«Հրապարակ»․ Դեռ տանիքները չափում են, կամ՝ ընտրությունների շեմին ինչպես խաբել գյուղացիներին
Wed, 11 Mar 2026 10:15:05 +0400

Օրեր առաջ գրել էինք, որ Լոռվա եւ Տավուշի գյուղերի բնակիչներին ասել են, թե առաջիկայում իրենց առանձնատների տանիքների շիֆերներով ծածկերը փոխելու են․ ասբեստից ծածկերի փոխարեն, որոնք քաղցկեղածին են եւ ողջ աշխարհում վաղուց փոխարինվել են, տեղադրելու են նոր, մետաղաթիթեղյա ծածկեր: Մարզերում սկսել էին հաշվառում կատարել, թե քանի նման տանիք կա: Մեզ նման տեղեկատվություն էր հասել Ստեփանավան համայնքի Գյուլագարակ, Տավուշին սահմանամերձ Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Կիրանց գյուղերի բնակիչներից։ Գյուղերի վարչական ղեկավարները սկզբում հայտնել էին, որ տանիքները փոխելու համար պետք է հաշվառել միայն առանձնատների ծածկերի շիֆերների մակերեսը, սակայն հետո պահանջել էին տրամադրել նաեւ տներին կից պահեստների, խորդանոցների շիֆերների ընդհանուր մակերեսի տվյալները։ Այդ տվյալները հավաքագրվել են գյուղապետարանների կողմից եւ ուղարկվել մարզպետարաններ։
Գյուղերում բնակիչները, անգամ նրանք, ովքեր որոշել էին սեփական միջոցներով փոխել իրենց տների ծածկերը, լսելով, որ նման ծրագիր կա, դադարեցրել են աշխատանքները եւ սպասում են, որ պետությունը դա անի։ Բայց գյուղացիները նաեւ տարակուսած են՝ եթե ասբեստի շիֆերներն իրոք քաղցկեղ են առաջացնում, ինչո՞ւ նախկինում` տասնամյակներ շարունակ այդ մասին չեն ասել իրենց եւ չեն փոխել այդ ծածկերը։ Ուշագրավ է, Տավուշի վերոհիշյալ գյուղերը տուժել են 2024թ․ սահմանազատման անվան տակ` միակողմանի կերպով Ադրբեջանին տարածքներ, պաշտպանական դիրքեր հանձնելու հետեւանքով։ Մարտի 5-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել․ «Տավուշի մարզի ո՞ր գյուղերում եք առանձնատների եւ այլ կառույցների ծածկերի փոփոխություն անելու, ընդհանուր՝ քանի՞ քմ մակերեսով շիֆեր եք նախատեսում փոխել: Որքա՞ն է այդ ծրագրի արժեքը, ո՞վ է ֆինանսավորողը, ե՞րբ է մեկնարկելու այդ ծրագիրը, ե՞րբ է ավարտվելու, ո՞վ է իրականացնելու տանիքների ծածկերի փոխարինման աշխատանքները»։
Տավուշի մարզպետի աշխատակազմից մեզ հայտնել են․ «Մարզում ասբոշիֆերի մակերեսի գույքագրման աշխատանքները կատարվում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հանձնարարության հիման վրա, փոխհատուցման մասին որեւէ հանձնարարություն չկա»։ Ի դեպ, մեր տեղեկությունը գրելիս եզրակացրել էինք, որ սա իրականացվում է որպես նախընտրական կաշառք` հունիսի 7-ի ընտրություններում այս գյուղերի բնակչության քվեն ստանալու նպատակով: Մեր վերլուծությունը տարածքային կառավարման նախարարության սրտով չի եղել, նույն օրը հերքում էին տարածել, թե «Հրապարակի» նշված հոդվածը «չի համապատասխանում իրականությանը»: Հաջորդ անգամ երեւի ՏԿԵՆ-ին պետք է հարցնենք, թե ինչ հետեւություններ անենք իրենց քայլերից եւ ինչ տեսակետ հայտնենք, որ «իրականությանը համապատասխանի»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր