Ե՛վ մեր, և՛ «Ուժեղ Հայաստանի» գերնպատակը մեկն է՝ հեռացնել գործող թրքամետ վարչախմբին
Thu, 30 Apr 2026 21:45:00 +0400

«Հրապարակի» զրուցակիցը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է։
– «ՀայաՔվեն» և «Ուժեղ Հայաստանը» որոշել են մեկտեղել ջանքերը՝ ԱԺ 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը և նոր ազգային իշխանության ձևավորմանը։ Համագործակցության հուշագիր եք ստորագրել։ Ճանապարհային ի՞նչ քարտեզ ակնկալենք այս «քաղաքական հերթական ամուսնությունից»՝ հաշվի առնելով, որ համաձայնել եք միասին իրականացնել նախընտրական քարոզարշավը։
-Ե՛վ մեր, և՛ «Ուժեղ Հայաստանի» գերնպատակն այսօր մեկն է՝ գործող թրքամետ վարչախմբի հեռացումն ու նոր ազգային իշխանության ձևավորումը։ Այս պահին, մեր գնահատմամբ, ընդդիմության շարքերի ակնհայտ առաջատարը հենց «Ուժեղ Հայաստան» դաշինքն է։ Իր էությամբ և առաջնորդի որակներով այն համապատասխանում է նաև «ՀայաՔվեի» այն ծրագրային դրույթին, ըստ որի՝ մենք համագործակցություն ենք ծավալելու առողջ ազգային ուժերի հետ։ Ըստ հուշագրի՝ մենք և՛ համատեղ քարոզարշավ, և՛ ընտրությունների համատեղ վերահսկողություն ենք իրականացնելու, իսկ դա կարևորագույն աշխատանք է։ «ՀայաՔվեն» արդեն երեք տարվա ինստիտուցիոնալ կառույց է՝ իր հստակ ազգային-ժողովրդավարական գաղափարախոսությամբ, ծավալուն քարոզչական և կազմակերպչական ռեսուրսներով, մոտ քսան տարածքային գրասենյակներով, արհեստավարժ մասնագետների թիմով, և այս ամենը կարող են էապես նպաստել ընտրարշավի որակյալ անցկացմանը, և մինչ այժմ չկողմնորոշված բազմաթիվ ընտրողների ներգրավմանը։
– «Միասնության թևերի» հետ ձեր համագործակցությունը գրեթե երկու շաբաթվա կյանք ունեցավ։ Բացառու՞մ եք, որ այս դաշինքին այդպիսի ճակատագիր է սպասում։ Գաղափարական բոլոր սկզբունքային ընդհանրություններն ու «կարմիր գծերը» հանգամանորեն հաշվի՞ են առնված։
-«Միասնության թևերի» հետ մեր հուշագրի գործողությունն ավարտելու մասին հանդես ենք եկել համատեղ հայտարարությամբ և պարզաբանել մեր որոշման պատճառները, դրանք առաջին հերթին ծրագրային էին։ Մենք ի սկզբանե՝ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին, առաջարկել էինք բոլոր առողջ ազգային ուժերին միավորվել և մեկ միասնական ճակատով գնալ այս ընտրություններին։ Մեզնից անկախ պատճառներով՝ այդպիսի լայն միավորում չստացվեց։ «ՀայաՔվե»-ն մինչև առաջադրումների վերջին օրը ջանք է թափել՝ ընդդիմության շարքերի հնարավոր կոնսոլիդացման, առանձին փոքր ուժերով չմասնակցելու և ձայն չփոշիացնելու համար։ Դա է պատճառը, որ որպես առանձին ուժ՝ մենք չենք առաջադրվել, թեև, բնականաբար, ունեինք դրա հնարավորությունը։ Մեզ համար ակնհայտ է, որ առողջ ընդդիմության՝ ընտրություններին միավորված գնալու պարագայում իշխանափոխությունը շատ ավելի իրատեսական է, քան առանձին-առանձին մասնակցելու և հարյուր հազարավոր ձայներ «փոշիացնելու» դեպքում, ինչպես դա եղավ 2021 -ին։ Եվ «Ուժեղ Հայաստան»-ի հետ ոչ միայն մեր, այլև այլ քաղաքական ուժերի կնքած հուշագրերը, ինչպես նաև այլ կուսակցությունների հայտնած աջակցությունը վստահություն է ներշնչում, որ միասնական և կենտրոնացված ընդդիմադիր ակտիվությունը առավելագույնս կոգևորի ընտրողին, և լավագույն արդյունք կապահովի։
-Հռչակել եք նաև, որ համատեղ կիրականացնեք ընտրական գործընթացի օրինականության վերահսկողությունը։ Այս վարչախմբի շարունակական ապօրինությունների, բռնաճշումների և քաղաքական հետապնդումների պարագայում՝ վերահսկողության ինչպիսի՞ արդյունավետ գործիքակազմ եք նախատեսում։
-Հիշեցնեմ, որ անգամ վարչախմբի բռնաճնշումների պարագայում «ՀայաՔվեն» հաջողությամբ իրականացրել է ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելություն Գյումրիում, Փարաքարում և Վաղարշապատում։ Մենք Հայաստանում ամենամեծ դիտորդական ցանցն ունեցող կազմակերպությունն ենք։ Վարչախումբն այնքան ահաբեկվեց մեր դիտորդների աշխատանքից, որ ԱԺ-ում հապշտապ օրենք ընդունեցին, որի իմաստը հենց «ՀայաՔվեին» դիտորդության իրավունքից զրկելն էր։ Մենք հարյուրավոր պատրաստված և արհեստավարժ դիտորդներ ունենք, կարճ ժամանակում նրանցից շատերը կվերաորակվեն որպես վստահված անձինք և կպահեն մեր ընտրողների ձայները՝ վերահսկելով և՛ նախընտրական քարոզչության, և՛ քվեարկության, և՛ ձայների հաշվարկի ընթացքը։
– Մինչև Փաշինյանն ու նրա խմբակը թիրախավորում է ընդդիմությանը, սպառնում, նրա ընդդիմախոսների ներսում էլ ամեն ինչ հարթ չէ․ տեսնում ենք նախկին նախագահների թիմերի միջև քաղաքական «փոխհրաձգությունները»։ Խոսվում է մանր տրամաչափի կուսակցությունների և գործիչների մասնակցության բուն պատճառների՝ ընդդիմության ձայները փոշիացնելու վտանգի մասին։ Ի վերջո, ինչպե՞ս կանխել այս միտումը։
-Նախկին նախագահների թիմերի միջև տարաձայնությունները մեր գործը չէ, այդտեղ մեկնաբանելու որևէ բան մենք չունենք։ Ինչ վերաբերում է ձայն փոշիացնելու ռիսկերին, ինչպես արդեն ասացի՝ «ՀայաՔվեն» այդ մասին շարունակաբար է բարձրաձայնել, և առանձին չմասնակցելու մեր որոշումը հենց այդ մտահոգությամբ է պայմանավորված։ Սակայն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ մասն այս պահին այդ վտանգի առաջ է, երբ, ըստ վստահելի սոցհարցումների, նրանք անցողիկ շեմը չեն հաղթահարում, եթե առանձին են մասնակցում ընտրություններին։ Այդպես եղավ նաև 2021-ին, երբ ավելի քան 250 հազար ընդդիմադիր ձայներ փոշիացվեցին, դրա արդյունքում վարչախումբը Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ստացավ։ Դեռևս մոտ մեկ ամիս կա, և ես հույս ունեմ, որ քաղաքական ողջամտությունը կհաղթանակի, ու այդ ուժերի գոնե մի մասը դուրս կգա ընտրարշավից՝ իր ձայները տալով առաջատար ընդդիմադիր ուժերին և դրանով ապահովելով վարչախմբի նկատմամբ հաղթանակը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր