Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Ընտրակեղծարարները

Ընտրակեղծարարները

Thu, 22 Oct 2026 09:00:40 +0400


Մի օր մի պատմաբան անպայման գիրք կգրի այն մասին, թե ինչպես արդար ընտրություններ կազմակերպելու երկաթյա որոշմամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց, հողին հավասարեցրեց ընտրական համակարգը մեր երկրում: Ինչպես կարողացավ այնպես անել, որ ընդդիմադիր որեւէ ուժ 2026 թվականին չհամարձակվեց առաջադրվել եւ անգամ ավագանու կազմում խմբակցություն ունենալ, որ համայնքային կառավարմանը մասնակցի: Ինչպես հաջողացրեց բուհերի ռեկտորների մրցույթները դարձնել այնքան ձեւական, որ որեւէ մեկն այլեւս չի համարձակվում ՔՊ-ի թեկնածուի հետ մրցել, իսկ անցողիկ թեկնածուները հաստատվում են կառավարության շենքում կամ ՔՊ գրասենյակում: Ինչպես ստացվեց, որ Ռադիոյի տնօրենի ընտրությունից օրեր առաջ «հաղթող» թեկնածուն Պրահայից հրավիրվեց Երեւան, եւ նրան տեսան կառավարության շենքից դուրս գալուց: Ինչպես եղավ, որ նույնիսկ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը վերածեցին նշանակման, իսկ իրենց ցանկալի թեկնածուին` ֆրանսախոս Դենիս Ջորկաեֆին անցկացնելու համար ՀՖՖ կանոնադրության մեջ նախապես փոփոխություն են անում, որ հայոց լեզվի իմացության կետը հանեն` հարմարեցնեն իրենց «սրտի թեկնածուին»: Եվ վերջապես` ինչպես ստացվեց, որ Հանրապետականի կառավարման շրջանի բոլոր ընտրությունները մենք կեղծված էինք համարում, բայց անցած 30 տարվա մեջ, անգամ` 90-ականներին, երբեւէ մեկ ամբողջ կուսակցության քվեներ չեն գողացվել, իսկ արդար ընտրությունների ջատագով Նիկոլ Փաշինյանի ժամանակ բացահայտորեն` օրը ցերեկով գողացվեցին ու մարսվեցին: Բոլոր մակարդակներում, բոլոր համակարգերում ընտրությունների ինստիտուտը դադարել է գործել` վերից վար, եւ դա կատարվել է իշխանության գլխին հայտնված քաղաքական ուժի ու նրա առաջնորդի հստակ եւ հետեւողական ծրագրով:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ջարդուփշուր արեք ամեն ինչ, Նիկոլը տեր է

Ջարդուփշուր արեք ամեն ինչ, Նիկոլը տեր է Wed, 21 Oct 2026 20:15:08 +0400 Ստեփանավանի համայնքապետի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով