Հղիները կարո՞ղ են պահք պահել
Tue, 03 Mar 2026 13:45:36 +0400

Մեծ Պահքի ընթացքում հավատացյալների մոտ հաճախ առաջանում են տարբեր հարցեր՝ կապված սննդի, եկեղեցական արարողությունների և պահքի կարգապահության հետ։ Այդ թեմաներին անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ ներկայացնելով պարզաբանումներ մի շարք կարևոր հարցերի շուրջ։
Պահքի օրերին մեղրի օգտագործումը թույլատրելի է։ Ավետարանում հիշատակվում է, որ Սուրբ Հովհաննես Մկրտիչը անապատում ապրելով՝ սնվում էր նաև վայրի մեղրով, ինչը վկայում է, որ մեղրը պահքի արգելված կերակուրների շարքում չէ։
Ինչ վերաբերում է տնօրհնեքի արարողությանը, ապա Մեծ Պահքի ընթացքում այն չի կատարվում։ Խորհուրդ է տրվում սպասել մինչև Սուրբ Զատիկը և այդ ժամանակ կազմակերպել օրհնության կարգը։
Առողջական խնդիրներ ունեցող անձինք, ինչպես նաև հղի կանայք, կարող են չպահել պահք։ Այս հարցում առաջնայինը բժշկական ցուցումներին հետևելն է, որպեսզի պահքը չվնասի առողջությանը։
Դեռահասները կարող են պահք պահել, եթե դա բացասաբար չի անդրադառնում նրանց առողջության կամ ուսման վրա։ Կարևոր է, որ պահքը չդառնա խոչընդոտ ֆիզիկական և մտավոր զարգացման համար։
Եթե որևէ մեկը չի հասցրել պահքը սկսել սկզբից, կարող է միանալ ցանկացած պահի։ Կարևորը ներքին պատրաստակամությունն ու հոգևոր տրամադրվածությունն է, և պահքը կարելի է սկսել հենց այդ օրվանից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր