Վախը փոքրացնող ուղերձ․ Նիկոլը շանտաժիստ է, բայց փոքրիկ

Վախը փոքրացնող ուղերձ․ Նիկոլը շանտաժիստ է, բայց փոքրիկ

Fri, 15 May 2026 17:45:59 +0400


Հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանի օդում ծանր կախված է մի միտք՝ սա պարզապես նախընտրական քարոզարշավ չէ, սա Հայաստանի լինելիության քննությունն է։ Քաղաքական դաշտն այս առումով իրավիճակը պատերազմական է գնահատում։ Պատերազմ՝ այն իշխանության դեմ, որը, շատերի համոզմամբ, Հայաստանը տանում է հակառակորդի երախը։ Իսկ ի՞նչ է լինում, երբ պատերազմը ներքին է։ Պետական և ուժային բոլոր լծակներն ուղղվում են ընդվզող զանգվածի դեմ։ Չեմ խորշի ասել՝ էլ պատերազմն ինչպե՞ս է լինում։ Պետական ողջ ռեսուրսն օգտագործվում է ընդդիմության դեմ, իսկ հասարակության ներսում աստիճանաբար ձևավորվում է վախի, անվստահության ու հոգեբանական ճնշման մթնոլորտ։

Ի՞նչ պետք է անել։ Կարճ՝ պետք է գործել ռազմավարական տակտիկայով։ Պատերազմի ժամանակ, երբ հրամանատարը վախկոտ է լինում, ամենաուժեղ զորքն անգամ կարող է նահանջել։ Այս խոսքն ուղղում եմ ընդդիմադիր դաշտին, որոնք պայքարի են դուրս եկել հայրենիքի կոչով։ Նայում եմ առաջին շարքը զբաղեցնող ընդդիմադիր ուժերին և տեսնում, որ նրանցից ոչ մեկը արհավիրքի պահին աթոռի համար կռիվ չի տա։ Կռվելու է միայն նա, ով գիտի, թե ինչ է սպասվում իրեն, երբ աթոռ չունենա։ Աթոռ վերցնել, որպեսզի հետո «սոված գայլերի պես» հարձակվեն երկրի բյուջեի ու ունեցվածքի վրա՝ դա սովածների հոգեբանություն է։ Իսկ նրանք ապահովված մարդիկ են, պատկառելի տարիքում, և կարող էին իրենց կյանքի մայրամուտի խաղաղ ու շքեղ օրերը պարզապես վայելել։ Բայց մարդիկ, որոնք գաղափարապես իրարից մղոններով հեռու են, այսօր ոտքի են ելել մեկ նպատակի համար՝ որպեսզի երկիրը մաս-մաս չհանձնվի, չկորի, չթուրքացվի։

Նիկոլ Փաշինյանն այս նախընտրական փուլում անուժ է մի կարևոր պատճառով՝ նա այլևս չունի ժողովրդի մեծ մասի վստահությունն ու ներքին աջակցությունը։ Հենց այդ պատճառով էլ գործի է դնում պետական ողջ զինանոցը։ Ավելին՝ ահաբեկում է ոչ միայն ընդդիմադիր քաղաքական իրական ուժերին, այլև հասարակ մարդկանց։ Նրա հայտարարությունները, եթե թարգմանենք հասարակ ու մատչելի լեզվով, այսպիսի ենթատեքստ ունեն՝ «եթե ինձ չընտրեք, թշնամին պատերազմ կսկսի»։ Սա արդեն բաց տեքստ է, որը մարդկանց մեջ ոչ թե վստահություն, այլ գոյաբանական վախ է սերմանում։ Եվ այստեղ ամենացավոտ հարցն այն է՝ ինչո՞ւ է թշնամին ցանկանում հենց նրան։ Այդ հարցի պատասխանը ժողովուրդն ինքն է տալու։

Ընդդիմադիր քաղաքական ուժերին վախեցնում են՝ մարդկանց փակի տակ պահելով, նոր քրեական գործեր հարուցելով, սեփականություն խլելով, նախընտրական գրասենյակների վրա ճնշումներ ու գրոհներ կազմակերպելով։ Մի փոքրիկ դիտարկում էլ անեմ մեր ընդդիմադիր գործիչների համար։ Գործի բերումով երբեմն լինում եմ նախընտրական գրասենյակներում։ Այնտեղ աշխատող մարդիկ վախենում են անգամ ազատ խոսել։ Խոսելիս աչքերով առաստաղին կամ շուրջբոլորն են նայում, ասես ամեն պատի հետևում լսող ականջ կա։ Նրանց թվում է, թե ցանկացած բառ կարող են ձայնագրել, մոնտաժել ու գործ սարքել։ Սա արդեն միայն քաղաքական պայքար չէ․ սա մարդու ներսում վախի մշտական ներկայություն ստեղծելու մեխանիզմ է։ Այո՛, նրանք ուժեղ են, հենց դրա համար նրանց մեջ վախ է սերմանվում։ Մարդիկ պատմում են, որ իրենց կանչում են, հեռախոսներ վերցնում, տարբեր ճնշումների դիմում։ Եվ որքան էլ փորձենք ինքներս մեզ համոզել հակառակում, իրականությունն այն է, որ ժողովուրդը վախի մթնոլորտում է, բայց դա չի նշանակում, որ վախեցած, լռող մարդիկ Նիկոլ են ընտրելու։ Նման իրավիճակում չափազանց կարևոր է քաղաքական ուժի, առաջնորդի, հրամանատարի խոսքը։ Այդ խոսքը պետք է լինի մարտի տանող հրամանատարի խոսքի պես՝ հստակ, հատու, վճռական։ Չպետք է թույլ տալ, որ զորքի ոգին ընկնի։ Զորքը առաջնորդների մեջ պետք է ուժ տեսնի, վստահություն, հոգեբանական հենարան։

Կարող եմ ասել, որ այդ առումով չկոտրվող կերպար է Ռոբերտ Քոչարյանը։ Նրան ընտրողները, մեծ հաշվով, անվտանգության և ուժի կողմնակիցներն են լինելու։ Սամվել Կարապետյանի ի շուրջ կհավաքվեն խաղաղության, բարեկեցության և տնտեսական հզորության ձգտող մարդիկ։ Գագիկ Ծառուկյանի մեջ շատերը տեսնում են երկրի բարգավաճումն ու շենացումը։ Նրանք կերպարներ են, որոնց հետ մարդիկ կապում են նաև Եկեղեցու, ազգային արժեքների և պատմական հիշողության պահպանությունը։ Եվ նրանց խոսքը պետք է լինի առաջնորդող։

Մի փոքրիկ օրինակ բերեմ։ Սամվել Կարապետյանը, երբ հանգիստ, ուժ փոխանցող հայացքով Փաշինյանին «փոքրիկ շանտաժիստ» է անվանում, դրա մեջ մի ողջ հոգեբանություն, վախը փոքրացնող ուղերձ կա։ Նա ասում է՝ այո՛, շանտաժիստ է, բայց փոքրիկ, մի՛ վախեցեք նրանից։ Փոքրիկն այստեղ փաղաքշական է հնչում, բայց բնութագրական էություն է։ «Փոքրիկ»՝ պատմության մասշտաբով, որովհետև այդ էջն էլ է փակվելու։ Բայց փոքրիկի գործերի հետևանքները ժողովրդի հիշողության մեջ դարեդար բացասականն են հիշեցնելու, ահավորը․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընդդիմադիր հայացքներ ունեցողների մոտ 45%-ը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել

Ընդդիմադիր հայացքներ ունեցողների մոտ 45%-ը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել Fri, 15 May 2026 12:55:52 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով