Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Սե՜նց էլ սխալ քայլ…

Սե՜նց էլ սխալ քայլ…

Sat, 10 Oct 2026 19:45:00 +0400


Այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սխալ քայլեր է անում, նորություն չէ: Որ դրսևորում է ոչ ադեկվատ վարք՝ դա էլ նորություն չէ: Որ դրանք ծանրորեն են անդրադառնում իր ղեկավարած պետության ճակատագրի վրա, դժբախտաբար, իրականություն է: Այնպիսին, որից խուսափել հնարավոր չէ՝ քանի դեռ ինքն է վարչապետը: Ինչևէ, ինչ էլ անի՝ սխալ թե ոչ ադեկվատ, երբեք չի ընդունում դրանք: Այդ անձին թվում է, թե ինքն անսխալական է: Թեև տեսականորեն տեղյակ է, որ մարդը սխալական արարած է: Թե ինչպես են այդ երկու գաղափարները կենակցում (զուգահեռ գոյություն ունենալու իմաստով) նրա ուղեղում՝ դժվար է ասելը: Ճիշտ է, ուղեղային հակասությունից ազատվելու նպատակով մեկ-մեկ ինքն իրեն համեմատում էր Քրիտոսի հետ (մեղա՜, մեղա՜), բայց դե նրա գիտակցությունը տեղյակ է, չէ՞, որ դա այդպես չէ: Որքան էլ սուտը դարձած լինի իր երկրորդ «ես»-ը: Թե ինչպես է հնարավոր նրան ազատել այդ երկվությունից՝ պետք է ասեն հոգեբույժները՝ հնարավորության պարագայում:

Տեսական առաջաբանից անցնենք քննարկվելիք հարցի գործնական կողմին: 2002-ին միջազգային հանրության կողմից հիմնադրվեց Միջազգային քրեական դատարանը: Այն կոչված է քննելու պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործությունները: ՀՀ-ն այդ դատարանին միացավ 2024 թվականի փետրվարին: Հայտարարվեց, որ այդ քայլը կատարվում է Ադրբեջանին դատի տալու համար: Բայց դա կեղծիք էր, քանի որ Արցախն Ադրբեջանին մաս հայտարարելուց, ինչին հաջորդել էր Արցախի էթնիկ զտումը, հետո վարչապետ Փաշինյանի կողմից նման նպատակ դնելը բացարձակ անիմաստ նախաձեռնություն էր: Սակայն անիմաստ չէր՝ հաշվի առնելով, որ մինչ այդ ՄՔԴ-ը ՌԴ նախագահ Պուտինին կալանավորելու օրդեր էր արձակել: Ու ենթադրվում էր, որ նրան այդ անմիտ քայլին դրդել են եվրոպական իր հովանավորները՝ ի դեմս Եվրամիության ղեկավարության ու Ֆրանսիայի նախագահի:

Ասեմ, որ Միացյալ Նահանգները չի անդամակցել դատարանին՝ չնայած այն ձևավորվել էր իր անմիջական ակտիվ մասնակցությամբ: Ենթադրաբար նման վարքը պայմանավորված էր դատարանից բարձր կանգնած լինելն ընդգծելու մտայնությամբ: Ավելին, 2002-ին ԱՄՆ-ում ընդունվել է «Ամերիկյան զինծառայողների պաշտպանության ակտ» կոչված օրենքը: Որը թուլ է տալիս ռազմական ուժ կիրառել ՄՔԴ-ի կողմից կալանավորված ցանկացած ամերիկացու ազատ արձակման նպատակով: Ինչևէ, ՄՔԴ-ի կողմից ամերիկյան քաղաքացու նկատմամբ պաշտոնական մեղադրանք չի առաջադրել կամ կալանավորման օրդեր չի արձակել։ Թեև կատարվել են հետաքննություններ՝ կապված Աֆղանստանում ԱՄՆ ԶՈՒ-ի և Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) անձնակազմի կողմից ենթադրյալ խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և պատվի ու արժանապատվության նվաստացման դեպքերի, ինչպես նաև եվրոպական մի քանի երկրում ԿՀՎ-ի ապօրինի գործունեության հետ:

Իսկ այժմ ամենաթարմ նորությունը. ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի նկատմամբ՝ դատարանի նախկին դատավոր Նավի Փիլային Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առնչությամբ: Մինչ այդ ԱՄՆ-ի և ՄՔԴ-ի հակամարտության գլխավոր շարժառիթը ՄՔԴ-ի կողմից Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Գալանտի նկատմամբ կալանավորման օրդերներ արձակելն էր։ ԱՄՆ-ն խոստացել էր պաշտպանել իր դաշնակցին ՄՔԴ-ի հետապնդումներից։ Նավի Փիլան էլ հարվածի տակ է ընկել, քանի որ, նախ, հենց ինքն է ստացել մրցանակը և ոչ թե Թրամփը: Եվ երկրորդ, նա ոչ միայն ՄՔԴ նախկին դատավոր էր, այլև դրանից հետո ղեկավարել է ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովը, որը պաշտոնապես եզրակացրել էր, որ Իսրայելը Գազայի հատվածում իրականացնում է ցեղասպանություն։ Եթե նախկինում ԱՄՆ-ը թիրախավորում էր կոնկրետ անհատ դատախազների կամ դատավորների, ապա այժմ ողջ դատարանն է հայտնվել ԱՄՆ ֆինանսների նախարարության «սև ցուցակում»:

Դե հիմա պատկերացրեք «մեծարգո վարչապետ» Փաշինյանի խղճուկ վիճակը՝ ամերիկյան վարչակազմի հետ շփվելիս: Հասկանալի է, որ պաշտոնապես նրան չեն հիշեցնելու երկուսուկես տարի առաջվա անպատասխանատու և մեր երկրի շահերին բացարձակ չհամապատասխանող քայլը: Բայց վստահ եմ, որ իր նոր հովանավորը ոչ պաշտոնապես դրան դիմելու առիթը բաց չի թողնի՝ հաշվի առնելով վերջինիս խառնվածքը: Ընտրակեղծիքներով պայմանավորված՝ լեգիտիմության բացակայության պայմաններում նոր հովանավորից հիմա էլ ՄՔԴ-ի առումով հիշեցումը Փաշինյանին ստիպելու է, որպեսզի ինքը վերջապես ընդունի, որ սխալ քայլեր է անում: Ու դա չի կարող արդարացնել «չեմ հիշում» կամ «խի, ես նման բա՞ն եմ ասել» պնդումներով: Դա, իհարկե, որևէ նյութական ազդեցություն չի ունենա, բայց դե…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչի համար է նախկին եպիսկոպոսը դատապարտվել 6,5 տարվա ազատազրկման

Ինչի համար է նախկին եպիսկոպոսը դատապարտվել 6,5 տարվա ազատազրկման Sat, 10 Oct 2026 11:00:04 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով