Բագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելով
Sat, 04 Jul 2026 13:45:04 +0400

22 տարի պահանջվեց, որպեսզի Վարդենիսում 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի սպանության համար մեղադրվող ամուսիններին արդարացնեն: ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արտավազդ Կարապետյանի, հունիսի 25-ին արդարացման ակտ կայացրեց ամուսիններ Նարինե և Բագրատ Նալբանդյանների գործով:
Նրանք 13 եւ 9 տարի անցկացրել են կալանավայրերում` այս սպանության համար: Հաշմանդամ դարբին Բագրատ Նալբանդյանը չհասավ այս լուսավոր օրվան: Անցյալ տարի ամռանը նա ինքնասպանություն է գործել: Պատճառը հայտնի չէ: Նրա փաստաբան Մոնիկա Մարգարյանը, հարազատները համարում են, որ պատճառը հանիրավի մեղադրանքներն են եղել: «Հաստատապես չենք կարող ասել, ենթադրություններ կան: Համենայն դեպս, նրա կինը կարծում է, որ այս երկարատեւ դատական քաշքշուկներին ամուսինը չդիմացավ», – ասում է Մոնիկա Մարգարյանը:
Հիշեցնենք, 2004 թվականի հունիսին Վարդենիսում, աղբով ու մազութով լի հորում գտել էին 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի մարմինը։ Փորձագետները արձանագրել էին, որ այդ հորը նետվելուց հետո աղջիկը դեռ օր ողջ է եղել: Առեղծվածային սպանությունը կապում էին Վարդենիսի միլպետի որդու անվան հետ, բայց մեղադրվեցին Նարինե եւ Բագրատ Նալբանդյանները։ Նրանք դատարանում պատմել էին, թե իրենց ինչպես են խոշտանգել, կեղծ խոստովանություն կորզել: Հետագայում ՄԻԵԴ ը գտավ, որ խախտվել է Նալբանդյանների արդար դատաքննության իրավունքը: Գործը վերաբացվեց, գնաց նոր քննության, վերաքննության, եւ դեպքից 22 տարի անց Նալբանդյանները արդարացվեցին:
Անդրադառնալով ժամանակի առումով այս ռեկորդային դատաքննությանը, փաստաբան Մոնիկա Մարգարյանը «Հրապարակին» հայտնեց, որ սա միակ արդարացման վճիռը չէր: ՄԻԵԴ-ի վճռից հետո 7 տարի առաջին ատյանի դատարանը քննել է գործը, մի քանի դատավոր է փոխվել, որից հետո Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Սարգսյանի արդարացման դատական ակտ է կայացրել, դատախազությունն այն բողոքարկել է, վերաքննիչ դատարանը բեկանել է այդ արդարացման ակտը, ուղարկել է նոր քննության: Ինչո՞ւ էր դատախազությունը հակված, որ այս դատաքննությունը անընդհատ շարունակվի: «Նրանք գրեթե բոլոր դատական ակտերն էլ բողոքարկումեն, հատկապես արդարացման դատական ակտերը անհնար է, որ չբողոքարկեն: Կարծում եմ, սա էլ են բողոքարկելու, եթե դատախազը մինչեւ վերջ էլ չապացույցների պայմաններում ճառ էր ասում»:
Այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը արձանագրեց խոշտանգումների փաստը, Նալբանդյանները փոխհատուցում են ստացել պետությունից, սակայն հիմա, եթե արդարացնող դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ, ընտանիքը կրկին փոխհատուցում է կստանա երկարատեւ եւ անարդարացի կալանք կրելու համար:
Հավանաբար, սա է պատճառը, որ դատախազությունը պայքարում է Նալբանդյանների արդարացման դեմ: «Երբ որ արդարացման դատական ակտը կմտնի ուժի մեջ, նախաքննական մարմինը պարտավոր է լինելու գործի քննություն իրականացնել», – ասում է Մոնիկա Մարգարյանը: Սակայն հույս չունի, որ իրավապահները կանեն իրենց գործը: Իսկ Արևիկ Նալբանդյանը պարտաճանաչ ներկայանում է իր գործով բոլոր դատական նիստերին ու ամեն նիստից առաջ ծանր ապրումներ է ունենում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր