Միջազգային մամուլը նույնպես փաշինյանական սահմանադրությունն անվանում է ալիեւյան
Wed, 25 Nov 2026 21:45:13 +0400

Ռուսական BBC-ի «Что это было» պոդքասթը վարող Օքսանա Չեշն անդրադարձել է Փաշինյանի առաջարկած նոր սահմանադրության տեքստին։ Նա նշում է, որ Փաշինյանը դա բացատրում է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման անհրաժեշտությամբ, իսկ փաստացի՝ նոր սահմանադրությամբ հրաժարվում է Արցախից։ BBC-ի միջազգային հարցերով լրագրող Գրիգոր Աթանեսյանը Չեշի հետ զրույցում նշում է, որ այս նախագծում ավելի լայն հնարավորություններ են տրվում երկրի վարչապետին եւ ամենակարևորն այն չէ, թե ինչ է գրված այդ տեքստում, այլ այն, ինչ գրված չէ․ «Գործող սահմանադրության մեջ հղում կա Անկախության հռչակագրին, և այդ հռչակագրում հղում կա մեկ այլ փաստաթղթի՝ 1989 թվականին ընդունված՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Այս ամենից ոչինչ նոր սահմանադրության մեջ չկա: Դա էլ հերիք չէ, այս սահմանադրության տեքստում հատուկ նշվում է ՀՀ միջազգային ճանաչված սահմանների մասին, այսինքն, այս փաստաթղթի գլխավոր հետևանքը, եթե այն ընդունվի ու դառնա Հայաստանի նոր մայր օրենքը, ապա լինելու է այն, որ Հայաստանն իրավաբանորեն հրաժարվելու է այլ երկրների տարածքների նկատմամբ նկրտումներից։ Հասկանալի է, որ այստեղ խոսքը գնում է Արցախի մասին»: Նա մեկ այլ հանգամանք էլ է կարեւորում՝ եթե Հայաստանը հրաժարվում է Արցախի նկատմամբ որևէ իրավունքից, նշանակում է ինքն իրեն ճանաչում է ագրեսոր՝ Ադրբեջանի նկատմամբ եւ դա հասկանալի է նույնիսկ նորածիններին:
The Associated Press-ն իր «Armenian prime minister proposes new constitution in bid for peace with Azerbaijan» վերանգրող հոդվածում՝ «Հայաստանի վարչապետն առաջարկում է նոր սահմանադրություն՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու նպատակով», բացահայտում փաշինյանական սահմանադրության իրական նպատակները: «Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երկրի նոր սահմանադրության նախագիծը՝ որպես վաղեմի հակառակորդ և հարևան Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանն ուղղված հերթական քայլ։ Ժողովրդին ուղղված իր ուղերձում Փաշինյանը նշեց, որ առաջարկվող փաստաթղթի ընդունումից հետո Ադրբեջանի հետ կստորագրվի և կվավերացվի պայմանագիր՝ ապահովելով «ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն»,- գրում է հեղինակը: Հոդվածում հիշատակվում է նաև ադրբեջանական կողմի պահանջը. «Ադրբեջանի կառավարությունը պնդում էր, որ սահմանադրության մեջ կատարվեն փոփոխություններ՝ հանելով այն, ինչն ինքը դիտարկում էր որպես հավակնություններ իր տարածքի նկատմամբ։ Այս պահանջը դրվել էր որպես նախապայման՝ նախքան երկու կողմերի միջև խաղաղության պայմանագրի վերջնական կնքումը (կողմեր, որոնք արդեն գրեթե չորս տասնամյակ հակամարտության մեջ են այդ տարածաշրջանում)»:
Բրիտանական Reuters-ն իր` Armenia proposes new constitution in step towards peace with Azerbaijan վերնագրով հոդվածում՝ «Հայաստանն առաջարկում է նոր սահմանադրություն՝ որպես Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու քայլ», շեշտում է, որ սահմանադրության այս նոր տարբերակն արդեն հավանության արժանացել է Բաքվի կողմից: «Փաստաթղթի հրապարակումը ճնշում է գործադրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա՝ Բաքվի հետ համաձայնագիր կնքելու մասով։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ հունիսին կայացած ընտրություններում նա ապահովեց պաշտոնավարման նոր ժամկետ իր համար։ Փաշինյանը այդ ընտրությունները փորձում է դիտարկել որպես հանրաքվե՝ խաղաղության գործընթացի վարման հարցում իր գործելաոճի վերաբերյալ»,-ասվում է հոդվածում:
Բավականին հետաքրքիր շեշտադրումներով է փաշինյանական սահմանադրության նախագծին անդրադարձել South China Morning Post-ը իր՝ «Հայաստանը ներկայացնում է սահմանադրության նախագիծ՝ որպես հարևան Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու առանցքային գործիք» հոդվածում: Մասնավորապես, ասվում է.«Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նոր սահմանադրության նախագիծ, որը բացառում է Ղարաբաղի նկատմամբ հավակնությունը՝ նշելով, որ դա Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու միակ ճանապարհն է։ Խորհրդային Միության փլուզումից հետո Կովկասի այս հակառակորդ երկրները երեք տասնամյակ գտնվում էին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մեջ։ 2023 թվականին իրականացված հարձակման արդյունքում Բաքուն վերահսկողություն հաստատեց հայաբնակ տարածաշրջանի նկատմամբ՝ հանգեցնելով զանգվածային արտագաղթի։ Դրանից հետո Ադրբեջանը պահանջել է, որ Երևանը իր սահմանադրությունից հանի Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները, եթե ցանկանում է ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի կնքումը։ Փաշինյանը նշել է, որ նոր տեքստը մերժում է «հակամարտության տրամաբանությունը», և հավելել, որ նոր սահմանադրության նպատակը «խաղաղության ապահովումն» է»:
Հոդվածագիրը նաև նկատել է, որ այս նախագծում Փաշինյանը հրաժարվել է 1990 թվականին ընդունվախ Անկախության հռչակագրից, որը ներառում էր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հետ վերամիավորման դրույթ և կոչ էր անում միջազգային մակարդակով ճանաչել Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանությունը։ Հեղինակը շեշտում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի ընդդիմությունն այս նախագիծն անվանում է ալիևյան սահմանադրություն, այնինչ Փաշինյանը հանրությանը փորձում է հավատացնել, թե ոչ մի արտաքին ճնշման տակ չեն անում դա: Հեղինակը հոդվածն ավարտում է փոքրիկ պատմական ակնարկով. «Հայերն այս տարածաշրջանն անվանում են Արցախ և այն համարում իրենց հայրենիքը՝ Հայաստանի հնագույն թագավորության մի մասը, որը 2000 տարի առաջ բնակեցված է եղել իրենց հայ նախնիներով։ Այնինչ, Ադրբեջանը տարածաշրջանում իր մահմեդական և թյուրքական ցեղերի պատմությունը կապում է միջնադարի հետ։ Խորհրդային շրջանում Արցախը ներառվել է Ադրբեջանի կազմում, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո այն միջազգայնորեն ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր