Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

«Հրապարակ». Մոսկվան կհավատա՞ Փաշինյանի «արցունքներին»

«Հրապարակ». Մոսկվան կհավատա՞ Փաշինյանի «արցունքներին»

Tue, 07 Jul 2026 08:45:35 +0400


Նիկոլ Փաշինյանի «ինքնիշխան» ու անկախ լինելն այս անգամ էլ ընդամենը մի քանի ամիս տեւեց: Հավանաբար, հասկանալով իր հերթական անհեռանկար գործողությունների վնասարար հետեւանքները, երեկ նա կրկին բռնեց Ռուսաստանի ճամփան: Բայց ոչ թե բարձր մակարդակի պաշտոնական այցով, որի ժամանակ Ռուսաստանի նախագահի հետ կհանդիպեր, այլ Innoprom-2026 ցուցահանդեսի ֆորմատով Եկատերինբուրգում վարչապետների մակարդակով հանդիպման: Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ հայկական կողմի խնդրանքով տեղի է ունեցել Միշուստին-Փաշինյան հեռախոսազրույց։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ հեռախոսազրույցին նախորդել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության խողովակներով փոխանցված խնդրանք-նամակները, որ Փաշինյանին հրավիրեն՝ մասնակցելու միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, որը համարվում է բավական երկրորդական եւ առանձնապես աչքի չընկնող մի միջոցառում։ Ընդ որում, ապրիլին նախարարի մակարդակով ստացված պաշտոնական հրավերներից բացի, նաեւ ավելի դետալացված հրավեր պետք է ուղարկվեր, իսկ ապրիլից ի վեր իրավիճակ է փոխվել։ Հայաստանը հայտնվել է ռուսական սանկցիաների տակ, փաշինյանական պաշտոնյաներն էլ, իրավիճակը հարթելու փոխարեն, այս ամիսներին միայն խրոխտ հայտարարություններ են արել, որ այլընտրանքային շուկա են գտել հայ տնտեսվարողների, ֆերմերների համար՝ ի դեմս եվրոպական, թուրքական, լեհական եւ այլ շուկաների։

Մինչդեռ գնալով իրավիճակը սրվում է, գյուղատնտեսության սեզոնը նոր է ակտիվանում, ինչն ըստ էության հասկանալով` Փաշինյանը խնդրագրեր է ուղարկել ռուսաց թագավորին, որ գնա բանակցի` հարցը կարգավորի, եւ չի մերժվել, ինչպես մեր աղբյուրներն են ասում, Ռուսաստանում շատ զարմացել են նրա պահվածքից, չէ՞ որ ընդամենը մի քանի օր առաջ են Հայաստանից մեկնել Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Մարթա Կոսը: Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայաստանյան այցի ժամանակ ճոխ ֆինանսատնտեսական աջակցություն եւ եվրոպական շուկաների լայն գիրկ խոստացավ, որը, փաստորեն, Փաշինյանին չի մխիթարել, եւ նա որոշել է նորից ռուսների գիրկը նետվել։ Ռուսները զարմացել են Փաշինյանի խնդրանքներից, բայց չեն մերժել, համաձայնել են ընդունել ու հասկանալ, թե ինչ կա նրա մտքին։

Փաշինյանին օդանավակայանում դիմավորել են ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի վարչության պետի տեղակալը, ինչպես նաեւ՝ Սվերդլովի փոխնահանգապետ Կոզլովը եւ տեղական այլ պաշտոնյաներ։ Այսինքն, ոչ մի նշանակալի դեմք չի գնացել օդանավակայան, վարչապետական ընդունելության չեն արժանացրել, թեեւ աղուհացով են դիմավորել։

«Վստահ եմ, որ գնացել է խնդրելու եւ դեպի Մոսկվա վերադարձի ճանապարհներ փնտրելու։ Ես մեկ անգամ չեմ ասել, որ Փաշինյանի քաղաքականությունը հետեւյալի մասին է՝ երկու քայլ ընդդեմ Ռուսաստանի, մեկ քայլ դեպի Ռուսաստան, ու այդպես ութ տարի շարունակ նա քանի-քանի քայլ հեռացրել է հայ-ռուսական հարաբերությունները»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը: Խնդիրն այն է, որ Ռուսաստանից Հայաստանի տնտեսության կախվածությունը զգալիորեն մեծ է, եւ, Շարմազանովի խոսքով, եթե Հայաստանը զրկվի ԵԱՏՄ շուկայից, դա ոչ միայն Հայաստանն է սոցիալական կոլապսի հանգեցնելու, այլեւ իր իշխանության դեմ է սոցիալական ընդվզում լինելու․ «Փաշինյանը հասկանում է այդ ամենը, ինչքան էլ Ֆոն դեր Լայենը գա ասի` այսքան փող կդնենք, կդիվերսիֆիկացնենք, բայց ակնհայտ է, որ մեծ խնդիր է լինելու։ Կամ՝ որ ասում են․ Հայաստանն ուրիշ երկրից գազ կներկրի… որտեղի՞ց է բերելու, ամենաէժան հաշվարկով անգամ իր սիրելի Ադրբեջանից 3-5 տարի է պահանջվելու, որ այդ հարցերը լուծեն, էլ չենք խոսում դրա բարոյական կողմի մասին եւ այն մասին, որ Հայաստանը դնելու են Ադրբեջանից էներգետիկ կախվածության մեջ։ Հիմա փորձ է անում՝ մեկ քայլ կրկին վերադարձի, եւ ուզում է ասել, որ իմ հետ աշխատեք»։

Շարմազանովը նշեց նաեւ, որ անհերքելի է փաստը՝ Փաշինյանի «սիրտը Եվրոպա է ուզում», եւ ինքն էլ այդ ուղղությամբ է գնում, միեւնույն ժամանակ հասկանում է, որ օդուջրի պես Հայաստանին հարկավոր է ԵԱՏՄ-ն, դրան այլընտրանք չկա․ «Ինչքան էլ ուզում են արեւմտամետները լոլոներ կանչեն, ԵԱՏՄ-ի տված հնարավորություններն անփոխարինելի են»։ Արդյոք ՌԴ-ում հերթական անգամ կներե՞ն «անառակ որդուն», թե՞ նորից նրան կոշտ ընտրության առջեւ կդնեն, Շարմազանովը չի կարող ասել: Միայն մի բան գիտի, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ վաղուց այլեւս չկան․ «Նայեք` ՀՀ-ում ՌԴ դեսպանը քանի անգամ է կանչվել ՀՀ ԱԳՆ, տարբեր պաշտոնյաների միջեւ փոխհրաձգություն է եղել, անգամ ընդդիմությանը վիրավորելու համար իշխանականները «ռուսի ագենտ» են ասում։ Հենց նաեւ այս պատճառով եմ ասում, որ չգիտեմ, թե Ռուսաստանում ինչ կարող են Փաշինյանի հետ պայմանավորվել, կամ-կա՞մ է լինելու, թե՞ Փաշինյանը հավաստիացնելու է, որ ԵՄ չի գնում։ Անձամբ իր շահերից էլ է բխում, որ Հայաստանն այսօր մնա ԵԱՏՄ լիիրավ անդամ: Իհարկե, մենք բաց աղբյուրների ինֆորմացիայով ենք գնահատականներ տալիս, բայց չգիտենք՝ կուլուարներում ինչ է կատարվում, մի քանի օրից գուցե հասկանանք, բայց ես չեմ կարծում, որ Մոսկվան արցունքներին կհավատա, մյուս կողմից՝ պետք է հասկանալ նաեւ, թե ինչ է Մոսկվայի ուզածը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ 600 դրոն է առգրավվել

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ 600 դրոն է առգրավվել Tue, 07 Jul 2026 00:30:51 +0400 Ամերիկյան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով