Մեր երկրի ապագան կախված է մեզնից․ «Ապրելու երկիր» կուսակցություն
Mon, 21 Sep 2026 12:17:08 +0400

«Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը.
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մեծ տոն է, թերևս ամենանշանավոր տոնը մեզ համար։
Անկախությունը մեր ժողովրդի դարավոր պայքարի, նվիրումի և միասնական կամքի արդյունքն է։ Այն մեզ տրված ժառանգություն չէ միայն, այլ ամեն օր պահպանելու, ամրապնդելու և սերունդներին փոխանցելու պատասխանատվություն։
Մենք՝ որպես ժողովուրդ, անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով և ամեն անգամ կարողացել ենք վերագտնել ինքներս մեզ, վերականգնվել ու շարունակել առաջ շարժվել։
Այսօր էլ պետք է առաջնորդվենք մեր ժողովրդի մեծ ներուժով և իմաստնությամբ: Մեր ազգն ունի բոլոր հնարավորությունները՝ կառուցելու անվտանգ, զարգացած և բարեկեցիկ Հայաստան, որտեղ հայ մարդը կապրի վստահությամբ, կաշխատի, կստեղծի և իր ապագան կկապի իր հայրենիքի հետ:
Անկախության կերտման պատմությունը մեզ պարտավորեցնում է լինել արժանի այդ անկախությանը և ամեն օր մեր աշխատանքով ու նվիրումով ամրապնդել մեր պետականությունը։
Մեր երկրի ապագան կախված է մեզանից՝ մեր որոշումներից և մեր միասնական կամքից։
Եվ թող անկախ Հայաստանի առաջիկա տարիները լինեն խոհեմության, զարգացման և խաղաղության տարիներ։
Շնորհավո՛ր Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը:
Խոնարհում Հայրենիքի ազատության համար զոհվածների հիշատակին»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր