Հինգշաբթի , 16 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ Ֆիլմը կցրի այն ստերը, որոնք տարածում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ղարաբաղյան շարժման մասին

«Հրապարակ»․ Ֆիլմը կցրի այն ստերը, որոնք տարածում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ղարաբաղյան շարժման մասին

Thu, 16 Apr 2026 10:15:28 +0400


Շաբաթներ առաջ գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Հանրային հեռուստաընկերությունն իր հեղինակած ֆիլմը գրաքննության է ենթարկել: Պասկեւիչյանը մասնավորապես գրել էր․ «Ողորմելի հանրային հեռուստաընկերությունը, որն արդեն հինգուկես տարի բանտել ու չի ցուցադրում իմ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը, դատարանով բացառեց դրա ցուցադրության որեւէ ձեւաչափ, այդ թվում՝ դահլիճային դիտումները։ Որքան պետք է ատես սեփական երկրիդ պատմությունն ու ձեռքբերումները, որ գնաս նման մանր քայլի։ Երբ ասում եմ՝ հանրային հեռուստաընկերություն, իհարկե՝ նկատի չունեմ մանրապճեղ չինովնիկներին, ահարկու ատիչը նրանց վերեւում է, ահարկու ատիչը նա է, ով պատմություն, սրբություն, արժեք է ասպատակում արդեն բավական երկար (անտանելի երկար) ժամանակ։ Այսուհանդերձ, հուսահատ չեմ։ Ապրածս կյանքն ու ժամանակն ինձ սովորեցրել են, որ մանրապճեղները, նաեւ՝ խոշոր եղջյուրավորները, հասնում են վախճանի նշանակված վայրին… Ֆիլմը շուտով եթեր է գնալու, երբ մենք ձեզ հետ նշանակված վայր ուղարկած կլինենք մանրախնդիր ու կեղծապաշտ իշխանություններին։ Այս պատմության մեջ մի բան կարող էր ինձ վրդովեցնել։ Այն, որ դատարանի վճիռը պարտավորեցնում է վճարել 40 հազար դրամ։ Բայց ասեմ՝ ես դրան հանգիստ եմ վերաբերվում, որովհետեւ մանկուց ինձ սովորեցրել են ողորմած լինել։

Ուրեմն համարում եմ, որ 40 հազար դրամ մուծելով՝ ես ողորմություն եմ տալիս Արա Շիրինյանին (ՀՀԽ նախկին նախագահ), Վասակ Դարբինյանին (ՀՀԽ ներկա նախագահ), Արամազդ Ղալամքարյանին (Ջրային կոմիտեի նախագահ), Դավիթ Կարապետյանին (ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար)… Ու վերջում հաստատ ձեզ հետաքրքրում է, թե ինչ եմ անելու հետո։ Ասեմ, թող պինդ բռնվեն ողորմելիները, ինչպես նախկինում, ապագայում եւս ցուցադրելու եմ ամենատարբեր ձեւաչափերով։ Թող բանուգործ թողած՝ հետեւեն ու կրկին հայցեր ներկայացնեն, ես պատրաստ եմ նոր ողորմություններ բաշխելու»: Գրառումից շաբաթներ անց` երեկ, Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն անդրադարձել է Պասկեւիչյանի հայտարարությանն ու բարձրացված աղմուկին, գրելով. ««Արգելված ֆիլմն» արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում։ Ինչու ենք հիմա տեղադրում․ դատարանը վերջերս որոշում հրապարակեց, որով արձանագրվեց, որ հեղինակը խախտել է Հանրային հեռուստաընկերության հեղինակային իրավունքները։ Ավելի վաղ հեղինակը խախտել էր նաեւ ֆիլմի հանձնման ժամկետները։ Արդյունքում՝ հիմա, երբ վերականգնվել են Հանրային հեռուստաընկերության իրավունքները, Հանրային հեռարձակողի խորհրդի համաձայնությամբ ֆիլմը դարձնում ենք հրապարակային հասանելի, որպեսզի բոլորը կարողանան գնահատել այն։ Այսքանով այս պատմությունը համարում եմ սպառված»։ «Հրապարակը» զրուցել է Տիգրան Պասկեւիչյանի հետ:

– Հովհաննես Մովսիսյանը պնդում է, որ Դուք` որպես ֆիլմի հեղինակ, խախտել եք Հ1-ի հեղինակային իրավունքները, սակայն իրենք, ըստ էության, մեծահոգաբար ֆիլմը տեղադրում են Յութուբում՝ դրանով փակելով թեման:

– Ֆիլմի ժամկետի մասին իրենց գրառումները բացարձակապես կեղծիք են եւ չեն համապատասխանում իրականությանը: Ֆիլմի ժամկետը եղել է հուլիսի 24-ից հոկտեմբերի 24-ը` 90 օր: Դրանից հետո նրանք իմ եւ իրենց կողմից կնքված պայմանագիրը երկարացրել են ավելի քան 60 օր: Այժմ արդարանալու ուրիշ բան չունեն, այս ձեւով են արդարանում: Նրանց ստերին անգամ չեմ ուզում անդրադառնալ: Ինչ վերաբերում է թեմայի սպառված լինելուն, ապա ես առաջին իսկ դատական նիստի ժամանակ եմ ասել, որ հայցն արհեստական է, եթե Հանրայինն այն տեղադրի Յութուբում, այս հարցը, թեման միանգամից կսպառվի: Իրենք չհամաձայնեցին, ես անգամ գրավոր կերպով հաշտության առաջարկ էի արել, նրանք չընդունեցին: Վերջապես այս խնդիրը լուծում ստացավ, բայց ես միշտ եմ հայտարարել, որ ճիշտ տարբերակը սա է: Այն անհեթեթ պատճառաբանությունը, որ ես իրավունք չունեմ իմ նկարած ֆիլմը ցուցադրելու, քանի որ դա իրենց գույքն է, զավեշտալի պատճառաբանություն էր եւ պետք է արանքից անմիջապես վերացվեր: Վաղը եթե ինձ ինչ-որ դահլիճում հրավիրեն ֆիլմը ցուցադրելու, ես կմիացնեմ Յութուբը եւ այդ ֆիլմը ցույց կտամ: Հ1-ն ասում էր, որ ֆիլմն իր գույքն է, այնպես, ինչպես իր սեղանները, աթոռները, ափսեները…. ես չեմ կարող հիմա ասել, որ շնորհակալ եմ իրենցից, քանի որ հինգ տարի շարունակ ձգձգեցին, սակայն լավ է, որ ի վերջո այն տեղադրվեց Յութուբում:

– Ըստ Ձեզ` ի՞նչը դրդեց Հ1-ին՝ կոմպրոմիսի գնալ այս հարցում:

– Ես կարծում եմ, որ նախ հանրային մեծ հետաքրքրությունը դրդեց նրանց այդ քայլին գնալ, ինչպես նաեւ լրատվամիջոցները լավ աշխատեցին, սոցիալական ցանցերը եւ այլն, Հ1-ը հասկացավ՝ կա՛մ պետք է ընդունի, որ գրաքննություն է անում, կա՛մ ֆիլմը պետք է ցուցադրի: Որպեսզի գրաքննության փաստը չընդունեն, որոշեցին հարցն այսպես փակել: Ֆիլմը հենց այս պահին արդեն հասանելի է….

– Ի՞նչ կտա ֆիլմը հեռուստադիտողին:

– Ես ֆիլմ եմ նկարել պատմական կոնկրետ ժամանակահատվածի մասին: Առաջին բանը, որ կարող է տալ հեռուստադիտողին` գիտելիքն է: Մի քանի տարի առաջ ես մի տեղ դաս էի տալիս, ուսանողներին հարցնում էի` ի՞նչ գիտեք Ղարաբաղյան շարժման մասին։ Նրանք ոչինչ չգիտեին, հարցնում էի` գիտե՞ք Ղարաբաղ կոմիտեի մասին որեւէ բան, պատասխանում էին` ոչ: Առնվազն կարծում եմ, որ այս ֆիլմը կտա այդ գիտելիքները եւ, իհարկե, կցրի այն ստերը, որը տարածում է Փաշինյանի իշխանությունը, թե իբրեւ շարժումը ներդրվել է ԿԳԲ-ի կողմից, որ այն ռուսական պրոյեկտ է եղել եւ այլն: Ֆիլմը ժողովրդի հետեւողական պայքարի մասին է, որը 88-ի շարժումից հասավ Անկախություն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետությունը պետք է և կարող է լինել հոգևոր կյանքի երաշխավոր, բայց՝ ոչ կազմակերպիչ. Հայր Իսահակ

Պետությունը պետք է և կարող է լինել հոգևոր կյանքի երաշխավոր, բայց՝ ոչ կազմակերպիչ. Հայր Իսահակ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով