Մուշից, Կարսից, Վանից փախած ձեր պապերին ասե՞լ են` թռած, փախած. Ռոբերտ Քոչարյան
Tue, 19 May 2026 14:30:20 +0400

Այսօր «Հայաստան» դաշինքը՝ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, քարոզարշավ է իրականացնում Շիրակի մարզում։ Քարոզարշավի մեկնարկը տրվել է Ախուրյան համայնքից, որտեղ բավականին մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել՝ լսելու երկրորդ նախագահի ելույթը և հարցեր ուղղելու նրան։
Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ կապված արցախցիների հետ։ Վերջին օրերին Փաշինյանը մի շարք հայտարարություններ է անում՝ արցախցիներին անվանելով «թռածներ» և «փախածներ»։
Այս առնչությամբ Քոչարյանը նշեց.
«Այստեղ ներկա շատ մարդկանց պապերը, մեր պապերը, եկել են Արևմտյան Հայաստանից՝ Կարսից, Վանից, Մուշից՝ ջարդերի ժամանակ։ Ի՞նչ է, նրանց անվանե՞լ են թռածներ կամ փախածներ։ Պատկերացնո՞ւմ եք՝ այսօր ինչ մակարդակի խոսույթ է ձևավորվել»։
Քոչարյանը խոսեց նաև ընտանիքի և պետության մոդելի համեմատության մասին՝ նշելով, որ երկրի ղեկավարի վարքագիծը մեծ ազդեցություն ունի հասարակության վրա։
«Եթե ընտանիքի հայրը կայացած մարդ է, ընտանիքն էլ է կայացած լինում։ Երկիրն էլ նույն ընտանիքի մեծ մոդելն է։ Եթե ղեկավարը կարգին է, երկիրն էլ կարգին կլինի»։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18:30-ին, «Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաք է անցկացնելու Գյումրու Վարդանանց հրապարակում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր