: Քանի որ, բնականաբար, դա ձեռք է տվել իրեն: Ու, ըստ այդմ, եղել է խնդրողի դերում: Իսկ Ադրբեջանի բռնապետը նման խնդիր չի ունեցել:

Վերադառնանք խոստումների չկատարման, մեջբերման հեղինակի կարծիքով, ակնհայտ հանգամանքին: Պարզ է, որ խոստում կարող էր տալ ՌԴ նախագահը, որ կաջակցի ընդդիմությանն ԱԺ ընտրությունների առումով: Նաև խոստումներ կարող էին տալ ընդդիմադիրները ետընտրական զարգացումների առումով: Այլ բնույթի խոստումներ չէին կարող տրվել, քանի որ դերակատարները վաղուց դուրս են եկել մանկական հասակից: Բացատրեմ. հասուն տարիքում, նախքան իշխանությունը վերցնելը, դրա բարիքները բաժանելու խոսքն իսկապես լուրջ չէ: Այնինչ, մենք գործ ունենք հենց լուրջ մարդկանց հետ՝ անկախ այդ անձանց նկատմամբ մեր ունեցած համակրանքից կամ հակակրանքից:
Անցնենք ԵԱՏՄ-ի առումով ծագած խնդիրներին: Դրանք լուրջ և միակողմանի կատարված սահմանափակումներ են, այսինքն ավելի մեծ շուկա ունեցող մեր նախկին գործընկերն ինչ-որ պահից հրաժարվում է ընդունել մեր ապրանքները: Ժամկետային առումով այն համընկավ հետընտրական ժամանակահատվածին, ինչը պատահական չէր: Որովհետև եթե Ազգային Ժողովի ընտրությունը շահեր ընդդիմությունը, ապա դա տեղի չէր ունենա: Բայց քանի որ վերընտրվեց գործող իշխանությունը, ապա դա չէր կարող տեղի չունենալ: Ու ակնհայտը հենց դա էր և ոչ թե ինչ-որ անորոշ խոստումներ տալու ու դրանք չկատարելու համատեքստում առաջացած անլուրջ լարումը:

Այստեղ առկա է մի «շատ» փոքրիկ շուստրիություն կամ նրբություն՝ ինչպես մեջբերված դատողության հեղինակն է սիրում կրկնել: Ինքը լավ էլ հասկանում է, թե ինչի հետևանքով է ԵԱՏՄ-ում խնդիր առաջացել, բայց դրա մեղքն, իր բնավորության համաձայն, փորձում է հեռացնել իրենից: Այդ խնդրի և ոչ թե անլուրջ լարման պատճառի մասին բազմիցս է խոսվել: Դրանք իշխանության եվրոպամետ անմիտ քայլերն են՝ 2025-ի բացարձակ անիմաստ՝ «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքից սկսած և այս տարվա նախընտրական ժամանակահատվածում (եվրոպացիների վոյաժը) կատարվածով վերջացրած: Հատկապես Ուկրաինայի նախագահ Զելենսկուն Երևանում հակառուսական հայտարարություն անել թույլատրելը:
Սակայն այդ անձը չի կարող, չէ՞, խոստովանել, որ այդ ամենի մեղավորն ու պատասխանատուն ինքն է: Ու, բնականաբար, որպես այդպիսին կարգում է ընդդիմությանը՝ հընթացս մանիպուլյացնելով կիսագրագետ զանգվածներին և միավորներ շահելով նրանց աչքում: Դա հիմնավորելու համար բերեմ օրինակ հակառակ կողմից:

Մեջբերված խոսքից մեկ-երկու օր առաջ տեղի է ունեցել առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ խորհրդակցություն: Այդտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խոսել է աշխատավարձերի ցածր (մինչև 200 հազար դրամի) «սեգմենտում գործող ստվերային որոշակի սխեմայից»։ Այս օրինակից, ի տարբերություն վերևում ներկայացված մեջբերման, երևում է, որ խոսողը տեղյակ է, թե որտեղ ինչ է կատարվում: Եվ դրա հիման վրա էլ խնդրի լուծման ինչ-որ տարբերակներ է առաջարկում և ոչ թե ընդամենը հիպոթետիկ դատողություն է կատարում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքական կառավարությունում փոփոխություններ են սպասվում

Թուրքական կառավարությունում փոփոխություններ են սպասվում Sat, 15 Aug 2026 20:30:57 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով