«Հրապարակ»․ Ցանկացած լուծում լինելու է ցավոտ

«Հրապարակ»․ Ցանկացած լուծում լինելու է ցավոտ

Thu, 02 Jul 2026 08:45:24 +0400


Հարցազրույց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, ցուցակի 7-րդ համար Մամիկոն Ասլանյանի հետ

– Ի՞նչ ակնկալիք ունեք Սահմանադրական դատարանում քննությունից, եւ ո՞րն է լինելու ընդդիմության արձագանքը, եթե ՍԴ-ն չբավարարի ընդդիմության պահանջները։

– Անկախ նրանից, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի, պիտի առաջնորդվի նրանով, որ ՀՀ գեթ մեկ քաղաքացու մոտ չփարատված կասկածներ չմնան, եւ ցույց տա բարձր դատարանի դերն ու նշանակությունն այս խայտառակ ընտրություններից հետո։ Կուզենամ, որ ՍԴ-ն զերծ մնա քաղաքական որեւէ նախապաշարմունքից ու կանխատեսելիությունից եւ կայացնի իրավական որոշում։

– Լսելով ՍԴ դատավորների քաղաքական ելույթներն ու հայտարարությունները՝ նման ակնկալիք հնարավո՞ր է ունենալ։

– Քանի դեռ չկա որոշում, ես չեմ ցանկանում գնահատական տալ, ուզում եմ` ՍԴ-ն, որպես իրավական կառույց, իրավական որոշում կայացնի։

– Հակառակ պարագայում ընդդիմությունն անելիք ունի՞։

– Բնականաբար, ընդդիմության անելիքները պայմանավորված են նաեւ որոշմամբ, բայց կոնկրետ անելիքների մասով կարծում եմ՝ միասնական ճակատով պետք է որոշում ընդունել։

– Սամվել Կարապետյանի երեկվա հայտարարությունից ակնհայտ է, որ, անկախ ելքից, ընդդիմությունը վերցնելու է մանդատները, գնա խորհրդարան։ Նա ասաց՝ եթե սկզբում հանրության 60 տոկոսն էր դեմ մանդատ վերցնելուն, հիմա 40-ն է, ի դեպ, այդ հաշվարկն ինչպե՞ս է արվել, եւ ինչի՞ արդյունքում է փոխվել հարաբերակցությունը։

– Այդ կարծիքների մասին, ըստ էության, հարցումներով է պարզվել: Բնականաբար, սկզբում քաղաքացիների մոտ սուր էմոցիոնալ դրսեւորումներ էին, բայց հետո սառը բանականությամբ, հավանաբար՝ քաղաքական, ինֆորմացիոն հոսքերի արդյունքում այլ կարծիքներ են ձեւավորվել։ Ինչ վերաբերում է՝ այս հայտարարությունից ենթադրել, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, այնքան էլ ճիշտ չէ, պետք չէ ընտրությունների արդյունքները բերել-հանգեցնել միայն մանդատները վերցնել-չվերցնելու պայքարի։ Միասնական ընդդիմությունը պետք է հասկանա քայլերի կարեւորությունը, դրանց նշանակությունը եւ ճանապարհային քարտեզ պետք է ունենա, թե ինչ է արվելու` վերցնելու եւ չվերցնելու դեպքերում։ 2 դեպքում էլ՝ առանց փաստարկների, առանց առարկայական հիմքի, կլինի անպատասխանատու վերաբերմունք ընդդիմությանը քվե տված ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

– Ճանապարհային ի՞նչ քար­տեզներ կգործեն 2 դեպքում, որ ար­դարացվի վերցնելը կամ չվերցնելը, ի դեպ, կա տեսակետ, որ եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, իշխանությունը պարտադրված է լինելու արտահերթ ընտրությունների գնալ, ուստի չարժե կրկնել նախորդ խորհրդարանի չհաջողված փորձը, պետք է բոյկոտել։

– Մենք չպետք է առաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի կանխատեսելի օրակարգով, որովհետեւ Փաշինյանը երբեք չի անի այն, որից օգուտներ կքաղի ընդդիմությունը, հետեւաբար՝ Փաշինյանի օրակարգը պետք է թողնել իրեն: Ընդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը եւ գնա պատասխանատու եւ ոչ թե ականջահաճո լուծումների, որոնք կբխեն հասարակության փոքրամասնության պահանջներից։ Ուստի ես զերծ կմնամ գնահատականներից, որովհետեւ պայքարի մեջ գտնվող մարդկանց համար պայքարի ճիշտ ընտրությունն է կարեւոր, ոչ թե դրա վերաբերյալ հասարակության այս կամ այն կողմի տված գնահատականը։

– Մանդատները վերցնելու դեպքում ի՞նչ գործողություններ են հնարավոր, որ այսպիսի իշխանության պարագայում դա արդարացված լինի։

– Չեմ կարող այս պահին հստակ ասել, բայց եթե վերցնում են մանդատները, հստակ դիրքորոշում ու քայլեր պետք է ունենալ՝ ինչ դիրքավորմամբ է ընդդիմությունը մտնում խորհրդարան՝ դրանից բխող հետեւանքներով։ Նույնն էլ՝ երկրորդ տարբերակում: 2 դեպքում էլ ընդդիմությունը համարձակություն ու վճռականություն պիտի ունենա, ցանկացած լուծում լինելու է ցավոտ, որովհետեւ մի խումբ քաղաքացիների համար դա լինելու է ընդունելի, մյուս խմբի համար՝ ոչ։

– Դուք անձամբ ո՞ր տարբերակին եք կողմ։

– Անկեղծ ասած, սկզբում ես էլ էի էմոցիոնալ դաշտի ներքո, բայց այս պահին սպասում եմ, ամեն օր իրավական դաշտում երեւույթներ են փոխվում, մենք պետք է հասկանանք՝ եթե ունենք պայքարի երկու ուղղություն, ապա դրանցից որն է ավելի առարկայական․․․ Ես այսօր թիմ եմ ներկայացնում, եւ այդ որոշումը կլինի թիմային, ուստի իմ անձնական կարծիքն այդքան էլ կարեւոր չէ։

– Համաձայն չե՞ք, որ մանդատները չվերցնելը կարող է քաղաքական ճգնաժամի հանգեցնել։

– Իրավական ամենաթողության պայմաններում դա հնարավոր չէ, ժողովրդավարության ամենափոքր ինդեքս ունեցող երկրներում հնարավոր կլիներ լեգիտիմության ճգնաժամ առաջացնել, բայց, հաշվի առնելով իրավական այն անարխիան, ամենաթողությունը, որ տեսնում ենք Հայաստանում, հնարավոր է ոչ մի հետեւանք չունենա, ինչպես եղավ Վրաստանում։

– Հետեւաբար, ճիշտը ման­դատներ վերցնելն է։

– Ճիշտը միասնական որոշում կայացնելն է։ Մենք սովոր ենք որոշումներ կայացնելու պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա, բայց կարծում եմ՝ ընդդիմությունը միասնական որոշում պետք է ընդունի եւ պատասխանատվությունն ինքը ստանձնի՝ ե՛ւ լավ, ե՛ւ վատ առումով։

– Ոմանց կարծիքով, այլ­ընտրանքը փողոցային պայքար գեներացնելն է, ասում են՝ եթե ընտրություններով չստացվեց հեռացնել, պետք է փողոցով փորձել։

– Գեներացիան նշանակում է կուտակել, այսինքն՝ ժամանակի ընթացքում կուտակել, եթե այս պահին գուցե դեռ չի երեւում փողոցային պայքարի նախադրյալ, ժամանակի ընթացքում այն կերեւա։

– Իսկ մտահոգություն չունե՞ք, որ խորհրդարան գնալով կամրապնդեք ՔՊ-ի դիրքերը, իրենք մարդագողությամբ կարող են սահմանադրական մեծամասնություն ստանալ։

– Ցանկացած պայքար հղի է անկանխատեսելի հետեւանքներով, հետեւաբար՝ նախաառաջնորդվել, որ կարող է վատ բան լինել կամ չլինել, այնքան էլ ճիշտ չէ։ Համարձակություն ու պատասխանատվություն է պետք դրսեւորել եւ հստակ քայլերով առաջ գնալ, չնայել, թե իշխանությունն ինչ կարող է անել, այլ հստակ գծել մեր անելիքները։

– Իսկ իշխանափոխության ի՞նչ գաղտնի պլանի մասին էր խոսում Սամվել Կարապետյանը, այդ պլանը պետք է իրագործվի խորհրդարանո՞ւմ, թե՞ դրանից դուրս։

– Քանի որ դեռեւս միասնական որոշում չկա, այդ պլանը կարող է արտահայտվել մանդատները թե՛ վերցնելու, թե՛ չվերցնելու դեպքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

IMEI գրանցումը ժողովրդավարական ազատությունների տեսանկյունից ունի մի շարք լրջագույն ռիսկեր

IMEI գրանցումը ժողովրդավարական ազատությունների տեսանկյունից ունի մի շարք լրջագույն ռիսկեր Fri, 03 Jul 2026 09:37:35 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով