Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Սեպտեմբերի 1-ին Փաշինյա՛նն էլ է դասի

Սեպտեմբերի 1-ին Փաշինյա՛նն էլ է դասի

Sat, 29 Aug 2026 16:45:36 +0400


Երբ մարդ շախմատ խաղացած չի լինում, դժվար է հավատալ, որ կարող է հաղթել լավ շախմատիստներին։ Փաշինյանը կառավարման ու դիվանագիտական մեծ փորձ չունենալով՝ միանգամից խաղի մեջ է մտել Ռուսաստանի ու Արևմուտքի հետ։ Փաշինյանի հնարավոր հաշվարկը կարող է լինել․ «Ռուսաստանը Հայաստանը չի թողնի, հետևաբար ես կարող եմ ասել՝ գնում եմ դեպի Եվրոպա»։ Պուտինի հնարավոր հաշվարկը՝ «Թող Փաշինյանը մտածի, որ ես Հայաստանը չեմ թողնի։ Բայց երբ Եվրոպա գնալը հայտարարությունից դառնա իրական քայլ, այդ ժամանակ կերևա դրա գինը»։
Հենց այդպես էլ Փաշինյանը սկսում է խաղը։ Արևմուտքին՝ «Մենք հեռանում ենք Ռուսաստանից, գնում ենք դեպի Եվրոպա»։ Ռուսաստանին՝ «Մենք ձեզ հետ հարաբերությունները խզելու նպատակ չունենք, եկեք տնտեսական հարցերը լուծենք»։

Բավական հարմար քաղաքական դիրք է, քանի դեռ երկու կողմն էլ քեզ անհրաժեշտ է համարում։
Իսկ Պուտինը, որպես ավելի փորձառու քաղաքական խաղացող, կարող է պարզապես չշտապել։ Չփակել դուռը, չգնալ վերջնական բախման և սպասել այն պահին, երբ ընտրությունը կդառնա ոչ թե խոսք, այլ գործողություն։ Որովհետև ուժեղ կողմը միշտ չէ, որ պատժում է։ Երբեմն նա պարզապես հանգիստ նստում է դիմացինի դիմաց ու ասում․ «Լավ։ Ասում ես՝ գնում ես Եվրոպա։ Իսկ ԵԱՏՄ-ի հետ ի՞նչ ես անելու»։
Սա արդեն հայտարարությունների խաղ չէ։ Սա քաղաքական ընտրություն է։
Ո՞ւմ հետ ես մնում։

Ու հենց այստեղ է սեպտեմբերի 1-ի հանդիպման ամենակարևոր իմաստը։ Եթե Կրեմլի հայտարարած օրակարգը պահպանվի, Փաշինյանի առաջ կարող է դրվել ոչ թե հերթական քաղաքական հարց, այլ իր իսկ ընտրությունների իրական գինը։ Կարելի է ասել՝ սեպտեմբերի 1-ին Փաշինյա՛նն էլ է դասի։

Շախմատում ամենաբարդ պահը միշտ չէ, որ շախն է։ Ամենաբարդ պահն այն է, երբ հասկանում ես, որ նախորդ քայլերդ արդեն սահմանափակել են հաջորդ քայլերի հնարավորությունը։ Շախից հետո միշտ չէ, որ մատ է լինում։ Բայց երբ դիմացինի քայլերի հնարավորությունները մեկը մյուսի հետևից փակվում են, արդեն պատ է։

Քաղաքականության մեջ ամենավտանգավորն այն է, երբ խաղացողը սկսում է կարծել, թե ինքն է խաղացնում բոլորին։ Մինչև հիմա Փաշինյանը կարողացել է միաժամանակ խոսել երկու կողմերի հետ։ Բայց աշխարհաքաղաքական խաղերում գալիս է մի պահ, երբ խոսքի փոխարեն քայլ են պահանջում։ Այդ ժամանակ արդեն դժվար է բոլորին համոզել, որ դու խաղն ես ղեկավարում։ Որովհետև շախմատում կարելի է երկար մտածել, բայց մի պահ է գալիս ՝ քայլը պետք է անել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի իշխանության պահպանումը կախված չէ ընդդիմախոսների չեզոքացումից

Փաշինյանի իշխանության պահպանումը կախված չէ ընդդիմախոսների չեզոքացումից Sat, 29 Aug 2026 15:45:13 +0400 Բռնապետության գնացող …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով