Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Միջամտությունները հասցրել են նրան, որ, օրինակ, ՀՅԴ-ն չի առաջադրվել

«Հրապարակ». Միջամտությունները հասցրել են նրան, որ, օրինակ, ՀՅԴ-ն չի առաջադրվել

Thu, 22 Oct 2026 08:45:03 +0400


«Հրապարակի» զրուցակիցն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն է:

– Աշնանային ՏԻՄ ընտրությունները, որոնց միջոցով համայնքային իշխանություններ են ձեւավորվելու 40-ից ավելի համայնքներում, շատ տխուր պատկեր են գծագրում, որին Դուք էլ եք անդրադառնում` իշխանությունների կողմից իրականացվող ապօրինություններին էլ եք գնահատականներ տալիս: Օրերս գրել էիք, որ Արմավիրի մարզպետն ընդդիմության շրջանում սպառնացել է, որ ընդդիմադիր ուժերից մեկի ներկայացուցչի որդին բանակում խնդիրներ կունենա` ճնշում գործադրելով, որպեսզի իր թեկնածությունը հանի, ինչից հետո մարզպետը հայտարարել էր, որ Ձեր դեմ դատական հայց է ներկայացնելու, քանի որ իրեն զրպարտել եք: Հոկտեմբերի 21-ին տեղեկացանք, որ Ստեփանավանում ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուն եւ 13 անձ: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է կատարվում այժմ երկրում, ինչո՞ւ են իշխանությունները որոշել այս ձեւով պայքարել քաղաքական հակառակորդների դեմ: Նիկոլ Փաշինյանը զոհի դերում է ներկայանում, իր գրառումներով փորձում է ներկայացնել, թե իբր ապօրինությունների դեմ է պայքարում, բայց քայլերը հակառակի մասին են փաստում:

– Արմավիրի մարզպետը կարող է հանգիստ ինձ դատի տալ, դա իր պրոբլեմն է, ինչ ուզում է` կարող է անել, կարող է վիճարկել, որ երկինքը կապույտ է, հետո ի՞նչ: Դա իր իրավունքն է: Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունը զոհի կերպարի մեջ է մտել, ապա ես ավելի կոնկրետ այս պրոցեսը ոչ թե իշխանության եւ ընդդիմության միջեւ կբաժանեի, այլ կբաժանեի բարեխիղճ եւ անբարեխիղճ խաղացողների միջեւ: Նմանները կան երկու կողմում էլ, կան թե՛ բարեխիղճներ, թե՛ անբարեխիղճներ: Այսինքն` երկուսում էլ կան մարդիկ, ովքեր կողմ են օրինականությանը, եւ հակառակը` կան մարդիկ, ովքեր կողմ են ապօրինություններին: Ինչ վերաբերում է Ստեփանավանում տեղի ունեցածին, ապա գործ ունենք առերեւույթ ընտրակաշառքի հետ, տեսագրություն էլ կա:

– Բայց չկա դատարանի վճիռ, չկա կոնկրետ ապացույց, որ անձը կաշառք է բաժանում, փող հաշվելը, ամեն դեպքում, ընտրակաշառք չէ:

– Եթե կանխիկով փող են տալիս, դա արդեն իսկ խոսում է…. կանխիկով փող էս դարում ո՞վ է ում տալիս: Ինչ վերաբերում է դատավճռին, ապա դրա համար էլ ես ասացի` առերեւույթ ընտրակաշառք: Դա առերեւույթ ընտրակաշառք է: Կլինի դատավճիռ, ամեն բան հստակ կլինի, կա՛մ «առերեւույթ» բառը կհանվի, եւ կապացուցվի, որ ընտրակաշառք է, կա՛մ հակառակը` դատավճիռ կկայացվի, որ ընտրակաշառք չի բաժանվել:

– Ընդդիմադիրների ցուցակներից աննախադեպ թվով թեկնածուներ են ինքնաբացարկ հայտնում, նրանցից մի քանիսին աշխատանքից են ազատել` ընդդիմության շարքերը համալրելու համար: Ի՞նչ պրոցես է սա:

– Ինքնաբացարկների մի մասը նորմալ է, մի մասը` ոչ: Օրինակ` «Հայրենիք» կուսակցության մասով նրանք ինքնաբացարկ են հայտնել, որովհետեւ ցանկանում են, որ ընդդիմության ձայները չկիսվեն: Մեր դիտորդները տեղում փորձել են ուսումնասիրել` եղե՞լ են ճնշումներ, սակայն Ստեփանավանից ասել են, որ ճնշումներ չկան, բայց դա չի նշանակում, որ ամենուր այդ պատկերն է: Օրինակ` Իջեւանից, Արմավիրից, Գավառից, Արթիկից էլ հակառակն են պնդում: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ավելի կոնկրետ` ահազանգերի համաձայն, տարբեր միջամտությունները հասցրել են նրան, որ, օրինակ, Դաշնակցությունը չի առաջադրվել ընտրություններում:

– Մի կարեւոր հանգամանքի վրա եւս ուզում եմ ուշադրություն դարձնենք` ընդդիմության թեկնածուները գնում են անձնագրայիններ` առաջադրման համար տեղեկանք վերցնելու, սակայն անձնագրայինից դուրս գալուց հետո, դեռ տուն չհասած, անձնագրայինների տնօրեններն իշխանություններին հայտնում են, թե ով է թեկնածություն առաջադրել, որտեղ է աշխատում եւ այլն, եւ մարդիկ սպառնալիքներ են ստանում անմիջապես:

– Փոքր երկիր է, փոքր երկրներում այնքան ձեւեր կան՝ դրանք ճշտելու: Ես՝ ինքս, անձնագրայինների հետ կապ չունեմ, սակայն փոքր երկրներում համայնքի ղեկավարը կարող է զանգել անձնագրային եւ ճշտումներ կատարել, կամ ինչ-որ մեկը կարող է զանգել անձնագրայինում աշխատող իր ծանոթին եւ հարցնել, թե ով է եկել տեղեկանք վերցնելու:

– Այսինքն` կարող ենք ֆիքսել, որ մեր երկրում մարդու անձնական տվյալների գաղտնիությունը եւս չի գործում ընդհանրապես:

– Ես չեմ ասում, թե դա նորմալ է: Ուղղակի չեմ բացառում, որ նման դեպքեր եղել են: Հայաստանում, այո, անձնական տվյալների պաշտպանությունը, մեղմ ասած, լավ վիճակում չէ: Բայց, ամեն դեպքում, եթե անձն առաջադրվում է, դա հո գաղտնի չէ՞ր մնալու:

– Գաղտնի չէր մնալու, սակայն այդ մասին տեղեկությունը տարածվելու էր օրենքի սահմաններում:

– Հասկանալի է, ես չեմ արդարացնում, ուղղակի դա ամենածանր հանցագործությունը չէ: Այստեղ խնդիրն այն է, որ մարդկանց վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի մարդիկ հրաժարվեն առաջադրվելուց, սա է ամբողջ խնդիրը: «Անկախ դիտորդ» դաշինքը, որի շրջանակներում ես նույնպես դիտորդ եմ լինելու կիրակի օրը, այս բոլոր հարցերով զբաղվում է:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից

«Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Wed, 11 Nov 2026 08:45:20 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով