Դրանցից ի՞նչ գրող, դրանք խոշտանգման պրոպագանդիստներ են
Thu, 17 Sep 2026 20:15:56 +0400

Ֆեյսբուքում ինչ-որ քարոզիչներ, մեկը գրողի քողի տակ, մյուսը` հրապարակախոսի, երրորդը` գրականագետի, պրոադրբեջանական քարոզչությամբ են զբաղված: Նրանց գրառումները երբեմն այնքան պրոադրբեջանական ու պրոթուրքական են, որ հաճախ մարդիկ այդ գրառումների մեկնաբանությունների բաժնում համոզմունք են հայտնում, որ վերջիններս ֆինանսավորվում են Ադրբեջանից, հակառակ պարագայում չէին կարող ադրբեջանական օրակարգն այդքան դետալացված եւ ադրբեջանցիներից ավելի եռանդով սպասարկել:
Վերջերս ֆեյսբուքահայության շրջանում մի անուն հայտնի դարձավ` Հայկ Հովյան, որը իբրև գրող է, հրապարակված պատմվածքներ ունի, սակայն հանրության շրջանում հայտնի է զուտ որպես իշխանական շարքային քարոզիչ՝ ՔՊ-ի պաշտոնյաներից ու պատգամավորներից ավելի «նվիրյալ»: Այս քարոզիչները, գրում են, օրինակ, որ հայերը 90-ականներին օկուպացրել էին ադրբեջանական տարածքներ, ադրբեջանցիներին դաժան վերաբերմունքի էին արժանացրել, Արցախը մերը չէր, Ալիեւը լավ է արել, որ արցախյան առաջնորդներին բանտում է պահում և այլ զազրելի հակահայկական թեզեր, որոնց անդրադառնալն անգամ նողկալի է: Հայկհովյանների պակաս մեր իրականության մեջ չկա: Չի բացառվում, որ սրանցից ոմանք ուղղակի վճարովի աշխատանք են կատարում՝ մեր թշնամիներից գումարներ են ստանում նման քարոզչության դիմաց:
Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, շատերի նման հաճախ արձագանքում է իրականությունն աղճատված ու կեղծիք տարածող այս մարդկանց: Նա «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի շահերից հանդես եկող այս միայն ազգանվամբ հայ «քարոզիչներին», ասում է. «Նախ այդ տեսակը ոչ մի կապ չունի մեր հաղթանակների հետ: Ես այդ տեսակին անվանում եմ գաղութի գրողներ: Նրանք կապ չունեն մեզ հետ: Օրինակ` Սովետական Միության ժամանակ ինչպես է եղել հոմոսովետիկուսները արտահայտել են բացառապես սովետի կարծիքը, այժմ նույն բանը անում են սրանք, ուղղակի այլ ուժերի համար: Սրանց ամեն մի խոսքը, անգամ շնչածը 180 աստիճանով հակադիր է հայ զինվորի կրած չարչարանքներին: Սրանց նպատակը մրցանակներ ստանալն է, գուցե առանձնապես մեծ շահեր էլ չկան, պարզապես կա մի տեսակ, որն ունի սեփական կարծիք ձևովորելու խնդիր: Հայկ Հովյանը, որ լացակումած ձայնով ասում է՝ մենք նեղացրել ենք ադրբեջանցիներին, դա հո իր կարծիքը չէ, դա Ալիևի կարծիքն է, Հաջիևի կարծիքն է, Նիկոլ Փաշինյանի կարծիքն է ու նմանների: Այս տեսակը չունի սեփական կարծիք, այդ տեսակին չգիտեմ արժե՞ գրող անվանել: Այսպիսիների շահերը տարբեր են, մեկինը` փողն է, մյուսինը` ներկայացված լինելը, այն մյուսինը` անձնական կապերը, և այլն: Սովետի ժամանակ հոմոսովետիկուս էին ստեղծել, և գրողներ էին աճեցրել, որպեսզի նրանք փառաբանեն սովետը, հիմա դավաճանական համակարգի համար ինչ-որ քարոզիչների են ասպարեզ բերել, գրողի անվան տակ, որպեսզի փառաբանեն սրանց: Ադրբեջանում մարդկանց դատապարտում են խաղաղություն քարոզելու համար, նման ռեժիմին նեղացնելու համա՞ր են սրանք մտահոգվում, սրանցից ի՞նչ գրող, սրանք խոշտանգման պրոպագանդիստներ են: 150 հազար մարդու անտուն թողեցին, սրա նմանները դրել ադրբեջանական նեղացկոտությունից են խոսում: Ալիևի ռեժիմին ինչքան կարող ենք պետք է նեղացնենք: Ալիևի ռեժիմը բռնապետական ռեժիմ է, որը ոչ միայն հայ ժողովրդին է փորձում կեղեքել, այլև ադրբեջանցի ժողովրդին: Նման ռեժիմներին արդարացնողները պատկերացնո՞ւմ եք, թե ովքեր են»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր