Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Մեր լեքսիկոնը գուցե ոչ նորմատիվ է, սակայն լկտի չէ, ի տարբերություն իրենց սպասարկող արամավետիսյանների և գյորգիքսների

Մեր լեքսիկոնը գուցե ոչ նորմատիվ է, սակայն լկտի չէ, ի տարբերություն իրենց սպասարկող արամավետիսյանների և գյորգիքսների

Wed, 28 Oct 2026 20:45:25 +0400


«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի հանդեպ կիրառվող վարչական հսկողությունը վերացվել է։ Սաղաթելյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում: «Վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի»,– գրել է նա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր հերթին հայտնել է, որ դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը. «Դատարանը որոշեց վերացնել Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված ազատ խոսքի սահմանափակումները։ Դրանք ընդհանուր առմամբ տևեցին շուրջ 1 տարի»։

Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները 2025–ի նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժել էին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ, ձերբակալել նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։ 2026-ի փետրվարին Սամսոնյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, իսկ մարտին` վարչական հսկողությամբ։ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ տնային կալանք սահմանվեց ապրիլին։ Հետագայում դատարանը թույլատրեց որոշ հաղորդումներ վարել, բայց ոչ «Իմնեմնիմին»:

Վազգեն Սաղաթելյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` այս ամիսների ընթացքում ի՞նչ վնասեր են կրել մեդիադաշտում, մասնավորապես` Յութուբում հետևորդների թիվը նվազե՞լ է, թե՞ ոչ: Ի դեպ` դատարանը այս ընթացքում Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին արգելել էր վերլուծություններ անել հրապարակավ, սակայն ինֆորմատիվ բնույթի գրառումները թույլատրել էր: Վազգեն Սաղաթելյանը նկատեց. «Դատարանը մեզ արգելել էր որևէ հարթակում կարծիք հայտնել: Այդպես էր ձևակերպել: Այդ ձևակերպումը կարդալով ես եկել էի այն եզրահանգման, որ կարող եմ ֆեյսբուքում գրառումներ անել, որոնք չեն համարվում կարծիք: Հաշվի առնելով այն, որ Դատախազությունն ամեն փոքրիկ դրվագ օգտագործում է մեր դեմ, դրանք ներկայացնելով որպես դատարանի որոշումը չկատարելու փորձ, որոշակիորեն ռիսկային էր ընկալել դատարանի որոշումն այնպես, ինչպես թույլ է տալիս ողջախոհությունը: Օրինակ` եթե ես ցիտում եմ Առուշ Առուշանյանի հարցազրույցից ինչ-որ մի հատված, սակայն չեմ հայտնում կարծիք, ես համարում եմ, որ դա կարելի է, բայց վերլուծություններ անել թույլատրելի չէր: Նարեկն առհասարակ այս ընթացքում գրառումներ չէր անում: Մենք այս ընթացքում հրապարակային կարծիք չենք հայտնել: Ինչ վերաբերում է մեր կորուստներին, ապա մեդիաակտիվության տեսանկյունից մեկ տարվա բացակայությունը լայն առումով, իսկ նեղ առումով` յոթ ամսվա ազատազրկումը, խոր սահմանափակումները որոշակիորեն, կարծում եմ, ազդել են մեր լսարանի պահպանման վրա: Իհարկե, ես շնորհակալ եմ մեր ինտենսիվ լսարանին, որը տեղափոխվեց անհայտ հարթակ, խոսքը «Պատրիոնի» մասին էր, բայց այն մեր լսարանի չնչին մասն էր կազմում: Մեզ համար ուրախալի է, որ դատարանը վերացրեց վարչական վերահսկողությունը: Մենք այսօրվա մեր եթերից հետո նոր կկարողանանք հասկանալ, թե որքանով է մեզ հաջողվել պահպանել լսարանը: Մեր տարբեր գործընկերներ այս ամիսներին մեր փոխարեն վարել են փոդքասթը, նրանք ամեն բան արեցին, որպեսզի հարթակը չմոռացվի, չպասիվանա, սակայն մեր փոդքասթի ֆորմատը սպեցիֆիկ է, այն բավականին անձակենտրոն է, և մարդիկ ավելի շատ այն դիտում էին մեր հանգամանքով` ոչ թե, որ ավելի լավն ենք, այլ այն պատճառով, որ ցանկանում են մեզ լսել: Մեր վերաբերմունքը, մեր գաղափարները չեն փոխվել այս բռնաճնշումների արդյունքում: Կարծում եմ, կորուստները կվերականգնենք, քանի որ մեր կոնտենտը զվարճանքի ժանրից չէ, և մարդիկ, ովքեր գաղափարապես աջակցում էին մեզ, նորից մեր կողքին կլինեն»:

Իսկ ֆորմատի մեջ, մասնավորապես` խոսույթում կլինե՞ն փոփոխություններ. «Մեր առաջին քրեական գործից հետո մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ մեզ ճանաչեցին որպես քաղաքական բանտարկյալ: Ողջամտությունը հուշում է, որ այդ ամենից հետո չպետք է նման քայլի գնային հայաստանյան իրավապահները: Առաջին վերադարձից հետո ես շարունակում էի իրերը կոչել իրենց անուններով, սակայն մենք տեսանք, որ նորից` որոշ ժամանակ անց մեզ հետապնդեցին: Զավեշտ է, որ ի պատասխան Ալեն Սիմոնյանի վիրավորական խոսքերի, ես պատասխանեցի լրիվ նույն ձևով, սակայն պարզվեց, որ դա խուլիգանություն է, իսկ Նարեկը առհասարակ այդ թեմայի հետ կապ չուներ, նրան բանտարկեցին «հետույք» բառի համար: Ես կարծում եմ, որ սրանց հետ խոսելու ձևը սա է, որովհետև այդ ոճը իրենք են բերել տիրույթ, իրենց տարոնչախոյաններով ու մնացածներով: Եկեք չմոռանանք, որ վարչապետը կաթողիկոսին առաջարկում էր ցույց տալ իր առնանդամը: Այսինքն` երբ իրենք են անում մի բան, դա կարելի է, երբ արձագանքում ենք` դա խուլիգանություն է: Ամեն դեպքում տեսնելով, որ սրանց համար մարդու իրավունքները արժեք չեն, և շարունակելու են բռնաճնշումները, մեր խոսույթում կլինի որոշակի փոփոխություն: Իշխանության քարոզիչները խոսում են բավականին լկտի խոսույթով, բայց ինչպես տեսնում ենք` այդ լկտի լեքսիկոնը որևէ գնահատականի չի արժանանում: Մեր լեքսիկոնը գուցե ոչ նորմատիվ է, սակայն երբեք լկտի չէ, մենք ֆիզիոլոգիական բնույթի և այլ գռեհիկ արտահայտություններ երբեք չենք անում, ի տարբերություն նրանց սպասարկող արամավետիսյանների և գյորգիքսների»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նարեկ Նալբանդյանը եւ Դավիթ Ղազարյանը հետապնդվում են․ մանրամասներ

Նարեկ Նալբանդյանը եւ Դավիթ Ղազարյանը հետապնդվում են․ մանրամասներ Tue, 27 Oct 2026 13:51:08 +0400 Քրեական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով