Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

Փաշինյանի կառավարման տարիների խրոնիկան կամ ինչ է զիջել Փաշինյանը

Փաշինյանի կառավարման տարիների խրոնիկան կամ ինչ է զիջել Փաշինյանը

Sun, 24 May 2026 21:30:49 +0400


Վերջին ժամանակաշրջանում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի այլ ներկայացուցիչներ, ի պատասխան լրագրողների այն հարցին, թե «մինչև ե՞րբ է շարունակվելու այս զիջողական քաղաքականությունը», պատասխանում են, որ իրենք ոչ մի բան էլ չեզ զիջել, ավելին, նույնիսկ հեգնաբար հայտարարում են, թե՝ «դե ասեք, ի՞նչ ենք զիջել»։

Թե ինչ է զիջել Փաշինյանն իր կառավարման 8 տարիների ընթացքում, վստահ եմ, յուրաքանչյուրը կարող է իր պատկերացումների սահմանում բազմաթիվ զիջումներ նկարագրել։ Սակայն այդ ամենը որոշակիորեն կարող է կրել սուբյեկտիվ բնույթ։ Խուսափելով դրանից, հարկ է իրավիճակը գնահատել օբյեկտիվ դիտանկյունից։ Իսկ նման՝ օբյեկտիվ գնահատակն կարելի է ստանալ բացառապես մի դեպքում․ ոչ թե մեր պատկերացումները ներկայացնել, այլ փաստել, թե 8 տարիների ընթացքում ինչպիսի քաղաքական նշաձողեր է սահմանել հենց ինքը՝ Փաշինյանը։

Այս 8 տարիների ընթացքում որքան էլ հետին հայացքով թվա, թե ամեն ինչ «սահուն» կերպ է ընթացել, սակայն իրականում իրադարձությունները զարգացել են փուլային հանգրվաններով։ Այդ հանգրվաններից յուրաքանչյուրի ավարտին, ըստ էության, մենք ականատես ենք եղել իր իսկ՝ Փաշինյանի կողմից սահմանված նշաձողերի իջեցման։

1-ին փուլ, 2018-2020թ․,
Փոխել բանակցային տրամաբանությունը

2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո, ստանձնելով վարչապետի պաշտոնն ու, ըստ այդմ, ամբողջական պատասխանատվություն կրելով ժառանգություն ստացած խնդիրների համար, Փաշինյանը սահմանում է հետևյալ նշաձողները․

– Այսօր առավել քան մոտ ենք Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը, քան երբևէ։
– Բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից։
– ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի կողմից հայտարարված «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հայտարարությունից մեկ օր անց, Փաշինյանը հայտարարում է, որ եթե «ՊՆ նախարարն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի աշխատանքից»։
– Ով ուզում է կանգնել Ղարաբաղի կողքին, թող կանգնի մեր կողքին։
– Մեր ասելիքն ավելի լսելի է դարձել միջազգային հանրության կողմից։
– Եթե Ալիևը չի ցանկանում ուղիղ խոսել Ղարաբաղի հետ, ապա մնում է Ղարաբաղը որոշի, թե ինչպես է մտնում Հայաստանի կազմ։
– Որ պահից Հայաստանը ուզենա շարունակել բանակցությունները Սերժ Սարգյանի թողած պլանից, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի։ Եթե ժողովուրդն ընդունի, որ ճիշտ ա այս պլանն ընդունելը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ։
– Արցախը Հայաստան է և վե՛րջ։

2-րդ փուլ, 44-օրյա պատերազմ,
Մեզ պարտված չենք համարի

Վերը նշված կարգախոսների ներքո սկիզբ առավ 44-օրյա պատերազմը, որի ընթացքում իշխանությունների կողմից հնչող հիմնական ուղերձները հետևյալն էին․

– Մենք ենք մեր խաղաղապահը։
– Զինված ուժերն իրենց հաջողությունները պետք է զարգացնեն հակառակորդի տարածքում։
– Միակ ձևը՝ խաղաղություն պարտադրելն է։

3-րդ փուլ, 2021թ․ նախընտրական,
Արցախում կա՛ ապագա

Պատերազմի արդյունքում հայկական կողմը կորցրեց ոչ միայն ԼՂԻՄ-ի հարակից 7 շրջանները, այլև ԼՂԻՄ-ի անբաժանելի մասը համարվող Շուշիի ու Հադրութի շրջանները։ Պատերազմը խլեց շուրջ 4000 մարդու կյանք։ Ու այս արդյունքներով Փաշինյանը վերընտրվելու հայտ ներկայացրեց և նախընտրական ողջ քարոզարշավն իրականացրեց հետևյալ հայտարարությունների ներքո․

– Որպես վարչապետ, ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ՈՂՋ պատասխանատվությունը, բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը։ (Սա մի քանի անգամ կարդացեք)։
– Հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կիրառման արդյունքում։ ԼՂ հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը։ Ղարաբաղի հարցը լուծված չէ՛։
– Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ։
– Պետք է դնենք ԼՂԻՄ-ի դեօկուպացիայի խնդիրը։ Պետք է հետևողականորեն շարունակենք «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի իրագործումը։
– Ես այսօր ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում Ղարաբաղի հարցը մեր պատկերացումներին համապաստասխան լուծելու համար, քան թե դա գոյություն ուներ 4 տարի առաջ։ Հավատացե՛ք իմ այս արձանագրմանը։
– Նոյեմբերին 9-ի հայտարարության օրերին Ղազախի շրջանի գյուղերի թեման էլ ա եղել։ Ես ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, բայց չեմ ստորագրի։
– Արցախում կա՛ ապագա:

4-րդ փուլ, 2021-2023թ․,
Արցախի վրա խաչ չենք քաշում

Վերընտրվելուց շատ կարճ ժամանակ անց, Փաշինյանի սահմանած հերթական նշաձողի մակարդակը կրկին սկսկում է սահուն կերպով գահավիժել․

– Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա տեղի կունենա Ղարաբաղի շուրջ։
– Զորքերի հայելային հետ քաշում։
– ԱԺ նախագահն իր հերթին պնում է՝ «Էթնիկ զտումներ անել Ադրբեջանի մոտ չի ստացվելու։ Հայաստանը դա թույլ չի տա»։
– Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա կարևոր՝ ինստիտուցիոնալ արձանագրում․ ԼՂ սուբյեկտի արձանագրում, կա Լաչինի միջանցք։
– Համաձայն չեմ այն տեսակետի հետ, թե մենք Արցախի վրա խաչ ենք քաշում։ Բացարձակապես։
– Հայաստանի օրակարգում է ԼՂ բնակչության անվտանգության և իրավունքների հարցը։
– Ադրբեջանի Սահմանադրությունում էլ տարածքային պահանջներ կան Հայաստանից։
– ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների թեման ԼՂ հայության թեմայի հետ համարժեք չէ, եթե կա այդպիսի թեմա, ապա համարժեք է Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից տեղահանված հայերի իրավունքների թեմային։
– Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է։

5-րդ փուլ, 2024թ․-ից մինչ օրս,
Ղարաբաղն ավանտյուրա էր

«ԼՂ խաղաղ բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա», – այս հայտարարությամբ է հիշվում Ղարաբաղի հայաթափման օրերին «Արցախի վրա խաչ չքաշող» Փաշինյանի դիրքորոշումը։ Սակայն այս տրանսֆորմացիան, ևս, այդ մարդկանց համար, ևս, զիջում չէ՛։ Ամենևին։

Ինչևէ։ Այս ժամանակահատվածում Տավուշում միակողմանիորեն տարածքներ են հանձնվում Ադրբեջանին այն դեպքում, երբ, ինչպես արձանագրվեց վերևում, Փաշինյանը հոխորտում էր, թե նոյեմբերի 9-ի կոնտեքստում այդ տարածքների վերադարձի հարցը, ևս, եղել է, բայց նա հայտարարել է, որ իր ձեռքերը կկտրի, բայց այդ տարածքները վերադարձնելու թուղթ չի ստորագրի։

Այս ամենից հետո, Փաշինյանի կողմից սահմանվող նշաձողն ուղղակի գետինին է հավասարկվում․

– Անցում ա տեղի ունենում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան։
– Ես եմ Հայաստանի առաջին ղեկավարը, ով ճանաչել է տարածքային ամբողջականությունը։
– Ղարաբաղը երբեք մերը չի եղել։ Ղարաբաղը եղել է թոկ։ Ղարաբաղյան շարժումը ավանտյուրա էր, որի մեջ մեզ ներքաշել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նման տրանսֆորմացիայի փաշինյանական բացատրությունը հետևյալն է․ «Այո, մենք 2021թ․-ին վերընտրվել ենք «անջատում՝ հանուն փրկության» և մնացած խոսույթների ներքո, բայց «սնուցող մայրերն» ինձ այլ բան պատվիրակեցին՝ հաստատել խաղաղաղություն»։ Այսինքն, ըստ Փաշինյանի, «սնուցող մայրերն» են մեղավոր Ղարաբաղի կորստի համար, նրանք են Փաշինյանին պատվիրակել՝ Ղարաբաղն ավանտյուրա ու թոկ համարել։

Ապագա, 6-րդ փուլ,
Պետության բովանդակազրկում

2025 թվականի օգոստոսի 8-ի ստորագրված ամերիկյան հռչակագիրը ներկայացվում էր որպես տրամադրվող «փոխադարձ առավելությունների» հիման վրա ձեռք բերված պայմանավորվածություններ, այնինչ իրականում պարզվեց, որ որևէ փոխադարձություն չկա դրանում․ լուծարվել է Մինսկի խումբը և Հայաստանը պարտավորվել է Ադրբեջան-Նախիջևան ԱՆԽՈՉԸՆԴՈՏ հաղորդակցություն տրամադրել, որը պետք է կրի ԹՐԻՓՓ անվանումը։ Ավելին, ինչպես հետագայում Փաշինյանն իսկ խոստովանեց, ԹՐԻՓՓ-ը Հայաստանի համար զուտ տնտեսական ծրագիր է և սահմանափակվում է ՀՀ տարածքում։ Այսինքն, «անխոչընդոտ» առավելությունները, որոնք պետք է ստանա, օրինակ՝ Ադրբեջանը, այդ հաղորդակցությունից օգտվելիս, նույն առավելությունները Հայաստանը չի ստանալու՝ Ադրբեջանի տարածքով անցնելիս։ ԹՐԻՓՓ-ը նույնիսկ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասով երաշխավորություն չի սահմանում։ Եթե սրան ավելացնենք նաև ԹՐԻՓՓ-ի հնարավոր գործարկումից բխող հետևանքները՝ հատկապես Իրանի հետ մեր հարաբերությունների մասով, անորոշության ու մտավախությունների պատկերն ավելի հիմնավոր կդառնա։

Բացի տվյալ՝ աշխարհաքաղաքական խնդրից, Հայաստանը, Փաշինյանի վերընտրվելու դեպքում, բախվելու է նաև հետևյալ, Փաշինյանի կողմից արդեն իսկ առաջ քաշվող, խնդիրներին․

– Սահամանադրությունից հանվելու է անկախության մասին հռչակագիրի հղումը։
– Ադրբեջանին պետք է վերադարձվեն ադրբեջանական 3 անկլավները, քանի որ մենք չենք կարող հրաժարվել Արծվաշենից։

Ահա Փաշինյանի 8-ամյա կառավարման արդյունքը։ Արդյունք, որը ոչ միայն մեկնաբանվում է որպես «մենք ոչ մի բան էլ չենք զիջել», այլև ներկայացվում որպես դարակազմիկ ձեռքբերումների անվերջանալի շղքա։

Հարութ Ուլոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միջազգային դերակատարներն աչք են փակում իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ խախտումների վրա

Միջազգային դերակատարներն աչք են փակում իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ խախտումների վրա Sun, 24 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով