Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Այս պահին մեր թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար, Էլբակյանից հետո փոխարինող չկա

«Հրապարակ». Այս պահին մեր թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար, Էլբակյանից հետո փոխարինող չկա

Wed, 16 Sep 2026 12:15:43 +0400


Հայաստանում օրեցօր թատրոնների թիվն ավելանում է, եւ հանդիսատեսն էլ է շատանում։ Ի տարբերություն, օրինակ, նախորդ տասնամյակի, այժմ թատրոններում ազատ տեղեր գրեթե չկան, վերջին տարիներին նոր թատրոններ են ասպարեզ եկել, ժամանակակից, մասնավոր թատրոններ, որտեղ նոր լուծումներ են գտնում, եւ որոնք մեծ լսարան ունեն։ Սակայն, այս ամենին զուգահեռ, մենք նկատում ենք, որ պետական ֆինանսավորում ունեցող թատրոնները, օրինակ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, բացառապես դասական եւ մեր ժամանակների համար ոչ այնքան ակտուալ գործեր է բեմադրում:

Սունդուկյանի խաղացանկում կարելի է հանդիպել հայ եւ համաշխարհային թատերական դասական հայտնի գործերի, սակայն ժամանակակից հեղինակների պիեսների եւ նոր դրամատուրգիական խոսքը սահմանափակ է կամ ընդհանրապես բացակայում է։ Օրինակ, սեպտեմբերի 18-ին Սունդուկյանի անվան թատրոնում հանդիսատեսին է ներկայացվելու «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը: Ճիշտ է՝ Շեքսպիրը բոլոր ժամանակների ամենադրամատուրգն է, բայց մեր խելահեղ վազքի ու այֆոնների դարում ո՞վ է Շեքսպիր դիտելու։ Մայր թատրոնը նախընտրում է հին, դասական թատերգությունները, բայց գուցե պատճառը նաեւ այն է, որ Սունդուկյան թատրոնի դահլիճը գրեթե միշտ կիսադատարկ է, հանդիսատես հավաքելու դժվարություններ ունի:

Պրակտիկան ցույց է տալիս, որ մարդիկ թատրոն հաճախում են, թատրոնն արվեստի սիրված ճյուղերից է, հաճախ լավ ներկայացումների տոմսերը հարկավոր է օրեր առաջ ձեռք բերել։ Բայց թատրոն էլ կա, թատրոն էլ: Մայր թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչո՞ւ նոր աշխատանքներ, ժամանակակից գործեր չեն բեմադրվում, չկա՞ն մեզանում ժամանակակից պիեսներ։ Էլբակյանն ասաց, որ ինքն այլեւս վաղուց նման հարցերով չի զբաղվում եւ չի էլ ցանկանում խոսել այդ մասին։ «Ես հիմա ոչ մի կապ չունեմ Սունդուկյան թատրոնի խաղացանկի հետ, ես հիմա այնտեղ կոնսուլտանտ եմ, բայց հաշվեք, որ չեմ աշխատում»,- ասաց նա:

Թատրոնի երկարամյա դերասանուհի Ջուլիետա Բաբայանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ Արմեն Էլբակյանի շնորհիվ է, որ Սունդուկյան թատրոնում ժամանակակից գործեր այս տարիներին չեն բեմադրվել. «Ժամանակակից գործեր Էլբակյանը չի բեմադրել, ես չեմ ասում, թե վատ է աշխատել, սակայն չի բեմադրել, դե, ինչ ասեմ, երեւի նախասիրության հարց է, սակայն ես կարծում եմ, որ թատրոնին պետք են ժամանակակից գործեր: Մեր թատրոնում եղել են ժամանակակից գործեր, մարդիկ եկել են եւ շատ մեծ սիրով դիտել են։ Ժամանակը թելադրում է ամեն բան, եթե լավ գործ է՝ ինչո՞ւ չէ, ուղղակի հիմա դրամատուրգները, կարծես, քնել են, թե ուրիշ բաներով են երեւի զբաղված ու ժամանակ չունեն էլ պիես գրելու: Առաջներում այնպիսի գործեր էին բեմադրվում, Աճեմյանը վերցնում էր գործերը, փոխում էր, դարձնում էր այնպիսի ներկայացում, որ մարդիկ անգամ գիշերները գալիս էին, տոմսի հերթ էին կանգնում։ Հիմա փոխվել են ժամանակները: Արմեն Էլբակյանը տասը տարի մեր գլխավոր ռեժիսորն է եղել, պետք է մտածեր այդ մասին»:

Սունդուկյանի անվան թատրոնը պետական ֆինանսավորում ունի, մենք այնպիսի տպավորություն ունենք, որ նաեւ դա է պատճառը, որ թատրոնը զարգացում չի ունենում՝ նկատեցինք մենք։ «Պետությունն է ֆինանսավորում, բայց, ներողություն, այդ ի՞նչ գումար են տալիս, որ մի հատ էլ․․․ Այն գումարը, որ մենք ենք ստանում, ուղղակի ծիծաղելի գումար է: 170 հազար գումար եմ ես ստանում, որից 45 հազարը պահում են, տակն ի՞նչ է մնում: Ես կարծում եմ, որ խաղացանկը կապ չունի ֆինանսի հետ: Ուղղակի լավ գործեր են հարկավոր, լավ պիեսներ, տարիներ առաջ Կարինե Խոդիկյանի «Կինը անձրեւից հետո» ներկայացումն էինք բեմադրում․ խոսքը տասը տարի առաջվա մասին է։ Նելլի Շահնազարյանի գործերից ենք բեմադրել, բայց ռեժիսորները պետք է ցանկանան աշխատել ժամանակակիցների հետ: Պիտի ռեժիսորը ցանկանա, որ պիեսը վերցնի: Հիմա այնքան թատրոններ են բացվել, մի քանի հոգով հավաքվում են՝ վերջ, թատրոնն արդեն պատրաստ է, իսկ ժողովուրդը հաճույքով էլ գնում է, հատկապես «ՀանդԱրտ»-ի գործերը մեծ սիրով դիտում են մարդիկ, լավ գործեր են բեմադրում, ապրեն իրենք, մարդու մտքին պետք է տեղ լինի: Այս պահին մեր թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար, Էլբակյանից հետո մարդ չի փոխարինում, տեսնենք, թե ինչ կլինի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սահմանամերձ գյուղի ղեկավարն ասում է` գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի

Սահմանամերձ գյուղի ղեկավարն ասում է` գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի Sat, 03 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով