ԱԲ-ով ստեղծված կեղծ հոգևորականների վտանգների մասին
Wed, 02 Sep 2026 10:24:56 +0400

Սամվել դպիր Գրիգորյանն անդրադարձել է սոցիալական ցանցերում արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ հոգևորականների տարածմանը՝ ընդգծելով, որ նման բովանդակությունը կարող է լուրջ վտանգներ ստեղծել մարդկանց համար։
Նրա դիտարկմամբ՝ ԱԲ-ի միջոցով հնարավոր է ստեղծել քահանաների, վանականների կամ այլ հոգևորականների կերպարներ, որոնք աղոթքներ են ներկայացնում, հոգևոր խորհուրդներ տալիս և մարդկանց կոչ անում գրել «Ամեն» կամ տարածել հրապարակումները։ Սակայն նման կերպարները կարող են չունենալ որևէ իրական կապ եկեղեցու հետ, իսկ դրանց ներկայացրած տեղեկություններում կարող են լինել նաև աստվածաբանական սխալներ կամ սնահավատության տարրեր։
Գրիգորյանը կարևոր վտանգներից է համարում նաև մարդկանց վստահության շահարկումը։ Նրա խոսքով՝ նման էջերը կարող են հետագայում օգտագործվել նվիրատվություններ հավաքելու, կեղծ «հոգևոր ծառայություններ» առաջարկելու կամ օգտատերերի անձնական ու ֆինանսական տվյալները ձեռք բերելու նպատակով։
Նա նաև զգուշացնում է, որ ԱԲ-ի միջոցով հնարավոր է կեղծել ոչ միայն գոյություն չունեցող, այլև իրական հոգևորականների դեմքն ու ձայնը։ Այդ պատճառով միայն ծանոթ դեմքն ու ձայնը չպետք է դիտարկվեն որպես տեսանյութի իսկության ապացույց։
Սամվել դպիր Գրիգորյանը հորդորում է նման հրապարակումները չտարածել և չարձագանքել դրանց միայն այն պատճառով, որ հեղինակները կրոնական բովանդակություն են ներկայացնում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստուգել ներկայացվող տեղեկության աղբյուրը և համոզվել, որ խոսողը իրականում այն անձն է, ում անունից հանդես է գալիս։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր