Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Չեմ կարծում, թե Քոչարյանը կապ ունի հոկտեմբերի 27-ի հետ

Չեմ կարծում, թե Քոչարյանը կապ ունի հոկտեմբերի 27-ի հետ

Tue, 27 Oct 2026 21:15:59 +0400


Որպես նախիններին ընդդիմադիր՝ ժամանակին հետևել եմ այն մտայնությանը, թե հոկտեմբերի 27-ի սպանդը ձեռնտու էր նախագահի պաշտոնը զբաղեցնող, սակայն երկրում երկրորդական դերակատարում ունեցող Ռոբերտ Քոչարյանին: Քանի որ, ի վերջո, դրանից շահեց հենց ինքը: Եվ կազմակերպիչների բացահատումը տեղի չունեցավ ո՛չ իր և ո՛չ էլ իր հաջորդի՝ Սերժ Սարգսյանի օրոք: Բայց դա նման է այսբերգի երևացող մասի չափով ամբողջի վերաբերյալ պատկերացում կազմելուն: Այն ծովի մակերևույթի որևէ կետից կարող է փոքր բլուր թվալ: Սակայն այդ կետից չի երևում, որ երևացող մասն ամբողջի ընդամենը փոքր հատվածն է: Նույն տրամաբանությունն է գործում նաև այս հարցի առումով հանրության պատկերացման հետ: Մարդիկ տեսան, որ սպանդից հետո ամրացավ ՀՀ երկրորդ նախագահի իշխանությունը: Բայց մոռացան, որ նախքան ամրացումը նրան էր ներկայացվել նոր կառավարության ցուցակ: Ու եթե ինքը նահանջեր ու հաստատեր ցուցակը, կլիներ դրանց գերին: Կամ էլ անընդհատ պետք է կռիվ տար դրանց դեմ՝ հաշվի առնելով իր խառնվածքը:

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը չի եղել սպանդի պատվիրատուն, հաստատվում է մեկ այլ հանգամանքով: Մարտի 1-ը (դա առանձին թեմա է) և հոկտեմբերի 27-ը բացահայտելու՝ նաև այլ խոստումներով, հայաստանցիներին հիմարացրած Փաշինյանը, կարգվելով վարչապետ, էական ոչինչ չգումարեց այն ամենին, ինչ վաղուց արդեն հայտնի էր նախկինում: Հարց է առաջանում՝ եթե նախկիններին ձեռք չէր տալիս բացահայտումը, ապա ի՞նչն է խանգարում Նիկոլին: Վերջինս ոչինչ չի անում կամ չի կարողանում անել՝ չնայած ժամանակ առ ժամանակ թարմացնում է մարդկանց հիշողությունը՝ քրեական գործի մասին խոսելով: Ենթադրում եմ, որ պատճառը Նիկոլի մեջ չէ, այն դրսում է: Եվ, ըստ այդմ, հոկտեմբերի 27-ի սպանդի բացահայտումը դժվար թե տեղի ունենա առաջիկա երեսուն-քառասուն տարում: Հաշվի առնենք, որ իրականացնողը մինչ հանցագործություն կատարելը մի քանի ամիս անցկացրել է Թուրքիայում՝ հեռուստատեսային ֆիլմ նկարահանելու պատրվակով: Սակայն ֆիլմն այնպես էլ չի ցուցադրվել, իսկ Թուրքիան, չմոռանանք, ՆԱՏՕ-ի անդամ է:
Շատ ավելի հեշտ է պատասխանելը, թե ինչու որոշվեց սպանդի կազմակերպումը: Վազգեն Սարգսյանի կողմից Կարեն Դեմիրճյանի հետ դաշնակցելը նախկինների ու գործողների համախմբում էր: Դա Հայաստանը դարձնում էր տարածաշրջանի առումով հարց լուծող հզոր ուժ: Ինչը, բնական է, ձեռք չէր տալիս Թուրքիային և թե շատ ավելի հզոր այլ դերակատարների: Եվ նման զարգացումն ուղղակի խեղդվեց այդ ուժերի կողմից: Սա այն դեպքն է, երբ կարելի է ընդունելի համարել հզոր ուժերի պարտադրանքի վերաբերյալ Սերժի խոսքը: Ինչն ասվեց 2018-ին իշխանությունն անարյուն Նիկոլին հանձնելու համատեքստում: Ուղղակի այն տարիներին շատ ավելի գործածական տարբերակ էր հենց արյուն թափելը:

Այսօր ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբինյան Ռուբենը լրագրողներից հարցնում է, թե նախկինները, եթե անձամբ մասնակցություն չունեին այդ սպանդում, ինչու չբացահայտեցին կազմակերպիչներին: Նույն հարցը կարող եմ տալ իրեն՝ բացահայտման խոստում տված Նիկոլն ինչո՞ւ չի կատարում իր խոստումը: Ինչ մնում է Ռուբինյանի վկայակոչած՝ թարմ հետքերով հանցագործուևթյունը բացահայտելուն, ապա դա ճիշտ է, բայց ոչ այս բնույթի գործերում: Ընդհակառակը, այս տիպի հանցագործությունները բացահայտվում են շատ ավելի ուշ: Այն ժամանակ, երբ հանցագործության դերակատարներն այլևս պաշտոնի չեն լինում, կամ նույնիսկ մահացած են լինում: Որպես օրինակ վերցնենք 1961-ին ԱՄՆ 35-դ նախագահ Ջոն Քենեդու սպանությունը: Բազմաթիվ վարկածների առկայության պայմաններում աստիճանաբար պարզվում են մանրամասնություններ, որ թաքցված էին նախկինում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը. Աննա Գրիգորյան

Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը. Աննա Գրիգորյան Thu, 29 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով