Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

3,5 տարի Դիլիջանի մշակույթի պալատը նորոգում են, հիմա նորից մրցույթ են հայտարարելու

3,5 տարի Դիլիջանի մշակույթի պալատը նորոգում են, հիմա նորից մրցույթ են հայտարարելու

Fri, 24 Apr 2026 12:15:19 +0400


Դիլիջանի բնակիչներին մտահոգում է, որ քաղաքի մշակույթի պալատի վերանորոգումը կիսատ է մնացել եւ ներկայում չի շարունակվում։ Քաղաքի կենտրոնում հառնող շենքում նորոգման աշխատանքները կատարել է «Արտդիանշին» ՍՊԸ-ն։ Դիլիջանի մշակույթի պալատի նորոգումը 2022թ․ դեկտեմբերին է սկսվել։ Այդ սուբվենցիոն ծրագրի արժեքը շուրջ 283 միլիոն դրամ է, գումարի 60 տոկոսը Դիլիջան համայնքի ներդրումն է, մնացածը՝ պետական բյուջեի։

Դիլիջանի մշակույթի պալատում տեղակայված է քաղաքային գրադարանը, որի հազարավոր գրքեր պարկերի մեջ դարսված՝ գտնվում են պալատի առաջին հարկում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին դեռեւս 2024-ին հարցում եմ արել մարզում հետաձգված սուբվենցիոն ծրագրերի մասին։ Մարզպետարանից հայտնել են․ «ՀՀ Տավուշի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկվում են ինչպես մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, այնպես էլ ՏԿԵՆ-ի համապատասխան մասնագետների կողմից: 2024 թվականին մշտադիտարկման են ենթարկվել ինչպես 2024 թվականի, այնպես էլ նախորդ տարիներին հաստատված եւ 2024 թվական տեղափոխված ծրագրերը: Մշտադիտարկման թիվը գերազանցում է 250-ը, ծրագրերից մեկում առկա է ժամկետի ուշացում (Դիլիջանի մշակույթի տան հիմնանորոգում), որի համար ձեռնարկվել են միջոցներ՝ 2025 թվականի առաջին եռամսյակում ավարտելու համար»:

2026 թվականի առաջին եռամսյակն ավարտվել է, սակայն Դիլիջանի մշակույթի պալատի նորոգումը կիսատ է` դադարեցված է։ Մշակույթի պալատում տեղակայված քաղաքային գրադարանի չգործելը մտահոգում է դիլիջանցիներին։ «Մասնակցային բյուջետավորում – 2026» գործընթացի շրջանակներում Դիլիջան համայնքում ներկայացվել է 9 նախաձեռնություն, որի մեջ էր Վիկտորիա Անդրիասյանի հեղինակած «Դիլիջան քաղաքի գրադարանի հիմնանորոգում եւ վերաբացում» նախագիծը։ Այդ ծրագրով նախատեսվում էր իրականացնել Դիլիջանի գրադարանի շենքի ամբողջական վերանորոգում եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների բարելավում՝ նպատակ ունենալով վերականգնել գրադարանի լիարժեք գործունեությունը։ Ծրագրի հեղինակը նշել է, որ ներկայում գրադարանը չի գործում, ինչը խոչընդոտում է կրթական, մշակութային եւ տեղեկատվական ծառայությունների մատուցմանը քաղաքի բնակիչներին եւ այցելուներին։ Դիլիջանի գրադարանի վերանորոգման նախագիծը չէր կարող իրականացվել «Մասնակցային բյուջետավորում – 2026» գործընթացի շրջանակում, քանի որ քաղաքային գրադարանը տեղակայված է Դիլիջանի մշակույթի պալատի շենքում, որի նորոգման սուբվենցիոն ծրագիրը կիսատ է։

Ապրիլի 7-ին Տավուշի մարզպետ Հ․ Ղալումյանին նոր հարցում եմ արել՝ Դիլիջանի մշակույթի պալատի նորոգման մասին։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Դիլիջան քաղաքի մշակույթի տան վերանորոգման շինարարական աշխատանքները կասեցվել են անբարեխիղճ շինարարի պատճառով: Հայտարարվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նոր մրցույթ: Կա հաղթող կազմակերպություն: Փաստաթղթերի պատրաստ լինելուց հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ: Այլ մանրամասների համար կարող եք դիմել համայնքապետարան»: Մի քանի տարի առաջ Դիլիջանի Գետափնյա փողոցի բազմաբնակարան շենքերը ջերմամեկուսացնելու ծրագիրը շահեց «Արտդիանշին» ՍՊԸ-ն, որն այդ աշխատանքներն անորակ արեց։ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն այս տարի Դիլիջան այցելած Նիկոլ Փաշինյանին զեկուցեց, որ կատարած վատ աշխատանքի համար ծրագրից 20 միլիոն դրամը չեն փոխանցելու այդ ընկերությանը։ Ինչպե՞ս ստացվեց, որ Դիլիջանի մշակույթի պալատի նորոգման մրցույթն էլ շահեց նույն ընկերությունը՝ «Արտդիանշին» ՍՊԸ-ն, եւ վերստին ձախողեց շինարարական աշխատանքները։ Պարզ է, որ ծրագրի պատվիրատուները՝ կառավարությունը եւ Դիլիջանի համայնքապետարանը, սուբվենցիոն ծրագրի վերահսկողությունը վատ են կատարել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դիլիջանը ո՞նց կմրցի եվրոպական քաղաքների հետ

Դիլիջանը ո՞նց կմրցի եվրոպական քաղաքների հետ Tue, 14 Apr 2026 13:45:11 +0400 Տուրիստական Դիլիջան քաղաքն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով