Այսօր խաղում է «Արարատ-Արմենիան». Եվրոպա լիգա
Thu, 26 Nov 2026 15:45:16 +0400

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, կկայանան Եվրոպա լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրի հանդիպումները։ Մրցաշարի հերթական խաղային օրը հետաքրքրություն է ներկայացնում նաև հայ ֆուտբոլասերների համար․ մրցասպարեզ դուրս կգա Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը հյուրընկալվելիս կմրցի ավստրիական «Զալցբուրգի» հետ։
Հանդիպումը կկայանա Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում՝ «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում։ Մրցակիցների միջև պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին։
Հայաստանի ներկայացուցիչը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում դեռևս չի կարողացել միավոր վաստակել։
«Զալցբուրգի» ցուցանիշները ևս տպավորիչ չեն․ ավստրիական ակումբը չորս խաղում վաստակել է 4 միավոր։ Թիմը հաղթել է «Լևսկի Սոֆիային» (1:0), ոչ-ոքի է գրանցել «Ցելյեի» հետ (2:2), իսկ «Միլանից» (0:4) և «Անդերլեխտից» (0:2) պարտություն է կրել։
Այս հանդիպումը կարևոր նշանակություն ունի հատկապես «Արարատ-Արմենիայի» համար, քանի որ թիմը փորձելու է ընդհատել պարտությունների շարքը և վաստակել մրցաշարի առաջին միավորները։ Մյուս կողմից՝ սեփական հարկի տակ հանդես եկող «Զալցբուրգը» նույնպես միավորների կարիք ունի՝ մրցաշարային դիրքերը բարելավելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր