Մարկ Ռիժկով․ ինչպես ռուս բժիշկը դարձավ հայկական պոեզիայի թարգմանիչ
Thu, 01 Oct 2026 21:00:36 +0400

Մարկ Նիկոլայի Ռիժկովը (1935-1988) ողջ կյանքում աշխատել է բժշկության ոլորտում։ Սակայն նաեւ զբաղվել է գրականությամբ ու արվեստով։ Ծնվել է 1935 թվականին՝ Դոնբասի Խանժյոնկովո գյուղում։ Երեք տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Սվերդլովսկ, որտեղ գերազանցությամբ ավարտել է դպրոցն ու ընդունվել Սվերդլովսկի բժշկական համալսարան։ 1963 թվականից աշխատել է տեղի թիվ 1 քաղաքային հիվանդանոցում։ 1971 թվականից գլխավորել է դիահերձման բաժանմունքը։
Ռիժկովի ստեղծագործական հետաքրքրությունները դրսեւորվել են դեռ պատանի տարիքից։ Գրել է բանաստեղծություններ, զբաղվել է գեղանկարչությամբ, լուսանկարներով, քանդակագործությամբ։ 1970-ական թվականներին ստեղծել է «Պաթոլոգիաների սոնետներ» բանաստեղծական շարքը՝ նվիրված բժշկի մասնագիտությանը։ Առաջին անգամ դրանք տպագրվել են արդեն հետմահու՝ 2005 թվականին։
Ռիժկովի կյանքում Հայաստանը հատուկ տեղ է գրավել։ 1970 թվականին նա այցելել է Երեւան՝ դիահերձող բժիշկների համամիութենական համագումարին մասնակցելու։ Հայաստանը շատ մեծ տպավորություն է թողել նրա վրա՝ իր բնությամբ, հին ու հարուստ մշակույթով, պատմությամբ եւ պոեզիայով։ Ուղեւորությունից հետո Ռիժկովը որոշում է ինքնուրույն հայերեն սովորել, իսկ հետո արդեն սկսում է զբաղվել հայերենից ռուսերեն հայկական պոեզիայի թարգմանություններով։ 70-ականների վերջերից նրա թարգմանությունները մշտապես տպագրվել են ռուսաստանյան գրական մամուլում՝ Սվերդլովսկում, Մոսկվայում, նաեւ՝ Երեւանում։ Թարգմանել է Չարենց, Սեւակ, Սիլվա Կապուտիկյան, Հովհաննես Շիրազ, Գեւորգ Էմին, Համո Սահյան եւ այլ հայ բանաստեղծների ստեղծագործություններ։ Ժամանակակիցները նկատել են թարգմանչական աշխատանքի հանդեպ Ռիժկովի ունեցած առանձնահատուկ մոտեցումը։ Նա ինքնուրույն է սովորել հայերեն եւ, ի տարբերություն շատ թարգմանիչների, աշխատել է թարգմանել այնպես, որ ճշգրիտ փոխանցի ոչ միայն ստեղծագործության իմաստն ու բովանդակությունը, այլ նաեւ էմոցիոնալ խորքը, ինտոնացիան, ռիթմը, հնչողությունը։ Ռիժկովի թարգմանությունները բարձր է գնահատել Հովհաննես Շիրազը։ Նրանք ծանոթացել են Երեւանում։ Ի դեպ, ռուս թարգմանիչը կիրառել է հայկական գրական կեղծանուն՝ իր ազգանունը նույնպես թարգմանելով՝ Մարկոս Շեկոյան։
Հայաստանի մասին Ռիժկովի բանաստեղծությունները ռուսերենից հայերեն թարգմանել է Սիլվա Կապուտիկյանը։ Ռիժկովը մահացել է 1988 թվականի դեկտեմբերի 15-ին, 53 տարեկան հասակում։ Գերեզմանին զետեղված է հայկական տուֆից հայկական խաչքար, որի հեղինակը քանդակագործ Հենրիխ Համբարձումյանն է։ Այդ խաչքարն էլ դարձել է Ռիժկովի եւ Հայաստանի հոգեւոր կապի ու հարազատության սիմվոլը։ 2014 թվականին Եկատերինբուրգում հրատարակվել է «Հայաստանի պոեզիան՝ Մարկ Ռիժկովի թարգմանություններում» գիրքը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր