Այդ ինչպես այդպես ստացվեց
Tue, 17 Nov 2026 12:53:54 +0400

Երևանի ավագանու նիստում քննարկման առարկա է դարձել Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը հարց է բարձրացրել տնօրենի ընտրության կարգի և այդ գործընթացում ծնողների մասնակցության իրավաչափության վերաբերյալ։
Սարգսյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ ընթացակարգով է անցկացվել դպրոցի ժողովը և ինչ լիազորությունների հիման վրա է վարչական շրջանի ղեկավարը ծնողկոմիտեի հետ քննարկել տնօրենի բարեվարքության հարցը։ Նա նաև հարցականի տակ է դրել տեղի ունեցածը պետական կառույցների որոշ աշխատակիցների կողմից ողջունելու հանգամանքը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է գնահատել՝ արդյոք նման վարքագիծն ընդունելի է։
Հարցին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։ Նա նշել է, որ պետք է հստակ տարբերակել մարդու անձնական կյանքը, մասնագիտական գործունեությունը և հնարավոր իրավախախտումների վերաբերյալ իրավական գնահատականները։
Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանել է, որ վարչական շրջանի ղեկավարը հանդիպել է ծնողների հետ՝ հասկանալու դպրոցի տնօրենի նկատմամբ նրանց վերաբերմունքը։ Ավինյանի փոխանցմամբ՝ ծնողները միաձայն դրական են արտահայտվել տնօրենի աշխատանքի մասին և խնդրել, որ նա շարունակի պաշտոնավարել՝ ընդգծելով իրենց գոհունակությունն ու հարգանքը նրա նկատմամբ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի մասնակցությամբ, ինչից հետո հարցը հայտնվել էր հանրային քննարկումների կենտրոնում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր