Չորեքշաբթի , 22 Ապրիլի 2026

«Հրապարակ». Ցեղասպանության հարցը փակված չէ, Ղարաբաղի հարցն էլ, բայց Փաշինյանը ճիշտ է անում

«Հրապարակ». Ցեղասպանության հարցը փակված չէ, Ղարաբաղի հարցն էլ, բայց Փաշինյանը ճիշտ է անում

Wed, 22 Apr 2026 11:45:00 +0400


«Հրապարակի» զրուցակիցն Անահիտ Բախշյանն է:

– Ձեր էջում պարբերաբար «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ գրառումներով եք կիսվում, որոնք իշխանական քարոզիչները սիրով տարածում են: Դուք նախկին իշխանություններին, մանավանդ` Քոչարյանին, ատում եք եւ բազմիցս խոսել եք պատճառների մասին: Իսկ «Ուժեղ Հայաստանին» ինչո՞ւ եք քննադատում՝ ի՞նչ են արել:

– Դեմ եմ բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր դեմ են Հայաստան պետության ամրապնդմանը` տարբեր գործողություններով, արտահայտություններով եւ չերեւացող գործերով:

– Բայց նրանք դե՞մ են` ասում են, որ բալանսավորված քաղաքականություն են վարելու:

– Պետք չէ, որ իրենք խոստովանեն, տարբեր բաներով, քայլերով հակառակն են ապացուցում:

– Մի օրինակ կնշե՞ք:

– Չէ:

– Իսկ Փաշինյանի հայտարարությունները, որ Արցախի հարցը փակված է, որ ցեղասպանության մասին չի կարելի խոսել եւ այլն, Հայաստան պետության օգտի՞ն են:

– Ըտենց բան չկա: Ցեղասպանության հարցը փակված չէ, Ղարաբաղի հարցն էլ, այո, էսօր ավել բան չենք կարող էդ մասին խոսել, որովհետեւ կորցրել ենք այն, պարտվել ենք: Պիտի ճանապարհ գնանք, զորանանք, ուժեղանանք, հետո մնացածը կերեւա….

– Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրություններում աջակցելո՞ւ եք:

– Ես հստակ չեմ կողմնորոշվել, բայց աջակցելու եմ բոլոր նրանց, նրանցից մեկին, որը հստակ մեզ պոկելու է ռուսական ազդեցությունից:

– Նիկոլ Փաշինյանն ամենաշատն է գնում Ռուսաստան, նրա օրոք Հայաստանն աննախադեպ տնտեսական կախվածության մեջ է հայտնվել Ռուսաստանից: Մի՞թե նա Հայաստանը Ռուսաստանից պոկում է:

– Նիկոլը հակառուս չէ, նա փորձում է Հայաստանի ինքնիշխանությունը պահել, ուժեղացնել, ինչ-որ տեղ ստացվում է: Ռուսաստան գնալը ռուսական ազդեցության նշան չէ, նա փորձում է խաղալ երկու թելի վրա, ինչը դիվանագիտության մեջ ընդունված բան է: Ես ավելի հակված եմ այդ դիվանագիտական մոտեցմանը:

– Խոսում եք ինքնիշխանությունից, իսկ Փաշինյանը Մոսկվայում ասաց, որ ինքն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, քանի որ ՌԴ նախագահն է ճանաչել։ Սա ինքնիշխանության մասի՞ն է խոսում: Գուցե վաղն էլ Ռուսաստանը Հայաստանն Ադրբեջանի մաս ճանաչի, ՀՀ վարչապետը պետք է ընդունի՞ դա:

– Ոչ, ես չեմ հավատում:

– Բայց կա տեսանյութ` ինչի՞ն չեք հավատում:

– Այո, ես տեսել եմ, բայց նա Պրահայում ասաց այդ նախադասությունը, քանի որ նախկինի հետեւանքն է…. նախկինի հետեւանքը ստիպեց իրեն արտասանել այդ խոսքերը: Աշխարհի ոչ մի պետություն այս տարիներին այդպես էլ չճանաչեց Արցախի անկախությունը, նախկիններն այդպես էլ չմիացրին Արցախը Հայաստանին: Բալասանյան, Քոչարյան, դրանք արեցին: Բայց որպես անկախ պետություն, Արցախի համար ոչինչ չարեցին: Նիկոլը կանխում է ռուսների մտադրությունը: Ես երբեք Ռուսաստանին որպես Հայաստանի դաշնակից չեմ ընդունել: Ռուսաստանը շատ բան կարող է ասել, բայց Փաշինյանը կանխում է նրանց:

– Ռո՞ւսն է ավելի վատը, թե՞ թուրքն ու ադրբեջանցին:

– Էլ դիլեմա չկա: Կա Հայաստան, կա Հայաստանի ինքնիշխանության խնդիր: Եթե ռուսին չենք ընդունում, չի նշանակում, որ թուրքին ենք ընդունում:

– Բայց Փաշինյանը գնում է դեպի Թուրքիա:

– Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը Հայաստանի անվտանգության մասն է: Մենք պետք է անենք քայլեր Թուրքիայի հետ, որպեսզի ճանապարհները բացվեն: Թուրքիան էլ ասում է` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքիր: Հիմա Նիկոլն էլ դա է անում:

– Ադրբեջանը 10 օր առաջ հայտարարեց, որ հայերն իրենց ցեղասպանության են ենթարկել: Նման հայտարարություն անողը խաղաղությա՞ն է ձգտում:

– Այո, Ադրբեջանը շատ բան է ասում: Էդ իրենք են մեզ ցեղասպանության ենթարկել: Բայց եթե մենք հավերժ այդ կեղծ նարատիվներով շարժվենք, կկորցնենք հայրենիք: Մեր պետությունը մեր արժանապատվության ամրագրումն է, բայց հերիք է, պիտի բոլոր հարեւանների հետ հարեւանություն անենք, համագործակցենք եւ ուժեղացնենք դիվանագիտական հարաբերությունները:

– Քիչ առաջ ասում էիք` մեզ պետք է Ռուսաստանից պոկվել:

– Ռուսաստանը, դե, մեր սահմանակիցը չէ: Ռուսների հետ սահման չկա, դիվանագիտական հարաբերություններ էլ ունենք, բայց հետո՞ ինչ: Հավերժական եղբայրության դաշնագիր էլ ունեինք, բայց ի՞նչ եղավ, նրանք մինչ այս մեր սահմանները չեն ճանաչել: Դրանցից ի՞նչ դաշնակից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրամիության գաղտնի փաստաթղթի բնօրինակը` անգլերենով

Եվրամիության գաղտնի փաստաթղթի բնօրինակը` անգլերենով Wed, 22 Apr 2026 15:45:13 +0400 Այսօր մենք հրապարակել ենք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով