«Հրապարակ»․ Արցախ չմեկնելու համար ազատազրկման դատապարտված զինծառայողներն արդարացվել են
Sat, 11 Apr 2026 10:45:22 +0400

Իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը, որպես 44-օրյա պատերազմում մեր պարտության պատճառներից մեկը, նշում է զանգվածային դասալքությունը։ Գործադիր իշխանությունից կախում ունեցող իրավապահներն էլ փորձում են իրենց որոշումներով, վճիռներով հաստատել զանգվածային դասալքության վերաբերյալ նրանց պնդումները, սակայն ճշմարտությունը, թեկուզ՝ դժվարությամբ, ի վերջո հաղթում է։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչներ Նաիրի Բեգլարյանին, Սերյոժա Հովակիմյանին, Հովակիմ Ալավերդյանին, Եդիգար Եդիգարյանին, Կոթի գյուղի բնակիչ Սուրեն Էվինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն զորամասի զինծառայող, ՀՀ կառավարության 2020թ․ սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց՝ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի համապատասխան հրամանով Արցախի Հանրապետություն մեկնելուց եւ պաշտպանության բանակի հրամանատարի ենթակայությանն անցնելուց, որը զուգորդվել է դրա փաստացի չկատարմամբ։ Նրանց՝ բոլորին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 529 հոդվածի 3-րդ մասով («Զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը զուգորդվել է նրա կողմից դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն առաջացրել է մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ հանգեցրել է զորամասում անկարգությունների կամ առաջացրել է այլ ծանր հետեւանք»)։
2025թ․ ապրիլի 11-ին Բերդ քաղաքում կայացած դատական նիստում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է Եդիգար Եդիգարյանին, Սուրեն Էվինյանին, Նաիրի Բեգլարյանին, Հովակիմ Ալավերդյանին, Սերյոժա Հովակիմյանին մեղավոր ճանաչել նրանց առաջադրված հոդվածով եւ նրանց նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով։ Զինվորական դատախազ Վ․ Վարդանյանն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով վերաքննիչ դատարանին խնդրել է պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025թ․ ապրիլի 11-ի դատավճիռը, Ե․ Եդիգարյանին, Ս․ Էվինյանին, Ն․ Բեգլարյանին, Հ․ Ալավերդյանին, Ս․ Հովակիմյանին դատապարտել ազատազրկման 5 տարի ժամկետով։ 5 ամբաստանյալների պաշտպանները եւս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել, որով խնդրել են վերանայել այդ դատավճիռը եւ մեղադրյալներին արդարացնել։
Իրականում, 5 մեղադրյալներն Արցախում մասնակցել են մարտական գործողությունների, սկզբում նրանց կողմից հրամանը չկատարելը հետեւանքներ չի ունեցել։ Վերաքննիչ դատարանը համաձայնել է մեղադրյալների պաշտպանների այն դատողություններին, որ ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի 2020թ․ հոկտեմբերի 14-ի հրամանից պարզ է, որ Արցախ ուղարկվելու համար առանձնացվել է ականանետային մարտկոցը, ուստի հրամանը տրվել է ոչ թե անհատ զինծառայողներին, այլ՝ ստորաբաժանմանը, քրեական գործը հարուցվել է զորամասի հրամանատարի 2020թ․ հոկտեմբերի 14-ի թիվ 0125 բանավոր հրամանի չկատարման փաստի առթիվ։ Այդ հրամանը նույն օրը չեղյալ է համարվել, փոխվել է զորամասի հրամանատարի 061 (063) մարտական կարգադրությամբ, որով մեղադրյալ 5 զինծառայողները մեկնել են Արցախ, մարտական գործողությունների շրջան, անցել ՊԲ անմիջական ենթակայության տակ։ 2025թ․ հուլիսի 28-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Ա․ Բեկթաշյան) որոշել է Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վ․ Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժել, Նաիրի Բեգլարյանի, Եդիգար Եդիգարյանի, Սերյոժա Հովակիմյանի, Հովակիմ Ալավերդյանի եւ Սուրեն Էվինյանի պաշտպանների վերաքննիչ բողոքները բավարարել․ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2025թ․ ապրիլի 11-ի դատավճիռը բեկանել եւ կայացնել նոր դատական ակտ, ճանաչել եւ հռչակել Ն․ Բեգլարյանի, Ե․ Եդիգարյանի, Ս․ Հովակիմյանի, Հ․ Ալավերդյանի եւ Ս․ Էվինյանի անմեղությունը, նրանց արդարացնել՝ նրանց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինվորական դատախազն այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Նաիրի Բեգլարյանի պաշտպան, փաստաբան Վահագն Հակոբյանից տեղեկացա, որ զինվորական դատախազի վճռաբեկ բողոքը մերժվել է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր