Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Մեքենայով Երևանում շարժվելը շքեղություն կդառնա

Մեքենայով Երևանում շարժվելը շքեղություն կդառնա

Mon, 09 Nov 2026 15:24:25 +0400


Երևանի առջև ծառացած ամենալուրջ խնդիրներից մեկը երթևեկության գերծանրաբեռնվածությունն ու շարունակաբար աճող խցանումներն են։ Այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի ուսումնասիրության համար արդեն գործում է վերլուծական կենտրոն, որի միջոցով տեսախցիկների օգնությամբ հնարավոր է հետևել երթևեկության իրավիճակին և բացահայտել խցանումների առաջացման հիմնական պատճառները։

Ավինյանը ներկայացրել է 100 խաչմերուկների ուսումնասիրության արդյունքները՝ նշելով, որ դեպքերի շուրջ 85 տոկոսում խցանումները սկսվում են այն ժամանակ, երբ վարորդները, փորձելով վերջին պահին անցնել լուսացույցի կանաչ ազդանշանի տակ, հայտնվում և կանգնում են խաչմերուկում՝ խոչընդոտելով մյուս ուղղություններով երթևեկությունը։ Խնդրի առավել մտահոգիչ կողմերից մեկն այն է, որ նման իրավիճակներում հայտնված մեքենաների զգալի մասը հենց հանրային տրանսպորտի ավտոբուսներն են։

Քաղաքապետի դիտարկմամբ՝ Երևանի տնտեսական զարգացումը և բնակչության ֆինանսական հնարավորությունների բարելավումն անխուսափելիորեն կհանգեցնեն անձնական ավտոմեքենաների թվի ավելացմանը։ Հետևաբար, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, ճանապարհային ծանրաբեռնվածությունը շարունակելու է աճել։

Տիգրան Ավինյանի համոզմամբ՝ խնդրի լուծման արդյունավետ ճանապարհը հանրային տրանսպորտի առաջնահերթության ապահովումն է։ Նման քաղաքականություն կիրառվում է աշխարհի բազմաթիվ զարգացած քաղաքներում։ Այն ենթադրում է հանրային տրանսպորտի համար առանձնացված երթևեկության գոտիների ստեղծում, ինչպես նաև մասնավոր ավտոմեքենաների օգտագործման որոշակի սահմանափակումներ։

Միաժամանակ քաղաքապետն ընդգծել է, որ նման փոփոխությունները կարող են լրացուցիչ դժվարություններ առաջացնել անձնական մեքենաներով տեղաշարժվող քաղաքացիների համար։ Այդ պատճառով անհրաժեշտ է զարգացնել նաև ավտոկայանատեղիների ենթակառուցվածքները՝ ապահովելով կայանման համար անհրաժեշտ պայմաններ։

Ավինյանի խոսքով՝ անհրաժեշտ է գիտակցել, որ Երևանի փողոցների հնարավորություններն անսահմանափակ չեն, և դրանք հնարավոր չէ մշտապես ընդլայնել՝ մեքենաների թվի աճին համապատասխան։ Այդ պայմաններում մասնավոր ավտոմեքենայով տեղաշարժը կարող է աստիճանաբար դառնալ ավելի սահմանափակ և որոշակի առումով՝ արտոնություն։

Քաղաքապետը շեշտել է, որ առանց մասնավոր տրանսպորտի նկատմամբ որոշակի սահմանափակումների հնարավոր չէ հասնել Երևանի երթևեկության խնդիրների արդյունավետ լուծմանը։

«Ավտոմեքենայով շարժվելը, այսպես ասած, մի փոքր շքեղություն կդառնա։ Մեր փողոցները ռեզինից չեն, չեն կարող անընդհատ ընդլայնվել», -ասել է նա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որոշ սահմանափակումներ են մտցվել

Որոշ սահմանափակումներ են մտցվել Mon, 09 Nov 2026 20:23:47 +0400 Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ վատ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով