Հիստերիադ Մոսկվայով կտրեմ…
Sat, 21 Nov 2026 18:45:46 +0400

Արարատ Միրզոյան, ինչ լավ էր՝ հիշեցի. քանի դեռ Մոսկվա չեք թռել, Ձեր կանալներով մի հատ ստուգեք՝ արգելված չէ՞ արդյոք Նիկոլ Փաշինյանի մուտքը Ռուսաստան: Եսիմ, չհասնի «Վնուկովո», հետո իմանա, որ արգելված է: Ինչու եմ ասում` Ձեր կանալներով ստուգեք, որովհետեւ նրանց ԱԴԾ-ն շատ էլ չի ընկնում մանրուքների հետեւից, որ տեսնի՝ վարչապետ է եկողը, թե շարքային քաղաքացի: Սեւ ցուցակո՞ւմ ես՝ վերջ… Ամենաքիչը մի վեց ժամ պահում են օդակայանում, ապա՝ «աբրատնի բիլետի» ամսաթիվը փոխում ու նույն օրը հետ ուղարկում: Ես չէի ցանկանա, որ մեր վարչապետի հետ նման բան պատահեր: Մյուս կողմից էլ ուրախ եմ, որ դու ուղեկցելու ես նրան, որպես աշխարհ տեսած մարդ, որ ճամփեքին չխեղճանա:
Մեկ էլ մի հարց՝ Աննա Հակոբյանին տանո՞ւմ եք ձեզ հետ… Ինչո՞ւ ատամներդ բացեցիր, պարոն Միրզոյան: Ես լուրջ եմ հարցնում: Եթե այցի նպատակը ոչ այնքան ԵԱՏՄ-ի եւ ռուսական երկաթուղու, որքան բուն Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների վերականգնումն է, ապա Աննա Հակոբյանի ներկայությունը շատ մեծ դեր կարող է խաղալ այդ գործում: Կինը, ի վերջո, խաղաղության ու բարեկամության սիմվոլ է, ինչպես նաեւ՝ ցուցիչ, թե որքանով է ժամանող բարձրաստիճան հյուրը վստահում ընդունող երկրին… Տվյալ դեպքում՝ Հայաստանը՝ Ռուսաստանին կամ, որ նույն է՝ Նիկոլ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինին:
Պարոն Միրզոյան, լավ կլիներ՝ «նա վսյակի սլուչի» մինչեւ դեկտեմբերի 3-ը չեղարկեիք Պուտինին բռնելու մասին խայտառակ օրենքը… Ի՞նչ է նշանակում՝ ԱԺ-ն չի հասցնի… Արտահերթ հրավիրեք, դատի տվեք նախորդ խորհրդարանին, գեներալ Գագիկին, որ ասում էր՝ Պուտինին բռնելու ենք, փակենք ԱԱԾ-ում, վերջապես՝ ներքին կարգով չեղարկեք այդ օրենքը, որ Մոսկվային ցույց տալու, զեկուցելու բան ունենաք:
Դու էլ, պարոն Միրզոյան, այնտեղ շատ չլոպպազանաս արտաքին առեւտրի ոլորտում քո ձեռքբերումներով, թե բա՝ չեք ասի՝ ԵՄ գնալու մասին օրենքն ընդունելուց հետո ԵՄ-ն մեր առջեւ բացել է բոլոր շուկաները: Մի քիչ համեստ կպահես քեզ, ԵԱՏՄ-ի գովքը կանես, ԹՐԻՓՓ-ի մասին էլ որ հարցնեն, կասես՝ այդ ուղին մեզ պետք է ԵԱՏՄ երկրների հետ ավելի սերտ կապեր հաստատելու համար: Կասես՝ «Ռուսական երկաթուղիներ»-ով ենք կապվելու ԹՐԻՓՓ-ի հետ:
Պարոն Միրզոյան, հուսամ, որ գոնե ձեր մոսկովյան այցի օրերին ՀՀ վարչապետի աշխատակազմին կից ֆեյքերի ֆաբրիկան միառժամանակ կդադարեցնի իր հակառուսական քարոզչությունը: Դրանց դիրեկտորին էլ ասեք՝ այդ ժամանակահատվածում աչքի տակը բուժի: Այլապես ամոթ է, որ իրական Հայաստանի նման անկախ եւ ինքնիշխան պետության ֆեյքերի ֆաբրիկայի դիրեկտորը աչքի տակի «ֆանառով» ներկայանա հանրությանը, ու մարդիկ ասեն՝ վարչապետի հակառուսական դիրքորոշումների հետեւանքն է:
Եվ մի վերջին խնդրանք, պարոն Միրզոյան: Խոստացեք, որ այն մեր մեջ կմնա: Ո՞նց ասեմ, չէի ուզենա, որ Նիկոլն իմանար այս մասին: Ուրեմն Լավրովին խնդրի, որ Պուտինին համոզի, որ Պուտինն օգտագործի իր ազդեցությունն Ալիեւի վրա, որ սա հետ քաշի ՀՀ սահմանադրությունը փոխելու իր պահանջը: Ասեք, որ այդ պահանջը կատարելու համար Նիկոլը հոգեխանգարմունքի է հասցրել մի ողջ ժողովրդի, չի թողնում, որ մարդիկ գիշերները քնեն: Պատգամավորներին ջոկ է սպառնում, ազգի բարերարներին՝ ջոկ, կաթողիկոսին՝ ջոկ, լրագրողներին՝ ջոկ… Եղկելիներ, ասում էր, բուլդոզեր կբերեմ, բոլորիդ կսրբեմ, բայց Ալիեւի պահանջը կկատարեմ: Լավրովին կասես՝ Սերգեյ Վիկտորովիչ, հիշիր, որ արմատներով հայ ես, խնդրում եմ, Պուտինին մի երկու քաղցր խոսք ասա, թող միջամտի, որ Ալիեւն էդ խաղաղության թուղթը ստորագրի: Այլապես համահայկական այս հիստերիան վերջ չի ունենա:
Դե լավ, պարոն Միրզոյան, արի՝ ճանապարհից առաջ մի րոպե նստենք ու հրաժեշտ տանք իրար՝ ձեզ բարի թռիչք եւ փափուկ վայրէջք Մոսկվայում: Եվ չմոռանաք՝ երրորդ օրը, սեղանները գցած, ձեզ ենք սպասում:
ՀԳ. Հասկացաք, չէ՞, որ իմ եւ Արարատ Միրզոյանի միջեւ այս զրույցը տեղի է ունեցել Սի Ծին Պինի, Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստանում արած եռակողմ հայտարարությունից հետո:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր