Ձախողված մարդ, ձախողված կառավարում, իր ձախողումները որպես հաջողություն ու հաղթանակ ներկայացնելու խղճուկ փորձեր…
Mon, 12 Oct 2026 23:57:25 +0400

Մենք մեր «պարտություններն ենք արձանագրում, բայց հաղթանակները չենք նկատում: Մենք Նիկոլ Փաշինյանի իշխանության «հաջողություններն» ենք գրանցում, իսկ անհաջողությունները չենք տեսնում: Բայց եթե մի քիչ ուշադիր լինենք, կնկատենք, թե իր հայտարարած նպատակներից քանի քանիսին չի հասել, քանի արշավ ու նախաձեռնություն է ձախողել` մի մասն իրենց ապաշնորհության, մյուս մասը մեր պայքարի ու հանրային դիմադրության շնորհիվ:
Իհարկե, որոշ հարցերում կարողացել է խաբել ու մոլորեցնել հանրությանը, բայց լիքը հարցերում էլ չի ստացվել` սուտը բռնվել է, մանիպուլյացիան բացահայտվել, կեղծիքը ջրի երես դուրս եկել: Ճիշտ է` իշխանափոխություն անել չի հաջողվել, բայց իշխանությանն էլ չի հաջողվել պետությունը ոչնչացնել, հանրությանը լրիվ բարոյազրկել, հայ մարդու ինքնությունը փոխել:
Եկեք մի քանի բան արձանագրենք. 2026-ի հունիսի 7-ի ընտրությունները, որոնց արդյունքներից մենք այդքան դժգոհ ենք, մի մեծ լեգենդ հօդս ցնդեցրին` «այս իշխանությունը երբեք ընտրություններ չի կեղծի» և ՔՊ-ի լեգիտիմության միֆը:
Մի կուսակցության ձայներ գողացան ու պարզ դարձավ, որ եթե իշխանություն ձևավորելու համար ՔՊ-ին չբավարարեին ԲՀԿ-ի ձայները, էլի ձայներ կգողացվեին, 3 տեղամասի փոխարեն 13-ում կչեղարկեին ընտրությունները կամ նոր ընտրություններ կնշանակեին, կամ` ընտրություններն առհասարակ կչեղարկեին ու կհայտարարեին, որ հերիք ա` ինչքան ընտրություն է եղել Հայաստանում, եկել է միապետության ժամանակը և այսուհետ «միապետ Փաշինյանն» է կառավարելու երկիրը:
Մյուս «պռավալը» եկեղեցու և կաթողիկոսի դեմ արշավն է, որը մեկ տարուց ավելի է ընթանում է: Պաշարված բերդը գրոհող հրոսակների նման մեկ աջից են գրոհում, մեկ` ձախից` զրո արդյունք… պատարագների տեքստը փորձեց խմբագրել, ներսից դավաճաններ գտավ, դրսից աջակիցներ բերեց, զեկույց գրեց, հանձնաժողով ստեղծեց, հազար մեղադրանք առաջ քաշեց` հարկերից ու կուսակրոնությունից մինչև քաղաքականության մեջ խառնվել…դե չի ստացվում, հո զոռով չի: Եվ սա մի մեծ ֆիասկո է, որը ոչ մի կերպ չի մարսում, բայց հույսը չի կորցնում, որ մի օր կհասնի հաջողության:
Ուրիշ ձախողումներ ու խայտառակություններ էլ են եղել, որ չենք նկատում: Հովիկ Աղազարյանի մանդատը խլելու ամոթալի փորձերից մինչև խոստացված սահմանազատման դադարեցում և Թրիփի կառուցում, դատավորների վեթինգից մինչև ապօրինի գույքի բռնագրավման գործընթացի տապալում…
Բոլոր այն դատական գործերը, որոնց մասին որևէ կարծիք է հայտնել ՔՊ առաջնորդը և որոնցով մեղադրական դատավճիռ մինչ օրս չկա` սկսած որդեգրումների հայտնի գործից մինչև Բագրատ սրբազանի մեղադրանք, պատճառը ոչ թե դատավորների կապերն են նախկինների հետ, ինչպես փորձում է ներկայացնել, ոչ էլ դատավորների անկախությունն ու համարձակությունն է, որը կուզենայինք որ լիներ, այլ այդ գործերի բացարձակ անհիմն ու հորինված լինելը, որոնցով ուղղակի դատավճիռներ հնարավոր չի լինում արձակել` ինչքան էլ որ պատվերը միանշանակ է ու այն չկատարելը` վտանգներով հղի:
Ձախողված մարդ, ձախողված կառավարում, իր ձախողումները որպես հաջողություն ու հաղթանակ ներկայացնելու խղճուկ փորձեր…հանրության դիմադրությունը կոտրելուն ուղղված տիտանական ջանքեր, որոնք հուրախություն մեզ, չեն հաջողում…ու չեն հաջողելու…
Նկարում` մեր սիմվոլներից երկուսը` Խոր Վիրապը որպես մեր անխախտ հավատի խորհրդանիշ, Արարատը` որպես մեր հազարամյա ինքնության լուռ վկա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր