«Հրապարակ»․ Միայն 21 համայնքում 112 հազարից ավելի քաղաքացի զրկվել է ընտրելու իրավունքից
Fri, 06 Nov 2026 11:15:33 +0400

Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններից հետո 8-րդ գումարման խորհրդարանը վերջին շնչում հապճեպ փոփոխություններ կատարեց Ընտրական օրենսգրքում, որոնցից մեկը վերաբերում էր ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակմանը, եւ որը շատ քննադատվեց, անգամ ընդդիմությունը դիմեց Սահմանադրական դատարան` այն Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով: Խոսքն այն մասին է, որ ընտրություններին մասնակցելու համար քաղաքացին պետք է քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ՝ դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնված լինի առնվազն 366 օր։ Այս պահանջը չբավարարելու դեպքում քաղաքացու տվյալները չեն ներառվում տվյալ ընտրության ընտրողների ցուցակում։ Նման զտումից հետո ընտրողների քանակն էականորեն նվազում է, եւ ցանկացած քվեարկության ժամանակ մանիպուլյացիաները հեշտանում են: Սա հատկապես կարեւոր է հանրաքվեների դեպքում, քանի որ հանրաքվեի ժամանակ կա «քվորում» հասկացությունը։ Անցյալում 650 հազարից ավելի մարդ պետք է մասնակցեր հանրաքվեին, որ այն կայացած համարվեր, եւ այս դրույթի պատճառով մի անգամ Հայաստանում սահմանադրության ընդունում է մերժվել` Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին: Օրենսդրական այս փոփոխությամբ Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ հանրաքվեն այսուհետ Հայաստանում կայացած է համարվելու, եթե մասնակցել է 500 հազարից մի քիչ ավելի մասնակից, ինչը հեշտացնում է սահմանադրությունն անցկացնելը:
Բայց ընտրական իրավունքի սահմանափակումն արդեն իսկ գործում է, եւ դա տարածվում է ցանկացած ընտրության, նաեւ՝ ՏԻՄ ընտրությունների վրա: Մենք տեղեկացանք, որ կատարված փոփոխությունների արդյունքում միայն հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ 112 հազար 485 ՀՀ քաղաքացի չի ունեցել ընտրելու իրավունքն իրացնելու հնարավորություն` նրանց հեռացրել են ընտրողների ցանկից։ Սրանք այն մարդիկ են, որոնք 6 ամիս չեն գտնվել Հայաստանում, օրինակ` արտագնա աշխատանքի մեկնածները, այն սփյուռքահայերը, որոնք երկքաղաքացի են, սակայն 6 ամսից ավելի Հայաստանում չեն եղել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մենք փորձել ենք պարզել, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ նշված համայնքներից յուրաքանչյուրում քանի ընտրող է եղել, եւ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին քանի քաղաքացի է ունեցել ընտրական իրավունք, որպեսզի պատկերացնենք, թե այս փոփոխության արդյունքում մոտավորապես քանի քաղաքացի է զրկվել ընտրելու իրավունքից։ ԿԸՀ-ից, սակայն, մեզ հայտնել են, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ համայնքների կտրվածքով առանձին վիճակագրություն չի վարվել։ Ընտրողների թվի վերաբերյալ տվյալները ներկայացվել են միայն ըստ մարզերի, Երեւանի եւ մայրաքաղաքի վարչական շրջանների։
Միաժամանակ, ԿԸՀ-ի փոխանցած տվյալներով՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ 21 համայնքում ընտրելու իրավունք է ունեցել 488 հազար 334 ընտրող, որից Արտաշատում ընտրելու իրավունք է ունեցել 69 հազար 269 ընտրող, Արաքսում՝ 16 հազար 672, Արմավիրում՝ 37 հազար 966, Գավառում՝ 43 հազար 605, Մարտունիում՝ 46 հազար 362, Վարդենիսում՝ 24 հազար 565, Ստեփանավանում՝ 19 հազար 278, Գառնիում՝ 9 հազար 234, Ծաղկաձորում՝ 4 հազար 736, Ֆիալետովոյում՝ 706, Շամիրամում՝ 298, Հրազդանում՝ 40 հազար 265, Ախուրյանում՝ 24 հազար 924, Արթիկում՝ 30 հազար 625, Գորիսում՝ 27 հազար 536, Մեղրիում՝ 8 հազար 301, Եղեգնաձորում՝ 24 հազար 419, Ջերմուկում՝ 5 հազար 301, Վայքում՝ 8 հազար 311, Դիլիջանում՝ 16 հազար 231 եւ Իջեւանում՝ 29 հազար 730։ Եթե հունիսի 7-ի խորհրդարանական ընտրության համեմատ ընտրողների թիվն այս համայնքներում, ընդհանուր առմամբ, նվազել է 112 հազար 485-ով, ապա հունիսի 7-ին նույն համայնքներում, ընդհանուր առմամբ, ընտրելու իրավունք է ունեցել 600 հազար 819 անձ։
Նշենք, որ, ՆԳՆ-ի տվյալներով, 2026 թվականի սեպտեմբերի 27-ի ընտրությունների ժամանակ Հայաստանում փաստացի գտնվելու օրերի սահմանված պահանջը չէր բավարարել 1 652 քաղաքացի։ Իսկ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների դեպքում, որը կայացել է ընդամենը 21 համայնքում, ընտրելու իրավունքից զրկվածների թիվը հասել է 112 հազար 485-ի։ Կարող եք հաշվել, թե ինչ ահռելի թիվ է կազմելու ողջ հանրապետությունով մեկ ընտրական իրավունքից զրկվածների քանակը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր